Գնում ենք դեպի աշուն, դեպի նոր մի սադրանք ու սպառնալիք, այո´ հենց սպառնալիք, քանի դեռ ակնհայտ չկան դրա ռիսկերի գնահատականն ու ռիսկերի զսպման մոտեցումները։
Ցեղասպան Բաքուն Շուշիում ներդրել է էլեկտրական ավտոբուսներ՝ որպես կլիմայի գլոբալ փափոխման դեմ կանաչ քաղաքականության նշան։ Նավթի վաճառքի վրա ճկուն ու հեռահար քաղաքականություն տանող Բաքուն աշնանը աշխարհին կներկայանա որպես գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ ներքին քաղաքականություն վարող պետություն։ Ու ոչ միայն։ Բաքուն ամեն առիթ օգտագործում է աշխարհին ներկայացնելու իր կեղծ ու հորինված խոսույթները ինչպես Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ, կամ Շուշի քաղաքի հիմնման մասին կեղծիքներն է միջազգայնացնում, տալով քաղաքին տարատեսակ կենտրոնների կարգավիճակ ու գրանցելով իր հորինված մտքերը, մյուս կողմից, ավերելով Արցախ աշխարհը՝ տալիս է կեղծ տեղեկություն՝ Արցախի ավերված վիճակը վերագրելով հայկական կողմին։ Բայց Բաքուն սրանով էլ չի բավարարվի։
Բաքուն փորձելու է COP29-ի շրջանակում թե անտեղյակ աշխարհին, թե ծախու կողմին ներկայանալ իր «անմեղ ու նվիրյալ», աղավնի խեղդած էկոակտիվիստների կերպարով՝ կրկին։ Բաքուն այդ կերպարը մեկ անգամ չէ, որ օգտագործել է ընդդեմ հայության, դրանով էլ արդարացրեց Արցախի Հանրապետության հայաթափումը, երբ ակնհայտ ծուղակի մեջ ներառեց անհեռատես ու միամիտ հայությանը։
Բաքուն, օգտվելով իր նպատակասլաց ու պետականամետ տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից, այսօր արդեն պատրաստում է աշխարհին ներկայացնելու և մատուցելու Հայաստանի իր ստեղծած կերպարը։ Օգտվելով նաև հայկական կողմի իշխանավորների ինքնագոհ ու քնկոտ հոգեվիճակից, կլիմայի փոփոխության կասեցման ֆոնին Հայաստանի համար մի մեղավոր կերպար կհորինի ու կմատուցի իրեն բնորոշ «նվիրվածությամբ»։
Հայկական պետական անվտանգային համակարգը նոր չէ, որ պարալիզված է։ Պատահական են, արդյո՞ք, որ այսօր մամուլի տարբեր էջերում կամ սոցցանցերում բարձրացվում են հարցեր, որ իբրև Հայաստանը քաղցկեղի բարձր մակարդակով առաջին շարքի երկիր է, Երևանը օդի աղտոտմամբ աշխարհի առաջին քաղաքներից մեկն է, ավտովրաերթից մահացությամբ Երևանը աշխարհի առաջին քաղաքներից է… Տեսնում ե՞ք, թե ինչ ճնշող հիբրիդային պատերազմի գործիքներ են կիրառվում։ Իսկ ի՞նչ գիտենք մենք հարևան պետությունների ու դրանց մայրաքաղաքների քաղցկեղի մակարդակի, վրաերթի դեպքերի, օդի աղտոտման մակարդակի մասին։ Իհարկե, ոչինչ։ Ու դա բացարձակ վկայություն չէ այն բանի, որ դրանց մոտ ամեն ինչ իրենց տեղում է կամ էլ դրանք այդ նույն հարցերում առաջին տեղերում չեն։
Մեր պետության այսքան բաց լինելը չի վկայում, թե մեր պետությունը նույնքան ժողովրդավար է․ թե ժողովրդավար լիներ, տեղում բարձրացված որևէ հարց լուծում կգտներ։ Սա ընդամենը նշանակում է, որ չկա պետության անվտանգային համակարգի ռազմավարություն, չկա պետության՝ արտաքին հիբրիդային հարվածները կանխող ու զսպող իմունային համակարգ, պարզապես չկա անկախ ու ինքնուրույն անվտանգային գործող համակարգ։ Ամեն ինչ թույլ ու անտարբեր հակադարձման ռեժիմում է։
Ի՞նչ է անում հայկական կողմը, ի՞նչ հանձնարարականներ են ստացել հայկական գիտական հիմնարկները ադրբեջանի վայրագ ու կողոպտիչ քաղաքականությունը Կասպիցի ջրերի, հանքարդյունաբերության, նավթարդյունաբերության, կայուն օրգանական աղտոտիչների, Արցախի 120 հազար բնակչությանը տաս ամիսներ սովամահության շրջափակման մեջ պահելու, լայնամասշտաբ պատերազմի պատճառով էկոլոգիական խնդիրներ հարուցելու հարցերը բացահայտելու նպատակով։
Հիշեցնեմ, որ այս տարի ապրիլի 24-ին օկուպացված Բերձորում 30 երկրներից 64 փորձագետների մասնակցությամբ Բաքուն անցկացրեց «COP29 և կանաչ հայացք ադրբեջանի համար» միջազգային կոնֆերանս։ Բաքուն չի թաքցնում, որ գլոբալ միջոցառումը կօգտագործի մեծագույնս օգուտ քաղելու և սեփական առաջնորդին որպես «խաղաղության աղավնի» ներկայացնելու համար։ Բայց Բաքուն չի թաքցնում, որ պատրաստվում է իրեն տրամադրված այդ բարձր ամբիոնից հնարավորինս վնասելու Հայաստանին։
Հայկական պետականությունը պետք է ձեռնարկի ինքնապաշտպանական ու հակադարձման, նաև նախահարձակ քայլեր։ Հակառակ դեպքում, աշնանը սպասվող դիրքերում պարզապես տնկված ծառերը չեն պաշտպանի հայկական պետականությանը թրքական հայասպան քաղաքականությունից։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է ու սպառնալից։
Մարիամ Ավագյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: