Ահա թե ինչու արցախցիները լքեցին իրենց հայրենիքը. միջազգային կազմակերպությունների զեկույց

  • 18:11 01.07.2024

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը։

Զեկույցը պատրաստվել է Freedom House-ի, Մարդու իրավունքների միջազգային գործընկերության, Ժողովրդավարության առաջխաղացման հիմնադրամի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի, Զարգացման և իրավունքների հիմնադրամի, Իրավունքներ առանց սահմանների և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունը արձանագրել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, միջազգային մարդասիրական և քրեական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմերի լուրջ խախտումներ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիս ընկած իրադարձությունների ընթացքում։

Ադրբեջանցիների գործողությունների և հռետորաբանության վերլուծությունը՝ զուգորդված Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի ապրած փորձի հետ, ողջամիտ հիմքեր է տալիս եզրակացնելու, որ նրանց բռնի տեղահանումը եղել է միտումնավոր, ասվում է զեկույցում։

Ադրբեջանական պետությունը մեթոդաբար պարտադրել է կենսապայմաններ, որոնք նպատակ ունեին կա՛մ ժամանակի ընթացքում ոչնչացնել հայ բնակչությանը, կա՛մ անհնարին դարձնել նրանց մնալն ու գոյատևումը, նշում են զեկույցի հեղինակները։

Արտաքսումից անմիջապես հետո ադրբեջանցի պաշտոնյաների պաշտոնական վարկածը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը «լուծվել է» և «արդարությունը վերականգնվել է», վկայում է այն մասին, որ դա եղել է սկզբնական նպատակը։ «Միջազգային նորմերի համառ անհնազանդությունը և շարունակական խախտումները, չնայած միջազգային դատապարտմանը, նույնպես վկայում են հայ բնակչությանը տեղահանելու Ադրբեջանի կառավարության մտադրության մասին», – ասվում է զեկույցում:

Հեղինակները կարծում են, որ Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին՝ նախկին Հարավսլավիայի հակամարտության նախադեպով: Դրանք ներառում են արտադատական ​​սպանություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ և կալանավորումներ, սննդի և կյանք փրկող դեղամիջոցների հասանելիության սահմանափակում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանում և արտաքսում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակման սպառնալիքներ խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, գույքի անտեղի ոչնչացում։

Փաստահավաք առաքելությունը գտել է, որ կան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու, որ այս պրակտիկան, ինչպես նաև սույն ամփոփագրում նշված այլ գործողությունները, հանցագործություններ են՝  համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ ուղղված հանցագործությունները) և 8-րդ հոդվածը  (ռազնական հանցագործություններ) և համահունչ են տեղահանության կամ բնակչության բռնի տեղափոխման սահմանմանը:

Ադրբեջանում ներպետական ​​հետապնդումների բացակայությունը ընդգծում է միջազգային իրավական վերահսկողության և հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը։ Հեղինակներն առաջարկում են, որ գործը փոխանցվի ՄՔԴ՝ ապահովելու մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում այս սարսափելի արարքների համար պատասխանատու անձանց համար, ասվում է զեկույցում։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանի իշխանությունը ամենաբարձր մակարդակով մեղադրեց հենց Արցախի ժողովրդին Արցախից դուրս գալու համար, իբր՝ նրանք, լսելով իրենց ռուսամետ առաջնորդներին, լքեցին իրենց հազարամյա հայրենիքը, որպեսզի իշխանափոխություն կատարեն Երևանում։ Դեռ ավելի վաղ՝ 2023 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի նիստում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ղարաբաղի հայ բնակչության կյանքին վտանգ չի սպառնում։

Այս ցինիկ գնահատականները ցնցեցին ոչ միայն արցախցիներին, ովքեր չէին պատկերացնում, որ պետք է Երեւանում բացատրեն, թե ինչու են լքել Արցախը։ Դա ցնցեց նաև միջազգային կազմակերպություններին, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչու Հայաստանի վարչապետը չի ցանկանում ընդունել, որ Արցախում եղել է ոչ թե պարզապես ցեղասպանության սպառնալիք, այլ ցեղասպանություն։ Եվ դա իրականացրել են Ալիեւի ու Պուտինի ռեժիմները։ 

Միջազգային ազդեցիկ կազմակերպությունների նման զեկույցից հետո Հայաստանի կառավարությունը պարտավոր է միանալ միջազգային հանրությանը և դատի տալ ցեղասպանություն իրականացնողներին ու ռազմական հանցագործներին։ Բայց, դատելով հայտարարություններից, Հայաստանի կառավարությունը մտադիր է հետ կանչել նույնիսկ այն հայցերը, որոնք մինչ այժմ ներկայացվել են միջազգային ատյաններում։

f