Ինձ մեծ ուժ է տալիս Արցախի բեմերում ներկայանալու երազանքս

  • 12:36 12.07.2024

Արցախցի 17-ամյա Նարինեի նվիրական երազանքն իրականություն է դարձել, նա կատարել է դերասանուհի դառնալու իր առաջին քայլը․ Նարինեն Արմավիրի արվեստի պետական քոլեջի թատերարվեստի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է, իսկ դրան հասնելու համար նախնական քայլերը սկսել է 2020 թվականից, երբ ընդգրկվել է “Այսօր՝ հանուն վաղվա” նախագծում։ Կրթամշակութային մի նախագիծ, որի գաղափարը ծնվել է հենց Արցախում, երբ ռեժիսոր Կարեն Արղամանյանն այցելել է Արցախ, եղել Ասկերան քաղաքում ու Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Հենց այդ ժամանակ է նա հասկացել, որ Արցախում կան շնորհաշատ պատանիներ, որոնց հետ կարելի է ֆիլմ նկարահանել։ Միաժամանակ ծրագրի նպատակն է կերտել վաղվա ուժեղ, հայրենասեր, գաղափարապես բարձր, կրթված ու գիտակից սերունդ։ Նախագծի ղեկավար Կարեն Արղամանյանն իր թիմով համոզված է՝ հանուն վաղվա կարող են անել ավելին։

Հայաստանի սահմանամերձ համայնքներից ընդգրկված երիտասարդների կազմում Նարինեն միակն է Արցախից։

-Դեռևս մանկուց էի երազում դերասանուհի դառնալ ու դրա համար մեծ սիրով էի հաճախում Ասկերանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը։ Երբ մեր դպրոց եկավ ռեժիսոր Կարեն Արղամանյանը, ծանոթացավ մեր բաժնի սաների հետ ու ցանկացավ արցախցի երեխաների ևս ընդգրկել նախագծի մեջ, դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանն իմ անունը տվեց, ասելով, որ միակ սանն է, ով ցանկանում է ուսումը շարունակել ու դերասանուհի դառնալ։  Այդպես ես ծանոթացա Կարեն Արղամանյանի հետ։ 2020-ից սկսեցինք օնլայն դասընթացներ անել, իսկ 2022-ի դեկտեմբերին, երբ նա հերթական անգամ եկավ Արցախ, սկսեց ինձ հետ վարպետաց դասեր անել։ Այդ ընթացքում Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ու նախագծի ղեկավարը երեք ամիս մնաց Արցախում։ Հետո մեծ դժվարությամբ վերադարձավ Հայաստան ու շարունակեցինք օնլայն աշխատել, ինչպես նրա, այնպես էլ մի շարք հայտնի դերասանների հետ։ Վերջին ժամանակաշրջանում Արցախում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով դժվարացել էին մեր պարապմունքները։

Արցախից բռնատեղահանվելուց հետո մեր ընտանիքը հաստատվեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Մի քանի օր հետո ես վերսկսեցի վարպետաց դասերը, որոնք ինձ օդ ու ջրի պես էին պետք։ Միաժամանակ կազմակերպվում են հանդիպումներ հանրաճանաչ դերասանների, մշակութային գործիչների հետ՝ Երևանում, Արզնիում, Ծաղկաձորում։ Վարպետաց դասերն անցնում են շատ անմիջական ու հետաքրքիր մթնոլորտում։ Մենք խոսում ենք ամենատարբեր թեմաներից, քննարկումներ անում, լսում իրար և որ ամենակարևորն է՝ դարձել ենք մեծ ու համերաշխ ընտանիք,-պատմում է Նարինեն։

Այս կարճ ժամանակահատվածում Նարինե Թավադյանն արդեն նկարահանվել է “Ես մնում եմ” կարճամետրաժ ֆիլմում՝ նախօրոք մասնակցելով քաստինգին, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր ֆիլմի նկարահանում, որը կկոչվի “Արցախ”։ Նարինեն այնտեղ գլխավոր դերակատար կլինի։

Նարինեի մայրը՝ Էլենը, որ սիրով հետևում էր մեր զրույցին, շարունակում է աղջկա խոսքը, ասելով, որ ըստ նախագծի ղեկավարի ու դասընթացավար դերասանների՝ Նարինեն ունի բոլոր հատկանիշները լավ դերասանուհի դառնալու համար։ Նրա անմիջական ու ազնիվ բնավորությունը նպաստում է, որ  հեշտությամբ ինտեգրվի նոր միջավայրին։ Ապա ուրախությամբ նշում է, որ աղջիկն ընդունվել է անվճար հիմունքներով՝ հավաքելով ամենաբարձր ցուցանիշները։ Որպես մայր՝ նա անչափ շնորհակալ է նախագծի ղեկավարից ու ողջ թիմից։ Միաժամանակ ավելացնում է, որ Նարինեն աշխատում է նաև որպես խաղավար և օգնում ընտանիքի կարիքները հոգալուն։

-Այս կարժ ժամանակաշրջանում ես շատ բան եմ սովորել ու դեռ սովորելու այնքա՜ն բան ունեմ։ Հպարտ եմ, որ սանն եմ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան և Ասկերանի արվեստի դպրոցների և կանեմ հնարավորը, որ միշտ բարձր պահեմ Արցախի անունը։ Աշխարհին պետք է ցույց տանք հայի մեր տեսակը, մեր մշակույթը, ավանդույթները։ Մենք պետք է հայ մնանք ու ապրենք այստեղ՝ Հայաստանում։ Հենց դրան են միտված մեր բոլոր ֆիլմերը։ Ինձ մեծ ուժ է տալիս Արցախ վերադառնալու հավատը և երազանքս է՝ Արցախի բեմերում ներկայանալ հանդիսատեսին,-ասում է երիտասարդ աղջիկը և ավելացնում, որ համոզվել է՝ աշխարհում կան բարի մարդիկ, որոնք անշահախնդիր օգնում, աջակցում, սովորեցնում են։ Այդ մարդկանց շարքերում են Կարեն Արղամանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գոռ Գրիգորյանը, Անահիտ Ղուկասյանը, Շուշան Պետրոսյանը, Ջիվան Ավետիսյանը, Սյուզան Պապյանը, Ջուլիետտա Բաբայանը, Զառա Արամյանը և այլք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f