Հրանտին Ստեփանակերտում բոլորն էին ճանաչում, հայտնի «Գուրման» խանութի միրգ-բանջարեղենի մատակարարմամբ էր զբաղվում։ Այնտեղ ամեն ինչ ճաշակով էր, բերված ապրանքն էլ առանձնանում էր թե՛ արտաքին և թե՛ համային հատկություններով։
Երբ գործը սկսեցին, բարի սիրտ ունեցող Հրանտն ապրանքի մի մասն անվճար բաժանում էր: Խանութը գտնվում էր զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցված շենքի հարևանությամբ, այնտեղ ապրող երեխաների նկատմամբ նա առանձին վերաբերմունք ուներ։
Բլոկադայի ծանր շրջանում «Գուրման»–ում միշտ ինչ-որ բան կարելի էր գտնել։ Երբ սոխի համար երկար հերթերը հաղթահարելով մոտեցա վաճառասեղանին ու տեսա Հրանտի կնոջ՝ Արևիկի կլորիկ փորը, շատ ուրախացա․ գիտեի ինչքան էին երեխաներ սիրում, ու ինչ դժվարությամբ է լույս աշխարհ եկել երկար սպասված առաջնեկը։
Լուսանկարում՝ Արևիկը, Հրանտն ու Իննան
Արևիկի ու Հրանտի սիրո պատմությունը բազմաթիվ փորձությունների է դիմակայել, Իննայի ծնունդը վատ օրերը մի վայրկյանում գոլորշիացրեց, այնքան երջանիկ էին վերջապես ծնող դառնալու հանգամանքով, որ մնացյալ ամեն ինչ երկրորդական էր։
Շատ էր կապված Հրանտը աղջկա հետ, Իննայի խնամքի մի մասը իր վրա էր վերցրել․ գիշերները խնամում էր, որ կինը փոքր–ինչ հանգստանար փոքրիկի ցերեկային ռեժիմի ռիթմից։ Իսկ երբ իմացավ, որ տղա պիտի ունենա՝ աշխարհն իրենն էր․ «Հրանտ պիտի անվանենք»,- ասել էր կնոջը։ Արևիկը թեև դեմ էր, բայց չառարկեց։ Փոքրիկ Հրանտը ծնվեց հոր մահից հետո, ուղիղ քառասունքի օրը։
Լուսանկարում՝ փոքրիկ Հրանտը
«Կարծում էի՝ բարի արարքները կպաշտպանեն նրան չարիքից, բայց ավաղ…»,– արցունքների միջից պատմում է Արևիկը:
Սեպտեմբերի 22–ին Իննայի ծննդյան օրն էր, աղջիկը 1 տարեկան դարձավ, մի քանի օր հետո նա կորցնելու էր հորը։
Ընտանիքը վառելիք ուներ, ըստ երևույթին Հրանտը եղբոր ընտանիքի համար էր գնացել վառելիք հայթայթելու։ Բանից անտեղյակ Արևիկը նրան տանն էր սպասում, արդեն հասցրել էր հրաժեշտ տալ հայրական տան ամեն մի անկյունին ու շնորհակալություն հայտնել երկնային տիրոջը՝ այդ տանն անցկացրած երջանիկ օրերի, իր երազանքների իրականացման համար։
Մայրն արդեն ճանապարհվել էր, Հրանտը եղբոր ընտանիքի հետ միասին էր ուզում դուրս գալ Ստեփանակերտից։
Արևիկը ֆեյսբուքյան լրատվական հոսքից իրեն հեռու էր պահում, այդ օրը սակայն Հրանտը հաղորդագրություն ուղարկեց՝ հայտնելով, որ բենզինի համար «Հայկազով» է գնացել, շուտով կվերադառնա։ Սիրտը վատ բան կանխազգաց, պայթյունից հետո հղի կինը սկզբում մանկական հիվանդանոց գնաց, հետո հանրապետական բժշկական կենտրոն․
Հղի կնոջը ուղղաթիռով ճանապարհում են Երևան: Այրված վիրավորի շուրթերին ամեն անգամ ջուր մոտեցնելով մտածում էր՝ գուցե այս պահին մեկն էլ իր Հրանտին է ջուր մեկնում, աղոթում էր՝ միայն թե ողջ լինի։
Հրանտից հետո շատ դժվար է, երբ փոքրիկին բժշկի պիտի տանի, քանի որ նախկինում դա երկուսով էին անում: Արևիկը չի ուզում տնից դուրս գալ։ Միտքը, որ երեխաները չեն տեսնի հորը, չեն զգա նրա ջերմությունը, սպանիչ է։ Մանկական խաղահրապարակում, զբոսավայրերում բոլորը հայրիկ-մայրիկների հետ են: Իրենք էլ միշտ երկուսով էին Իննային զբոսնելու տանում, այժմ ամեն ինչ այլ է։
Լուսանկարում՝ Արևիկն ու երեխաները
Փոքրիկ Իննան սկզբում գիշերները չէր քնում: Մտածելով, որ հոր կարոտից է, Արևիկը նրան գերեզմանատուն տարավ. հանդարտվեց երեխան: Մայրը մտածում է՝ տեսնես կհիշի՞ Հրանտին, երբ մեծանա։
Այժմ Արևիկին ապրեցնողը երեխաներին մեծացնելու պարտավորությունն է․ ծաղիկներից գեղեցիկ փնջեր է հյուսում, ուզում է ընդլայնել այդ բիզնեսը, որպեսզի Իննայի ու Հրանտի համար ուժեղ թիկունք լինի։
Լուսանկարում՝ Արևիկի հյուսած փնջերը
Մինչև փոքրիկ Հրանտը հոր պես ուժեղ տղամարդ դառնա՝ Արևիկը պարտավոր է ուժեղ լինել։ Իսկ մինչ այդ երազներում նրան քաջալերողը մեծ Հրանտն է: Ինքն իրեն հարցնում է. «Տեսնես երկնային արքայությունը գոյություն ունի՞, մեծ ու փոքր Հրանտները տարիներ անց կճանաչե՞ն միմյանց»: Արևիկի հարցադրումը հույսի շղարշով է։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա–ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: