93 տարեկան Ազնիվ Հայրիյանը կարոտով ու թախիծով է հիշում Արցախը` Հադրութը, որտեղ ամուսնացավ և ծնվեցին նրա երեխաները: Վաղ դպրոցական տարիներն անցկացրել է Տոնաշեն գյուղում: 1954թ. ավարտել է գյուղատնտեսական տեխնիկոմը և աշխատանքի անցել Հադրութի շրջանում:
Դեռ մանկությունից լսում էր պատմություններ, թե ինչպես են Արևմտյան Հայաստանում հայերին սպանել. «Հայրս նկարագրում էր, ու ես չէի ուզում ադրբեջաներեն սովորել: Քաշվում էի ադրբեջանցիներից: Սումգայիթի ջարդերից մի քանի օր անց Ֆիզուլիի շրջանում մեր բարեկամներին տարան թաքցրին: Սովետական միության տարիներին իրար հետ շփում կար: Շարժումը սկսվելուց հետո ատելությունը փոխադարձ էր»:
Ազնիվ Հայրիյանի հիշողության մեջ պատերազմն է` իր բոլոր դրվագներով, մանրամասներով. «1990-ականներին իմ տեգվոր տղան զինվորական էր: Միշտ իրար օգնում էինք, համախմբված էին մեր գյուղացիները: Երկու տղաներս էլ մասնակցել են պատերազմին: Մի առավոտ մեր գյուղի վրա հարձակվեցին, երեխաներիս ասացի` Արմո’, այսօր մեր օրը չէ, հարձակվելու են մեզ վրա, գրադը խփում էր… Տղաս գլուխը դնում էր ծնկներիս… Տունը քանդվել էր, պատերազմի վերջանալուց հետո նորից կառուցեցինք, դուռն էլ չենք փակել, մի հատ շոր անգամ չենք վերցրել, ասել ենք` դե նորից Երևանից կգանք մեր տուն, բայց չկարողացանք գալ»:
Ազնիվ Հայրիյանի խոսքով` 1945թ. ադրբեջանական քոչվոր ցեղեր եկան Հադրութ. «Մեզ ասում էին` ուզում ենք մի տեղ նստենք բնակչություն հաստատենք: 1945 թ․ եկան Տող ու սկսեցին ապրել, տներ կառուցել: Մի օր լսում եմ, որ ադրբեջանցիները տղայիս բռնել են շարժման ժամանակ ու ծեծել: Ասում եմ` ի՞նչ եք անում: Եկել եք մեր հացը կերել, մեր տանը մնացել ու իմ երեխային ծեծո՞ւմ եք: Բազմաթիվ չարչարանքներից հետո ազատեցինք երեխայիս»:
«Ես Ստեփանակերտում էի, երբ զանգեցին և աացին, որ չգամ, ադրբեջանցները գյուղում կոտորում էին մարդկանց: Այդ ժամանակ մեր գյուղացին գալիս է Տումի, մեքենան շրջում են քցում ձորը, թակում վարորդին, սպանում, այդտեղից արդեն սկսում են կռվել: Գիշերը մի ընտանիքի մորթել էին… Երկու տղա երեխաները թաքնվել էին մահճակալի տակ ու ողջ մնացել»,-վերհիշում է ծանր դրվագները:
Ներկայումս Ազնիվ տատիկն ապրում է Երևանում` անսահման կարոտելով ծննդավայրը: Միակ երազանքն ու ցանկությունն է Արցախում նշել իր 100-ամյա հոբելյանը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: