Օրերս Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի շնորհիվ արցախցի մի խումբ լրագրողների համար հերթական մեդիատուրը կազմակերպվեց․ այս անգամ դեպի Լոռու մարզ՝ Արցախ աշխարհը հիշեցնող մի դրախտավայր․․․
Բնության գլխապտույտ ու անարատ գեղեցկությունը միանգամից գերեց բոլորիս, և Լոռու մարզը անմիջապես սիրելի դարձավ։ Ժամեր հետո հասկացանք, որ լոռեցիները ներդաշնակ են իրենց բնաշխարհին․ մաքուր, ազնիվ, սրտացավ․․․
Արցախից տեղահանված Դավիթ և Ալիսա Բարսեղյանները Ստեփանավան քաղաքում են ժամանակավոր հանգրվան գտել։ Սկզբից մտածում էին՝ երկար չեն մնա այստեղ, սակայն, ապրելով ավելի քան 9 ամիս, այլևս մտադիր չեն հեռանալ այստեղից։ Եթե Արցախ վերադառնալը դեռևս անհնարին է, ապա կշարունակեն ապրել Ստեփանավանում, որտեղ շատ արցախցիներ կան ու մշտական կապ են պահպանում իրար հետ։
Դավթի ու Ալիսայի հետ մեր հանդիպումը սրտառուչ էր, երկար սպասված։ Ալիսան, որ Ասկերանում իմ խմբագրած “Բերդ” թերթի հաշվապահն էր ու նվիրված գործընկերուհի, շատ էր հուզվում։ Արցախի Ջրաղացներ գյուղում է թողել հոր՝ Արցախյան առաջին պատերազմում նահատակված Արամ Քարամյանի շիրիմը։ Կայցե՞լի երբևէ․․․
-Մարտական դիրքերից ամուսինս վերադարձել է սեպտեմբերի 22-ին․ մենք արդեն Ստեփանակերտի օդանավակայանում էինք։ Չեմ մոռանա երեխաներիս ուրախությունը, երբ հայրը եկավ։ Մի քանի օր մնացինք այդտեղ։ Սեպտեմբերի 25-ին լսեցինք, որ Հայկազով կոչվող տեղամասում բենզին են տրամադրում։ Ամուսնուս ծնողների ու մեր երեխաների հետ դուրս եկանք ու շարժվեցինք բենզին ստանալու։ 20 լիտր վերցնելուց հետո մենք հեռացանք այդ տարածքից, իսկ քիչ հետո լսվեց պայթյունի մի հուժկու ձայն, որը հայրյուրավոր կյանքեր խլեց։ Ճակատագիրը մեր հանդեպ բարեհաճ գտնվեց․․․
Երկու օր հետո հասանք Վայք, ապա ճանապարհվեցինք դեպի Վանաձոր։ Բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված էին, և մեզ ուղեկցեցին Ստեփանավանի “Էկոլայֆ Լոզ” հյուրատունը։ Այդտեղ մնացինք մեկ ամիս։ Անձնակազմի կողմից տեսանք այնպիսի սրտացավ ու հոգատար վերաբերմունք, որ երբեք չենք կարող մոռանալ։ Նրանք կիսում էին հայրենիք կորցնելու մեր ցավը, աջակցում ամեն մի հարցով։ Մեկ ամիս այդտեղ անվճար մնալուց հետո, բնակարան վարձակալեցինք ու տեղափոխվեցինք։
Ավագ որդիներս հաճախում են Ստեփանավանի Վ․Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ փոքրս՝ մանկապարտեզ։ Ես աշխատանքի եմ անցել Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես կազմակերպիչ, իսկ ամուսինս, անցելով զինվորական թոշակի՝ սեփական մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցում,-պատմում է Ալիսան։
Բնակարանային աջակցության ծրագրի առաջին փուլում են ընդգրկվում, սակայն Բարսեղյան ամուսինները դեռևս չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ընդունել։ Չգիտեն՝ գուցե կկարողանան կողմնորոշվել, բայց ներկա պահին 070 կոդը համարում են արցախցու ինքնության կոդը։
Ստեփանավանում են տուն ձեռք բերելու, դա արդեն հաստատ են որոշել։ Աշխատանք գտնելու հարցն է այստեղ շատ դժվար, սակայն Դավիթը կարծում է, որ աշխատասեր մարդը միշտ էլ կարող է գործ գտնել ու ապահովել ընտանիքի կարիքները։
Անվերջանալի հիշողություններով ու ապագայի հույսերով լի օրն ավարտին էր մոտենում, որի վերջում Ալիսան մեզ ծանոթացրեց Ստեփանավանի տեսարժան ու գողտրիկ վայրերին, չմոռանալով ծանոթացնել նաև իրենց հյուրընկալած հյուրատան անձնակազմի՝ Կորյունի, Ալլայի, Իրինայի ու Սիլվայի հետ։ Տնօրենությունը՝ Վարդանն ու Մերին այնտեղ չէին, սակայն մեզ համար արդեն պարզ էր, որ բարեգութ և ընդառաջող մարդկանց են հանդիպել Բարսեղյանները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: