Step1.am–ը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է իրականացնում Արցախի իշխանությունը արցախցիների իրավունքների պաշտպանության ու քաղաքական հարցերի ուղղությամբ։ Արցախցիներն ընտրել են իշխանություններ, այսօր այդ պատասխանատվությունը զգո՞ւմ է Արցախի իշխանությունը։
«Եթե նկատի ունեք Արցախի նախագահին, գործադիր մարմնին, ապա ես կարծում եմ, որ պետք է հարցը ուղղել իրենց։ Ես կարող եմ ասել, թե ինչ ենք անում մենք՝ որպես քաղաքական ուժ եւ որպես Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն։ Երեւի գիտեք, որ ըստ օրենքի՝ Հայաստանում Արցախի քաղաքական ուժերը չեն գրանցվում, բայց, անկախ այդ ամենից, մենք մեր քաղաքական գործունեությունը ծավալում ենք։ Եվ կարող եմ նաեւ մասամբ ասել, թե ինչ է անում Արցախի խորհրդարանը, իհարկե, ոչ բոլոր պատգամավորների մասնակցությամբ, որովհետեւ այսօր շատերը ցավոք ընտրեցին սոցիալապես ավելի բարեկեցիկ կյանքը եւ համագործակցում են Հայաստանի այս իշխանությունների հետ, փափուկ տեղավորվել են ՔՊ-ականների թեւի տակ։ Բայց նրանք, ովքեր ներկայացնում են խորհրդարանը եւ համարում, որ իրենց առաքելությունը միայն հարմարավետ աշխատասենյակն ու աշխատավարձը չէր, շարունակում են իրենց աշխատանքը։ Եվ կարծում եմ, որ քիչ աշխատանք չի տարվել։ Օրինակ՝ հանձնախումբը, որն ստեղծել է Արցախի Ազգային ժողովը եւ որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը, վերջերս բավական լուրջ աշխատանք է տանում արտերկրում։ Միջազգային տարբեր հարթակներում բարձրացվում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքների հարցերը, ինչպես նաեւ հանձնախումբն իր աշխատանքով ինչ-որ տեղ թույլ չի տալիս, որպեսզի միջազգային հանրության մոտ փակվի Արցախի հարցը։ Դա մեր համեստ ուժերի պարագայում այսօր բավական մեծ աշխատանք է, որը մենք անում ենք»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հարցին՝ այդուհանդերձ պարզ չէ, Արցախի իշխանություններն այսօր գործո՞ւմ են, թե՞ Հայաստանի իշխանությունների ցանկությունն են կատարում, դադարեցնում են իրենց աշխատանքը, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Քանի որ խոսքը հիմնականում վերաբերում է նախագահին ու գործադիրին, իրենց աշխատանքը պետության կառավարման կազմակերպումն է։ Քանի որ այսօր խիստ սահմանափակ են իրենց հնարավորությունները, ավելի շատ հիմա իրենք պահպանում են այդ կառույցը, քան այս իշխանությունների օրոք հնարավորություն ունեն ինչ-որ գործողություններ կատարելու։ Այո, միգուցե իրենք կարող էին շատ ավելի ակտիվ լինել, թեկուզ եւ հակադարձելու այս իշխանություններին, բայց ես չեմ կարող գնահատել՝ այն, ինչ իրենք անում են, բավարա՞ր է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ ավելի ազնիվ ու արդար կլինի, եթե իրենք այս հարցին պատասխանեն։ Իսկ խորհրդարանի մասով ես կարծում եմ, որ բավական աշխատանք տարվել է եւ դա շարունակական է, մինչեւ հաջողության հասնելը»։
Արցախցիներն օրերս հայտարարեցին, որ իրենց իրավունքների համար պայքարը շարունակում են եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցին ՄԱԿ-ի գրասենյակին։ Այդուհանդերձ, նկատելի է, որ արցախցիների մեծ մասը պասիվ են իրենց իրավունքների համար պայքարում, ինչո՞ւ, հարցրեցինք Մետաքսե Հակոբյանին։
Ի պատասխան պատգամավորն ասաց․ «Մարդիկ հողի վրա շատ լավ գիտեն, որ չես կարող միջազգային կառույցներից ստանալ քեզ բավարարող պատասխան, եթե քո իսկ երկրի իշխանություններն անում են լրիվ հակառակը։ Այսօր ցանկացած պահանջ պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանություններից։ Մենք ձեւակերպել ենք, թե որն է մեր գերխնդիրը՝ ունենալ ուժեղ Հայաստան, որի միջով անցնում է Արցախ տանող ճանապարհը։ Այսինքն՝ միայն այդ պարագայում մենք կարող ենք վերադառնալ։ Եվ մեզ համար փաստել ենք, որ այս իշխանությունների օրոք չի կարող լինել հզոր Հայաստան, Հայաստանը եւս ոչնչացման ճանապարհն է բռնել հենց այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով»։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: