Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում։
«Պուտինը պետք է վերադառնա առնվազն այն սահմաններին, որոնք կային մինչև 2022 թվականի ներխուժումը, և ապագա հակամարտությունից ու անորոշությունից խուսափելու համար մնացած Ուկրաինան պետք է [Պուտինի կողմից] ճանաչվի որպես ազատ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ, և որքան հնարավոր է, ավելի շուտ միանա նրանց»:
Պատերազմի ավարտից հետո, գրում է նա, որոշ “ուկրաինական զորքեր կտեղակայվեն Եվրոպայում, որտեղ նրանք կփոխարինեն այնտեղ տեղակայված 70,000 ամերիկյան զինվորականներին՝ ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու համար։ Սա Թրամփին թույլ կտա «խնայել փողերը, ամերիկյան զորքերը տուն բերել և եվրոպացիներին ստիպել ավելին անել սեփական պաշտպանության համար, ինչը նրա հիմնական նպատակներից է»: Եվ Պուտինը, իհարկե, կարող է պնդել, որ «հատուկ ռազմական գործողությունը» կամ ներխուժումը հաջող է եղել, և որ նա ապազգայնացրել է Ուկրաինան»,- գրում է Ջոնսոնը՝ նշելով, որ Ուկրաինայի ռուսալեզու բնակչության համար կարող է սահմանվել հատուկ պաշտպանություն։
Սա Թրամփ-Ջոնսոն-Օրբան-Էրդողան-Նեթանյահու պլանն է Ուկրաինայի համար, որը կտարածվի մնացած բոլոր հակամարտությունների համար։ Խնդիրը վերաբերում է թե՛ Հարավային Կովկասին, թե՛ Մերձավոր Արեւելքին, թե՛ Ուկրաինային։ Կարելի է այդ ցուցակին Պուտինին էլ գումարել։
Եվրոպական առաջնորդները և ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարությունը դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումն այս պլանի վերաբերյալ։ Ըստ ամենայնի, հենց այս ծրագիրն է Օրբանը բերել Թրամփին, իսկ եվրոպացի առաջնորդների արձագանքը, ովքեր ցանկանում են Հունգարիային հեռացնել Եվրախորհրդի նախագահությունից, հուշում է, որ նրանք ոգեւորված չեն այս պլանով։
Հիշեցնենք, որ Օրբանը կատարել է գլխապտույտ մաքոքային ճանապարհորդություն՝ Կիև – Մոսկվա – Շուշի (թյուրքական պետությունների գագաթնաժողով) – Պեկին – Վաշինգտոն-Փալմ Բիչ։ Պատկերից դուրս է մնացել այցը Շուշի, դրա հետ մեկտեղ՝ իսրայելա-թուրքական դաշինքի ներգրավումն այս պլանում։ Չնայած Էրդողանը թույլ չի տա, որ իրեն մոռանան։
«Պարոն Օրբանը գնաց Մոսկվա և նրան քննադատեցին: Նա գնացել է Չինաստան ու նույն կերպ քննադատվել։ Այնուհետ նա մասնակցել է Շուշիի գագաթնաժողովին և արժանացել քննադատությունների։ Այժմ նրանք փորձում են որոշել, թե ինչպես հեռացնել Հունգարիային ԵՄ նախագահությունից»,- ասել է Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից թռիչքի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Ալիևն է պարտավորվել օգնել Հունգարիային, որը կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել այն բանից հետո, երբ Կիևը արգելափակեց ռուսական գազի տարանցումը իր տարածքով:
Ադրբեջանը ցանկանում է միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի տարանցման շարունակման հարցում։ Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի ղեկավարության, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունների և ԵՄ-ի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո մատակարարումները շարունակելու շուրջ, նույն Շուշիում ասել է Ալիևը։ Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը և Ուկրաինան դիմել են Բաքվին՝ բանակցությունները հեշտացնելու խնդրանքով։
Ալիևը նաև ասել է, որ շարունակելու է «հակագաղութային» արշավը Ֆրանսիայի դեմ՝ ըստ երևույթին ունենալով «Ջոնսոն-Օրբան-Թրամփ-Էրդողան» ծրագրի հեղինակների հավանությունը։
Դատելով ընթացիկ իրադարձություններից՝ ռուս-ուկրաինական «դավագիրը» կստորագրվի Շուշիում։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: