Step1.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
–Պարոն Հայրիկյան, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին։ Հայաստանի իշխանություններն արդեն ակնարկներ են արել, որ հնարավոր է՝ գնան այդ ճանապարհով։ Սա ի՞նչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։
-Ես իրավական հետեւանքներին անդրադառնալուց առաջ ուզում եմ խոսել բարոյական, հոգեբանական, քաղաքական վիճակի մասին։ Մեզ փորձում են վարժեցնել, որ պատերազմի սպառնալիքով կարելի է ինչ-որ նպատակներ կյանքի կոչել։ Մինչդեռ, պատերազմի սպառնալիքն ինքը հակաքաղաքակրթական է եւ ոչ իրավական։ Մշտապես պատերազմին հղում կատարող մարդն ամենաստոր արարածն է, որովհետեւ ցանկացած ազգ, որին պատերազմով սպառնում են, անմիջապես սկսում է պատրաստվել պատերազմի։ Միայն օտարի գործակալներն ու մոլագարներն են պատերազմի սպառնալիքի մասին խոսելով՝ կատարում սեփական արժանապատվությունը նսեմացող քայլեր։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա այդ հարցում չեն լսում իմ կարծիքը՝ մասնագետի, որը գլխավորել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Նույնիսկ քննարկման չեն դնում 2014 թվականից իմ կողմից շրջանառության մեջ դրված եւ Նիկոլին երեք անգամ ներկայացված բացարձակ ժողովրդավարության վերաբերյալ նախագիծը։ Կան բռնապետ Ալիեւ եւ կիսաբռնապետ Էրդողան՝ հայ ժողովրդի թշնամիները եւ կա հայ ժողովրդի անկախության պայքարի առաջնորդ, միակ իրականացված ռազմավարական ծրագրի հեղինակ։ Նրան չեն լսում, բայց լսում են ազգի հակառակորդներին, սա շատ կարեւոր գործոն է։ Ինչ վերաբերում է այս քայլի նախադրյալներին՝ ես այսպես կասեմ՝ չի կարող չար ծառը բարի պտուղներ տալ։
Սահմանադրական բարեփոխումների այն հանձնաժողովը, որն ստեղծված էր եւ մինչեւ հիմա արդեն գործում է ապօրինի, դա ստեղծված էր որոշակի ժամկետով։ Դրա ժամկետը սպառվում էր 2023 թվականի հունիսին։ Եթե անշնորհքն ուզում է ինչ-որ բան անել, ինքը պետք է նոր որոշում ընդուներ։ Արդեն չորրորդն որոշումը կա սահմանադրական փոփոխությունների մասին, բայց մարդկության պատմությանը հայտնի չէ նույնիսկ երկու դեպք, որ Սահմանադրության հետ կապված որոշում ընդունեն, հետո երկրորդ անգամ փոխեն։
-Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը կհամարի իր ստեղծածը, մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ: Այսպես է նա հիմնավորում իր քայլերը։
-Դա իր կարծիքն է, բայց այստեղ հարցն այն է, որ այդ անշնորհքը միայնակ է որոշում ընդունել։ Ասում է՝ ես կարդացի գոյություն չունեցող հայեցակարգը եւ որոշեցի, որ պետք է նոր Սահմանադրություն ընդունենք։ Բայց անշնորհք, դու երեք անգամ որոշում ես ընդունել սահմանադրական բարեփոխումների մասին, մի հատ ներողություն չես խնդրո՞ւմ։ Այդ ի՞նչ հայեցակարգ ես ունեցել, որը ոչ ոք չի կարդացել։ Եվ այդ հայեցակարգի մեջ ի՞նչ է գրված, որ դու միայնակ պետք է որոշեիր։ Այդ հանձնաժողովը քեզ պետք է առաջարկեր, քանի որ նոր Սահմանադրություն, թե բարեփոխում, դա հայեցակարգային հարց է։ Նախ այդ առաջարկը պետք է հնչեր հայեցակարգ մշակողներից, եւ հետո կարդալով՝ դու պետք է ասեիր՝ համաձայն ես, թե՞ համաձայն չես այդ հայեցակարգի հետ։ Դու այդ ինչ անշնորհք ես, որ ինքնուրույն որոշում ես ընդունում Սահմանադրության վերաբերյալ։
-Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումն ուժի մե՞ջ է։
-Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, դա ներսովետական իրավական ակտերով եւ օրենսդրության տրամաբանությամբ կատարված գործողություն է։ Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն այն ժամանակ միջազգային իրավունքի ենթակա չէին, իսկ երբ դու միջազգային իրավունքի ենթակա ես դառնում, պետք է գործեն միջազգային օրենքները։ Մեզ մոտ ի՞նչ եղավ՝ մենք սովետական օրենսդրությամբ տառացի ճշգրտությամբ արված գործողությունից հրաժարվեցինք՝ դառնալով միջազգային իրավունքի ենթակա, բայց միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններից էլ չօգտվեցինք։ Ավելին, ունեցանք տականքներ, որոնք ասում էին, որ միջազգային հանրությունը համաձայն չէր Արցախի անկախության գաղափարի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանակին դիմեց Հայաստանին ու Ադրբեջանին՝ շատ հստակ կոչով՝ դուք երկուսդ էլ ճանաչեք Արցախի անկախությունը։ Եվ այդ պայմաններում Հայաստանում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ արդեն Նիկոլ Փաշինյանն ասում են, որ Արցախը համաձյան չէր դրան։ Աշխարհը ստեղծում էր Մինսկի խումբը, որտեղ քննարկվում էին բոլոր հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցերը, բայց տեսեք՝ ինչ անշնորհքներ ունենք, որոնք մեր ճակատագիրն են տնօրինում։
Թշնամու նպատակը մեր անէացումն է, ոչ թե թուլացումը։ Եվ որպեսզի դա աշխարհի կողմից ընդունելի ձեւով արվի, անում են փոքր-փոքր պահանջներով։ Բայց այս բոլոր քայլերն արվում են՝ գենոցիդն ավարտին հասցնելու համար։ Թշնամուն դե ֆակտո իրականությունն էր վտանգ ներկայացնում, իսկ հիմա՝ դե յուրե հնարավորությունները։ Դե յուրե հնարավորություններով ամրագրվում է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանի օկուպացիան, որը 1921 թվականից հետո դարձավ ռուս-թուրքական ցեղասպանություն։ Երբ Հայաստանն անկախացավ եւ ինքնուրույն քայլեր արեց, դա նշանակում է ցեղասպանության հետեւանքների վերացման նախաքայլեր։ Այդ հետեւանքների վերացումը նշանակում է եւ իրենց պատիժ, եւ իրենց դիրքերի զիջում։ Որպեսզի դա տեղի չունենա, թշնամիները նոր խնդիրներ են հնարում, ի տարբերություն մեր անշնորհքների, նրանք լրիվ անուղեղ չեն։
Հայաստանի իշխանությունները ոչ միայն փորձառություն չունեն, այլ նաեւ արել ու անում են քայլեր, որոնք լրիվ բխում են միջազգային իրավունքի անտեսումից։ Հայաստանի ու Արցախի վերամիավորման ակտն ընդունելուց հետո ինչո՞ւ էին հանկարծ Արցախն անկախ ճանաչում, ինչո՞ւ էին այդ անշնորհքությունն անում։ Լեւոն, դու եղել ես Ղարաբաղ կոմիտեի անդամ, այ ստոր արարած, դու Ղարաբաղ կոմիտեի անդամ էիր, որը միացման էր ձգտում, բայց ինչպե՞ս պատահեց, որ քո իշխանության օրոք Արցախն անկախացավ։ Ինչո՞ւ թույլ չտվեցիք, որ արցախցիներն այստեղ ընտրությունների մասնակցեին։ Կոմունիստները թույլ տվեցին, որ Արցախը մասնակցեր Հայաստանի պառլամենտական ընտրություններին, բայց նույն անշնորհքները թույլ չտվեցին, որ արցախցիները մասնակցեին Հայաստանի անկախության հանրաքվեին, 1991 թվականի նախագահական ընտրություններին։ Այսինքն՝ հենց սկզբից ընկել են հայ ժողովրդի հետեւից։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: