Սարգիս Խալափյանը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեղահանվեց հայրենի գյուղից։ 1992-ին էր․ թշնամին զավթել էր Թալիշը։ Փոքր էր, սակայն հիշում է՝ ոնց էին հեռանում։ 1994-ի ապրիլի 14-ին գյուղն ազատագրվեց թալիշցիների ինքնապաշտպանական ջոկատների շնորհիվ։ Թալիշն ազատագրվելուց հետո Խալափյանները Հայաստանից վերադարձան, սակայն բնակություն հաստատեցին Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, իսկ 2003-ին տեղափոխվեցին Քարվաճառ՝ բոլոր այդ տարիների ընթացքում պահպանելով կապը հարազատ գյուղի ու բարեկամների հետ։
2016-ին Խալափյանների գերդաստանը կորուստներ ունեցավ․ թշնամին մտել էր Թալիշ ու գնդակահարել նրանց մոտ ազգականներին։ Հուղարկավորությունից հետո Սարգիսը մարտական դիրքերում էր։
2020-ի սեպտեմբերը նորից անտուն և անօթևան թողեց Խալափյաններին։ 44-օրյա պատերազմի հետևանքով նրանք կրկին տեղահանվեցին ու բնակություն հասատատեցին Ստեփանակերտում։ Կորցրին և՛ Թալիշը, և՛ Քարվաճառը։ Իսկ 2023-ի սեպտեմբերին դարձան եռակի տեղահանված։ Սեպտեմբերի 27-ին Արցախից տեղահանվելուց հետո Սարգիս Խալափյանի ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ծնողներն ու եղբայրները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ցիրուցան է եղել Խալափյանների շեն գերդաստանը։
2020-ի պատերազմի առաջին իսկ օրից Սարգիսն արդեն “Շահեն Մեղրյան” ջոկատում էր և մինչև նոյեմբերի 10-ը զենքը ձեռքից ցած չդրեց: Մինչև հոկտեմբերի 23-ը շահումյանցիների ջոկատի տղաներով Մարտակերտի պաշտպանական շրջանի դիրքերում էին: Հետո տեղափոխվեցին Ավետարանոց-Քարին տակ-Շուշի բնագծերը: Կռվում էին անհավասար ուժերի հետ, թշնամու ԱԹՍ-երի, նորագույն տեխնիկայի, ծանր հրետանու լայնամասշտաբ գործողությունների դեմ անզոր էին մեր ուժերը:
-2020-ին, երբ սկսվեց պատերազմը, երբեք չէի կարող մտածել, որ ադքան ցավալի ավարտ կունենա: Իսկ 2023-ի սեպտեմբերը գետնին հավասարեցրեց մեր կերտած բոլոր հաղթանակները, կոտրվեց արցախցու մեջքը։ Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք ինքներս մեզ ու հիմա փորձում ենք վերածնվել, շարունակել կրկին ստեղծել։
2020-ի պատերազմի ժամանակ ընտանիքս Հայաստանում էր։ Երբ Քարվաճառն անցավ թշնամու վերահսկողության տակ, ես չցանկացա հեռանալ Արցախից։ Մտածեցի, որ դեռ պետք եմ իմ երկրին, երեխաներս պետք է Արցախում սովորեն ու ապրեն։ Առանց երկմտելու ընտանիքս տեղափոխեցի Ստեփանակերտ ու աշխատանքի անցա ԱՀ ՊԵԿ Ասկերանի շրջանի հարկային տեսչության վարչության պետի պաշտոնում:
Դժվար ժամանակներ էին։ Ժողովուրդը մի կերպ սկսել էր հաղթահարել հետպատերազմյան դժվարությունները, ու հանկարծ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ամեն ինչի պատրաստ էր արցախցին, միայն թե հայրենիքում ապրի, սակայն եղավ ամենաաղետալին։ Այսօր մենք հայտնվել ենք մեր երկրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ապրում ենք հիշողություններով ու վերադարձի հույսով,-ասում է Սարգիսը, ապա ավելացնում, որ Քարվաճառը հանձնելուց մեկ օր առաջ՝ 2020-ի նոյեմբերի 23-ին, նկարվել է Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, որը որպես թանկ հուշ միշտ իր հետ է։
Արցախում ամեն անգամ զրուցելով Սարգսի հետ՝ զարմանում էինք, որ այդքան լավատես է։ Տուն կորցնել, թողնել տարիների վաստակն ու դատարկաձեռն հեռանալ, շատ դժվար է։ Սակայն Սարգսին՝ թալիշեցու անկոտրուն ոգով մեծացած ու դաստիարակված արցախցուն, երբեք վհատված չտեսանք։ Այժմ, երբ ինքներս ենք բռնատեղահանվել, մեր մաշկի վրա ենք զգում, թե ինչքան ծանր ու դաժան է տեղահանված լինելը։
Երեք անգամ տունուտեղ կորցրած մարդը պատրաստվում է չորրորդ անգամ տուն ստեղծել։ Հայաստանից բացի ուրիշ ոչ մի տեղ նա չի պատկերացնում իրեն։ Երկու դուստրերը, որ դպրոցահասակ են, միայն այստեղ կարող են պատշաճ ուսում ու հայեցի դաստիարակություն ստանալ։ Մտածում է տուն ձեռք բերել ու մշտական բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։
-Արցախյան պատերազմների ընթացքում հազարավոր տղաներ զոհվեցին։ Մենք մեր կյանքով նրանց ենք պարտական, ցավ ենք ապրում, որ նրանց շիրիմները մնացին գերության մեջ։ Կորստի վերքերը երբեք չեն սպիանում, պարզապես սովորում ենք վերքերով ապրել։ Մենք՝ արցախցիներս, որտեղ էլ լինենք, պարտավոր ենք արժանապատիվ ապրել, ամենուր պահել արցախյան կոլորիտը, բոլոր արժեքներն ու ավանդույթները։ Արցախի կորուստը պետք է միավորի բոլորիս, դարձնի միասնական, որ կկարողանանք հաղթահարել դժվարությունները, մտածել ապագայի մասին։ Երբեք չպետք է մոռանանք մեր անցյալը ու մեր սերունդների մեջ սերմանենք արցախցու անկոտրուն ոգին և արցախցի լինելու հպարտ զգացողությունը, – ավելացնում է Սարգիսը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: