Բնակարանների գնման վկայագիր ստացած Արցախի Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանի վերաբնակիչների մոտ 70 տոկոսն արդեն ձեռք է բերել կացարան։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ տնօրեն Դավիթ Եղիազարյանը՝ անդրադառնալով բողոքներին, որ որոշ ընտանիքներ չեն կարողանում այս ծրագրով բնակարան ձեռք բերել։
«Արդեն տրամադրված վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2025 թվականի հուլիսի 1֊ը։ Ծրագրից օգտվելու գլխավոր խոչընդոտներից կարելի է նշել անշարժ գույքի շուկայում գների վերահսկողության փաստացի բացակայությունը, ինչը երբեմն թույլ չի տալիս ձեռք բերել ցանկալի կացարանը երկրորդական շուկայից՝ խելամիտ գնով։ Ծրագրի նախնական տարբերակը, իրոք, շատ խնդրահարույց էր, սակայն տարբեր, այդ թվում՝ մեր ՀԿ առաջարկների արդյունքում այն ստացավ ներկա տեսքը։ Այդուամենայնիվ, պատշաճ կացարանի հայտնաբերումից մինչեւ այն գնելը կարող է տեւել մի քանի ամիս, ինչը կարող է կապված լինել թե թղթաբանական խնդիրների, թե երբեմն վաճառողների՝ վկայագրով չվաճառելու ցանկության հետ»,- ասաց նա։
Նշենք, որ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից, քանի որ ժամանակին տեղեկացված չեն եղել։ Այս ընտանիքները ծրագրի շահառու համարվելու հիմքով զրկվել են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։
Անդրադառնալով այս բողոքներին՝ Դավիթ Եղիազարյանն ասաց․ «Կարծում եմ, որ թե 2020, թե 2023 թվականներին տեղահանվածների համար պետք է պահպանվեն աջակցության ամենամսյա ծրագրերը, քանի դեռ նրանք չեն ստացել անշարժ գույքի ձեռքբերման վկայագիրը։ Վկայագրի ստացումից հետո պետք է մշակվի խելամիտ ժամկետ՝ անշարժ գույքը ձեռք բերելու համար, որը կլինի իրատեսական, հաշվի առնելով անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի առանձնահատկությունները։ Վկայագրի ստացման եւ անշարժ գույքի ձեռքբերման ժամանակային միջակայքում պետք է շարունակվի ամենամսյա աջակցությունների տրամադրումը»։
Ինչ վերաբերում է կառավարության՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման աջակցության նոր ծրագրին, մեր զրույցակը նշեց, որ այդ ծրագիրը խիստ թերի է։ Ըստ նրա՝ թեեւ կառավարությունը դրա մշակման ընթացքում ունեցել է քննարկումներ բռնի տեղահանված արցախցիների եւ նրանց իրավունքները ներկայացնող տարբեր ՀԿ-ների հետ, սակայն մշակված ծրագիրը, որն արդեն հունիսի 15-ից գործում է, ունի շատ թերություններ։
«Մասնավորապես՝ գոտիական բաժանումը կատարվել է առանց հաշվի առնելու այդ թվում՝ այն հանգամանքը, որ բռնի տեղահանված արցախցիներն արդեն վարձակալում են կացարաններ ու աշխատանքի են անցել մարզային տարբեր բնակվայրերում։ Հետևաբար, նրանք առաջնահերթորեն ձեռք կբերեն կացարան հենց այդ բնակավայրերում։ Սակայն նույն մարզի համազոր ենթակառուցվածքներ ունեցող տարբեր բնակավայրեր հայտնվում են տարբեր գոտիներում, ինչն էլ ենթադրում է վկայագրով տրամադրվող դրամի տարբերություն»,- ասաց Դավիթ Եղիազարյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: