Ամուսնու կորստի, Արցախից տեղահանվելու մասին. Պատմում է Մարինա Գալստյանը

  • 19:12 13.07.2024

Արցախից տեղահանված Մարինա Գալստյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր տեսած ցավերն ու տառապանքները նույնությամբ կրկնվում են նաև երեխաների կյանքում: Ծնվել է Մինգեչաուր քաղաքում, 1988թ. տեղափոխվել են Ջերմուկ, որտեղ մի քանի տարի ապրելուց հետո մշտապես բնակություն հաստատեցին Արցախում.  

Մեր հարևան ադրբեջանցիները մեզ մի շաբաթ պահեցին իրենց տանը` թաքցնելով: Հետո օգնեցին, որ փախչենք

Ցեղասպանության արհավիրքների մասին տատիկից եմ լսել`հղի կանանց, երեխաների սպանություններ, նկուղներում սովից ու ծարավից հյուծված հայերին տանջամահ անելու մասին պատմություններ:

1990-ականներին էլ պատերազմ, հացի անվերջանալի հերթեր, գոյատևման համար երկարատև պայքար.  հեռախոսակապ չկար, տատիկս մահացել էր, ու հայրս պետք է հրաժեշտ տար մորը պայթող արկերի ձայների տակ…

Արցախում անցկացրած կյանքի տարիները Մարինա Գալստյանը համարում է ամենալավը.

Ես այնտեղ այնքան լավ էի զգում, մթնոլորտը, բնությունը, օդը, ջուրը, իմ երջանիկ տարիներն այնտեղ եմ անցկացրել: Դա աննկարագրելի զգացում է: Առանց արտասվելու չեմ կարողանում ասել` ափսոսում եմ մեր հերոսներին և մեր հողը: Ես մինչև այսօր տան համար չեմ ափսոսում, այլ Իգորի (ամուսնու) համար… Ինչքան ասում եմ չարտասվեմ` չեմ  կարողանում…

Իգոր Գալստյանը 27 տարվա սպա էր: Մասնակցել է բոլոր պատերազմներին և զոհվել 2023թ. սեպտեմբերի 20-ին: Նա չէր սիրում, երբ բանակից հարցեր էի տալիս: Գիտեր, որ վախկոտ եմ: Երեխաներն, ինչպես միշտ, ամեն օր դպրոց էին գնում: Սեպտեմբերի 19-ին երեխաներին իջեցրին նկուղ: Երբ մտանք տուն, դուստրս` Էլինան զանգեց Իգորին: Մի քանի վայրկյան հետը խոսեցինք ու վերջին անգամ տեսանք ժպիտը, հպարտ հայացքը: Էլինան ասում էր` պապ, շատ եմ կարոտում, ուզում եմ քեզ տեսնել: Անմիջապես իջանք նկուղ: Այն իջնելն է, որ իջանք:

Ես միշտ ասում եմ, որ սեպտեմբերի 19 ահավոր էր: Չկար հեռախոսակապ, լարված էինք ահավոր: Տեղս չէի գտնում: Ամբողջ գիշեր խաչս բռնած աղոթում էի: Կեսգիշերն անց տղամարդիկ գալիս էին: Հարցնում էի` Իգորին չեք տեսել… Ինձ ասում են, որ պիտի հպարտանամ, որ հերոս ամուսին ունեմ, բայց ով գիտի հերոսի երեխաների տեղը… Շատերն ասում են` այդպես մի’ ասա, պայքարել է հանուն երեխաների, հանուն հայրենիքի… Լույսը բացվեց, դուրս եկանք: Վլադիմիրին` ավագ որդուս, ուղարկեցինք զորամաս, ու մեզ ասացին, որ վիրավոր է: Այնտեղ երկու ցուցակ կար, մեկը` մահացածների, մեկը` վիրավորների: Բժիշկն իմացել էր, որ մահացել է, բայց չի կարողացել ասել…Հարևանիս մի կողմ է քաշել  ու ասել…

Կատաղի, անհավասար մարտերում զոհվեց…Վերև` Աստված, իսկ ներքևում մեղավորները: Այս անգամ բոլորս ծուղակում էինք:

Այն, որ նրա մարմինը կարողացանք բերել, մի քիչ մխիթարություն էր:  Տնային իրերից բացարձակ ոչ մի բան չէի ուզում վերցնել` միայն նկարներ, փաստաթղթեր, մտածում էի` մենակ երեխաներիս կարողանամ հանել: Հակարին անցնելիս այնքան լացեցի, ես ուշքի չեմ գալիս…Ինչպես կարելի է այդպիսի հողը նվիրել…

2020թ. մենք Երևանում էինք, Իգորն` առաջնամասում: Ասում էի` երեք երեխա ունես, որտեղ գնանք, ինչ անենք:  Պատասխանում էր` եթե դու երեքն ունես, ես տես քանիսը ունեմ…Խուճապի չէր մատնվում: Չէր վախենում ոչնչից»:

2020 թ-ից հետո Իգորը Մարինային խորհուրդ տվեց մնալ Երևանում` Վլադիմիրի երաժշտական ունակություններն ավելի զարգացնելու համար: Վլադիմիրի` դաշնամուրի հանդեպ սերն անսպառ է:  Երազում էր որդուն մի օր տեսնել մեծ բեմերում: Կարոտը ստիպեց վերադառնալ Արցախ և անցնել առօրյա կյանքին` լուսավոր ապագայի տեսլականով. Արցախում տարբերվող սովորություններ ունեինք: Օրինակ` հարևաններով հավաքվում էինք բակում, ինքնաեռով թեյ պատրաստում: Վովան նվագում էր:

Դեկտեմբերին Վլադիմիրը գալիս է Եվրոտեսիլը դիտելու, ճամփան փակվում է, և նա մնում է Երևանում։

Շրջափակման դժվարությունները  հաղթահարել ենք: Այն մեզ տան կին է դարձրել ամեն իմաստով: Լվացքի փոշի էինք պատրաստում, կոնֆետներ, փոխանակումներ էինք անում: Իգորը նույնիսկ ծաղիկներ էր մի ձև բերել տալիս` ինձ նվիրելու համար: Հացի խնդիր կար: Վերջին ամիսներին հերթում կանգնում էի, դուստրս գրկիս քնում էր: Երջանիկ էինք մեր տանը, մեր հողում: Աշխարհը քնած էր, իսկ մենք տառապում էինք` մեծից փոքր: Լսում էինք, որ ինչ-որ բան են ծախում, ու վազում էինք վերցնելու: Հաց առնելիս ես մեր օրերն եմ հիշում, թե ինչպես էինք հայթայթում: Ասում էր` Մարին, նեղվում եմ, որ հերթ ես կանգնում: Ասում էի` Իգոր, հավեսա, հարևաններով կանգնում էինք: Այնքան հետաքրքիր էր, անքուն էինք մնում, բայց այն փաստը, որ  մեր տղաները ողջ էին, մեր տեղերում էինք, ստիպում էր ապրել: Ուտելիք, տուն տեղ, դա երկրորդական է: Չես հարմարվում մարդկային կորուստների հետ…:

Ներկայումս Վլադիմիրը շարունակում է զբաղվել երաժշտությամբ: Կատարելագործվելով քայլ առ քայլ ` նա ավելի մոտիկ է զգում հայրիկին և ծննդավայրին: Երաժշտությունն այն փրկօղակն է, որը 15-ամյա պատանուն օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը:

Տաթև Ազիզյան

f