Վաշինգտոնը չնկատելու է տալիս Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

  • 13:30 02.07.2024

Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։

Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է շարունակական ներգրավվածություն։

Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։ Ադրբեջանցի իրավապաշտպանների ուսումնասիրության համաձայն, ճաղերի ետևում են գտնվում տասնյակ լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավատացյալներ։

Հայտնի չէ, արդյո՞ք, խոսելով քաղբանտարկյալների մասին, Վաշինգտոնը նկատի ունի նաեւ հայերին։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Բաքուն ակնհայտորեն նրանց օգտագործում է որպես պատանդ՝ քաղաքական հարցերը լուծելու համար։

Հայկական “Փաստ”-ն այսօր գրել է․ “Մեր զրուցակիցներից մեկը նշել է, որ ՔՊ-ականների շրջանում լուրջ կասկածներ կան նաև առումով, թե ինչո՞ւ հանկարծ հրապարակ նետվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի /գտնվում էԲաքվի բանտում/ հարցազրույցի թեման, ինչո՞ւ այդ հարցազրույցն այդպես էլ Ադրբեջանը չհրապարակեց: Նրանք անհանգստանում են, որ գուցե ճիշտ են այն մտավախությունները, թե այս պարագայում գործ ունենք ուղիղ շանտաժի հետ, այսինքն՝ Փաշինյանը լուռումունջ կատարում է Ադրբեջանի պահանջները, որ ինչ-ինչ տեղեկություններ ջրի երես դուրս չգան»:

Բացի այդ, Վաշինգթտոնը, Բաքվի հետ հարաբերություններում շեշտելով միայն քաղբանտարկյալների հարցը, “ջրում է” Արցախի, Նախիջեւանի հետ կապված հարցերը, չնկատելու տալով եւ չմեղադրելով Ալիեւին ուժային լուծումների, ագրեսիայի, էթնիկ զտումների համար։ Ի դեպ, հայտնի միջազգային կազմակերպությունները երեկ Երեւանում զեկույց են հրապարակել, որը հաստատում է՝ Արցախում տեղի ունեցածը մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ են։