«Տուն» հիմնադրամ․ աջակցել արցախցիներին բնակարանային հարցում

  • 22:57 17.07.2024

«Տուն» հիմնադրամը Երևանում գործում է 2024թ. հուլիսից: Հիմնադրամի հիմնադիր Միխայիլ Վեկլենկոյի խոսքով` “ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տներն Արցախում և տեղափոխվել Հայաստան: Մենք նախաձեռնում ենք աջակցել արցախցի այս փախստականներին բնակարանային խնդիրների լուծման հարցում: Մեր թիմը ներառում է տարբեր ծագում ունեցող ճարտարապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ակտիվիստներ և կամավորներ, որոնք բոլորն էլ առաջնորդվում են մեկ առաքելությամբ՝ ապահովել Արցախի ժողովրդին մշտական ​​բնակություն Հայաստանում:

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և զբաղվածությունը, սակայն բնակարանային պայմանները մնում են կարևորագույն խնդիր փախստականների  համար:

Մեր նպատակն է փրկօղակով ապահովել կարիքավորներին՝ առաջարկելով նրանց մշտական ​​բնակարան, որը կտա բարեկեցություն և վստահություն կհաղորդի ապագան պլանավորելու համար”:

Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հարութ Մնացականյանը նշել է, որ ծրագրից օգտվելու համար նախապատվությունը տրվելու է գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքներին. “Մենք նախաձեռնել ենք ծրագիր, ըստ որի նախատեսվում է Երևան քաղաքից շուրջ 50 կմ շառավղով հեռավորության վրա, այն բնակավայրերում, որտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ` դպրոց, մանկապարտեզ, գազ, լույս, ջուր, համապատասխան հողատարածք գնել և այդ հողատարածքը վերաձևակերպել հավասար մասերի, ապահովել բոլոր ենթակառուցվածքներով ու այն անվերադարձ տրամադրել արցախցի այն ընտանիքներին, ովքեր պատրաստ են ապրել գյուղական համայնքում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Հաշվի առնելով, որ մենք ծրագրի շրջանակներում համագործակցում ենք նաև այլ հիմնադրամների հետ, որոնք պատրաստ են գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել այդ ընտանիքների համար, ապա գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձը այն պայմաններից մեկն է, որը մենք օգտագործելու ենք այդ ընտանիքներին ընտրելու հարցում”:

“Այժմ հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք, որի նպատակն է ուշադրություն սևեռել մարդկանց խնդիրների վրա, որի միջոցով մենք կկարողանանք օգնել  մարդկանց իրենց հայրենիքում տուն կառուցել: Գիտենք, որ տուն կառուցելը շատ մեծ և ֆինանսապես ծանր գործ է: Դրա համար որոշել ենք այդ բեռի մի մասը մեզ վրա վերցնել: Պետությունն իրականացնում է սերտիֆիկատների միջոցով աջակցություն, սակայն դա բավարար չէ տուն կառուցեու համար, և մենք որոշել ենք, որ կապահովենք հողատարածքով, իսկ բեռի մի մասն ընտանիքը պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել: Մյուս ծրագրի միջոցով նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կլինի, և  քաղաքացին կկարողանա իր ապագան  կերտել ՀՀ-ում, ոչ թե բռնել գաղթի ճամփան”:

Տաթև Ազիզյան

f