Step1.am-ի հյուրն է՝ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղավերստական ղեկավար եւ ռեժիսոր Ժաննա Կրիկորովան։
Ես ծնվել եմ Ռուսաստանի Հեռավոր Հյուսիսում, Նորիլսկում, այն ժամանակ այս քաղաքը համարվում էր աշխարհի ամենահյուսիսային քաղաքը: Երբ 16 տարեկան էի, ընտանիքս տեղափոխվեց Երևան, որտեղ ավարտեցի միջնակարգ դպրոցը, այնուհետև ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝ ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Իմ բոլոր մայրական և հայրական նախնիները ղարաբաղցի են։ Ամառային արձակուրդներին մենք միշտ գալիս էինք այստեղ, իսկ Ստեփանակերտում մեզ ասում էին “դաչնիկներ”։ Այնպես որ, իմ ամբողջ կյանքը կապված է Արցախի հետ։
90-ականների հենց սկզբին ես ստիպված էի հեռանալ այն դպրոցից, որտեղ աշխատում էի համալսարանն ավարտելուց հետո։ Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցն, ինչպես Երևանի ռուսական մյուս դպրոցները մի ակնթարթում հայկականացան, նոր տնօրեն նշանակվեց՝ ՀՀՇ կուսակցության անդամ, ում հետ կոնֆլիկտ ունեցա, որն էլ որոշեց իմ հետագա ճակատագիրը։ Ես մտա լրագրության և հասարակական ոլորտ: Այնպես որ, Արցախի հետ հարաբերությունները դուրս են եկել ազգակցական-բարեկամական կապերի մակարդակացից, եւ այն ժամանակվանից իմ մասնագիտական ողջ գործունեությունը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ։
2005 թվականին վերջնական տեղափոխվեցի Արցախ՝ հրավիրվեցի աշխատելու արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատեցի մինչև 2012 թվականը։ Ապրել եմ Շուշիում։ Բայց եկավ պահը, երբ հասկացա, որ այն ամենը, ինչ անում եմ, ինչի վրա ժամանակ և ջանք եմ ծախսում, չի տալիս սպասված արդյունքը։ Եվ ես որոշեցի վերադառնալ դասախոսության:
Մեսրոպ Մաշտոց համալսարանն իր դռները բացեց իմ առաջ, որտեղ զբաղեցրի ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոն։ Իսկ առաջին նախագիծը, որ սկսեցինք աշակերտական խորհրդի հետ, «Թափառող շան նկուղը» բանաստեղծական ներկայացումն էր։ Այսպես ծնվեց մեր «Թափառող շուն» արթ-ստուդիան, ու ուսանողական թատրոնը դարձավ իմ կյանքում գլխավորը։ Ի սկզբանե թատրոն ստեղծելու նպատակ չկար, ուղղակի ուզում էի երիտասարդներին ներգրավել բարձր գրականության տարածություն, օգնել նրանց բացահայտել իրենց, ցույց տալ ինքնազարգացման ու ինքնաճանաչման ուղիներից մեկը։
Մինչեւ 2020 թվականը մեր արթ-ստուդիան թողարկել է գրեթե երկու տասնյակ ներկայացումներ, այդ թվում՝ մանկական ստուդիան, որը բացել ենք 2017 թվականին։ Դրանք հիմնականում բանաստեղծական ներկայացումներ էին և հեքիաթներ երեխաների համար։ Ես ինքս եմ գրում պիեսները, բայց ոչ թե այն պատճառով, որ գործնականում բանաստեղծական պիեսներ չկան, այլ շատ ավելի կարևոր պատճառով՝ քանի դերասան կա այս պահին, այդքան դեր պետք է լինի բեմում։ Մենք երբեք քասթինգ չենք արել, աշխատել ենք ցանկացողների հետ, որոնց աչքերը վառվում էին, ովքեր պատրաստ էին հաղթահարել իրենց։
Պատերազմն իր ուղղումները մտցրեց. ես կորցրել եմ ամեն ինչ՝ և՛ տունը, և՛ փաստագրական հիշողությունը իմ ընտանիքի, իմ, երեխաներիս ողջ կյանքի մասին, այս ամենը թաղվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Շատ դերասաններ գնացին, ես ինքս, ճակատագրի կամոք, խրվել եմ Երեւանում։ Բայց երբ իմ կյանքում հայտնվեց ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Սերգեևիչ Բորդովը, ում հետ ինձ կապեց մեր ստուդիայի դերասանուհի Էմմա Օգոլցովան, մեր թատերական կյանքում, կարելի է ասել, նոր փուլ սկսվեց։
Ալեքսանդր Սերգեևիչն առաջարկել է ուսանողական թիմի հիման վրա ստեղծել Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը։ Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցի այս առաջարկը, վերադարձա Արցախ և գրեթե անմիջապես սկսեցի աշխատել նոր ներկայացման վրա։ Այսպես ծնվեց մեր թատրոնը, որը, իհարկե, դեռ ձևավորման փուլում է, բայց մեկ տարում թողարկեցինք 4 ներկայացում, և մոտ ապագայում նախատեսվում է ևս մեկ պրեմիերա։ Հավանաբար, կարևոր է նշել, որ վերջին երեք ներկայացումները թողարկվել են շրջափակման պայմաններում։ Իհարկե, ժանրային դաշտն ընդլայնվել է. չէ՞ որ թատրոնը դրամա է, բայց պոեզիան էլ չի մոռացվել՝ վերջերս կայացած պրեմիերան՝ «Բարձրաձայն» պիեսը սոցիալական դրամա է՝ հիմնված Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության վրա։
Թատրոնը պետք է տուն ունենա։ Ոչ միայն այն պատճառով, որ թատրոնը կոչվում է արվեստի տաճար։ Թատրոնը ամենամեծ առեղծվածն է, այն կախարդանք է, երբ քո աչքի առաջ տեղի է ունենում ողջ աշխարհի ծնունդն ու մահը։ Իսկ Ստեփանակերտում թատրոնները տուն չունեն. Այո, իհարկե, մեր Փափազյանի անվան պետական թատրոնը Երիտասարդական պալատի փոքրիկ դահլիճում գրեթե ոչնչից կարողացավ թատերական բեմ ստեղծել։ Բայց նույնիսկ սա շատ հեռու է թատրոն համարվելուց, այնպիսի թատրոնից, որը եղել է Ստեփանակերտի հին թատրոնը, որը Ստեփանակերտի ավագ սերունդը հիշում ու վերհիշում է կարոտով։ Նրանք թատրոն էին գնում, ասես տոն լիներ. տղամարդիկ հագնում էին իրենց պաշտոնական կոստյումները, կանայք՝ իրենց ամենանրբաճաշակ զգեստները, դերասանները հարգվում էին որպես ազգային հերոսներ, իսկ ներկայացման ծրագրերը պահվում էին որպես գեղեցիկի հետ հանդիպման թանկագին հիշողություն։ Մենք կորցրել ենք այս մշակույթը, հարգանք չունենք թատրոնի նկատմամբ՝ որպես տաճարի, նորմալ ենք համարում 15 րոպե և ավելի ուշանալը, թույլ ենք տալիս մեզ խոսել բեմում գործողության ժամանակ, սկսում ենք հեռախոսը առաջին րոպեներից սեղմել, քանի որ ժամանակակից դիտողի համար գլխավորը սոցցանցում նկարներ տեղադրելն է՝ որպես ապացույց, որ դու մասնակցում ես մշակութային միջոցառումներին, այլ ոչ թե այն, ինչ դրանից ես քաղում:
Ռուսական դրամատիկական թատրոնը դեռ անօթևան է, մենք ունենք ընդամենը մի փոքրիկ արհեստանոց, որտեղ մենք պրեմիերային ընդառաջ փորձեր ենք անում, մեզ հաջողվում է բեմում աշխատել, լավագույն դեպքում, մեկ շաբաթ: Ինչ արած, հյուրերի կարգավիճակով ենք աշխատում, և մեզ տրամադրվելիք բեմը գրեթե միշտ զբաղված է։ Բայց Փափազյանի անվան թատրոնն երբեմն մեզ շատ է օգնում, ինչի համար շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանին։ Նաև հաճախ փորձերի դահլիճը մեզ տրամադրում է Ազնավուրի անվան Մշակութային կենտրոնը։ Բայց կենտրոնի դահլիճը սարսափելի վիճակում է, գրեթե վթարային, և, բացի այդ, բեմն ամբողջովին ոչ թատերական է, ինչը գրեթե զրոյացնում է բերում ներկայացման դիտարժանությունը։
Կարելի է երկար-բարակ խոսել Ստեփանակերտի թատրոնի խնդիրների մասին. ֆինանսական միջոցների սղություն, բեմադրության, ձայնային և լուսային ձևավորման ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի բացակայություն, դերասաններ, ռեժիսորներ չկան, սա մի առանձին զրույցի թեմա է։ Բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվում է բեմադրություններ անել, կարողանում ենք հիացնել ու զարմացնել հանդիսատեսին։ Եվ դա տեղի է ունենում դերասանների խանդավառության, թատրոնին ծառայելու և ցանկացած առաջադրանք կատարելու պատրաստակամության շնորհիվ. չէ՞ որ նրանք պետք է լինեն և՛ բեռնիչներ, և՛ ատաղձագործներ, և՛ նկարիչներ, և՛ դեկորատորներ։ Դա տեղի է ունենում մեր հանդեպ ունեցած հավատի և մեր տնօրեն Ալեքսանդր Բորդովի աջակցության և Յուրի Նավոյանի, իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանի գլխավորած «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցության և «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի շնորհիվ։ Եվ ամենակարեւորը, քանի դեռ հասարակության մեջ թատերական արվեստի հսկայական պահանջարկ կա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: