Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով դատապարտվել է կոռուպցիայի գործով, երեկ հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ։
Երեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Մանհեթենի դաշնային դատարանի ժյուրին դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին մեղավոր է ճանաչել բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության, շորթման և օտարերկրյա գործակալի դերում հանդես գալու համար:
Մենենդեսը հրաժարական տվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Ու թեև սենատորի դեմ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, պատահական չէր, որ նրա հետապնդումը համընկավ արցախյան իրադարձությունների հետ։
Սենատորն ասել է, որ «կուլիսային ուժերը» փորձում են «լռեցնել իրեն ու փորել նրա քաղաքական գերեզմանը»։
Ովքե՞ր են այդ կուլիսային ուժերը, որոնք մատնագիր են ուղարկել Մենենդեսի դեմ եւ հեռացրել նրան այն պահին, երբ նա փորձում էր օգնել Հայաստանին ու հայերին։
2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Արցախի ագրեսիայից, բռնազավթումից և տեղահանությունից 3 օր առաջ, Մենենդեսն ասել է. «Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաներում բենզին չկա, վիժումների թիվը եռապատկվել է, և, ըստ BBC-ի զեկույցի՝ մահերի մեկ երրորդը թերսնման հետևանքով են տեղի ունենում»:
Նա այսպես բացեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն էր պատասխանողի դերում։
Սենատորները բազմաթիվ հարցեր են տվել Քիմին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի համաձայն՝ ռուսները պետք է վերահսկեին իրավիճակը, բայց նրանք ոչինչ չեն անում, ինչպե՞ս կարող է Վաշինգտոնը միջամտել։ Ինչո՞ւ Գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման վերականգնելու հարցը: Ինչպե՞ս կարող են Ալիևին ստիպել բացել Լաչինի ճանապարհը.
Յուրի Քիմը նշել է, որ ԱՄՆ-ը երկու շատ հստակ ուղերձ է փոխանցել Բաքվին. Նախ՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի անվերապահորեն և անհապաղ։ «Երկրորդը, մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա», – ասաց նա։
Հարձակումը տեղի ունեցավ 4 օր անց, և ԱՄՆ-ում Բաքվի դեմ պատժամիջոցների փոխարեն… հեռացրին սենատոր Մենենդեսին։
Քննիչները պնդում են, որ սենատոր Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյանը ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, տնային վարկի վճարումներ և շքեղ մեքենա Նյու Ջերսի նահանգի երեք գործարարներից և աշխատել Եգիպտոսի օգտին:
Այնուամենայնիվ, 2023 թվականի նոյեմբերի 11-ին սենատոր Բոբ Մենենդեսը կրկին կոչ արեց Կոնգրեսին դադարեցնել աջակցությունը Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական աջակցությունը:
«Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական համայնքը լքել է երկիրը ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով։ Ադրբեջանը ցանկանում է նրանց ջնջել աշխարհի երեսից։ Մի քանի ամիս շարունակ մենք հետևել ենք հումանիտար ճգնաժամի զարգացմանը, որը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք կոչված են եղել վերահսկել հրադադարը։ Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը ընդամենը մի սատանայական դավադրության մի մասն էր՝ ստիպելու էթնիկ հայկական անկլավին ենթարկվել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և ուժի սպառնալիքով տեղի իշխանություններին կապիտուլյացիայի ենթարկեց։
Ավելի քան 100,000 բնակիչ լքել են իրենց նախնիների տները: Ոմանք զոհվել են Հայաստան գնալու ճանապարհին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման ապացույց: Այս փախստականները մեր օգնության կարիքն ունեն։ Մասնավորապես, անհրաժեշտ է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Երևանի բնակարանային ճնշումը։ Այս ցեղասպանությունը չպետք է մոռացվի»,- ասել է Մենենդեսը:
2024 թվականի ապրիլի 18-ին Մենենդեսն ասաց, որ ԱՄՆ արձագանքը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին պետք է ավելի ուժեղ և վճռական լիներ։
Նման համառությունը չէր կարող աննկատ մնալ. այժմ Մենենդեսին ստիպում են վայր դնել մանդատը։ Բոլորը հիանալի գիտեն, որ հարցը Եգիպտոսը կամ կոռուպցիան չէ, այլ որ Մենենդեսն ու իր որոշ գործընկերներ դեմ են գնում ընդունված քաղաքականությանը։ Այս քաղաքականությունը չի ենթադրում աջակցություն Հայաստանին և չի հաստատում հայերի բնիկությունը Հայկական լեռնաշխարհում, բայց կեղծավոր հասարակություններում ընդունված չէ խոսել նման բաների մասին։
Նաիրա Հայրումյան