10 ամսական Դավիթը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի հյուրն է և «Վավերագրելով դրաման» ծրագրի հերոսներից մեկը։ Ընդամենը հինգ օրական էր, երբ ծնողների հետ, հիվանդանոցի ծածկոցով փաթաթված, անցավ տեղահանության ճանապարհը։
Հուլիսի 22-ին ՄՆԿ-ն ներկայացրեց «Վերջին 70.000 մետրը․ ի՞նչ է պատմում ճանապարհը» մուլտիմեդիա նախագիծը։ Այն համադրում է տեղորոշման, քարտեզագրման, տվյալների պատկերման գործիքներն ու մարդկային պատմությունները։
Սովորական պայմաններում Ստեփանակերտ-Կոռնիձոր 70 կմ ճանապարհը կարելի էր անցնել 40 րոպեում, բայց մարդիկ այն անցան 3 օրում։ Այս տվյալները, ինչպես նաև կյանքի, մահվան ու անորոշության պատմությունները տեղ են գտել նախագծում։
Այն իրականացրին Հայաստանի և Արցախի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և անհատ լրագրողներ՝ ՄՆԿ և արտասահմանյան մասնագետների խորհրդատվությամբ։ Նրանք ներդրեցին արդի լրագրության ստեղծագործական, էթիկակական ու նորարարական մոտեցումները՝ պատմելու Արցախի տեղահանության դրվագները։
Գայանե Սարգսյանը միացել է նախագծին, մասնակցել քարտեզագրման, խոցելի խմբերի հետ աշխատելու, հատուկ նախագծեր կազմելու դասընթացներին՝ այս ծրագրի շրջանակում։
Գայանե Սարգսյան, 301.am
«Քանի որ ինքս արցախցի եմ ու անցել եմ այս դրամայի միջով, հնարավորություն էի փնտրում բռնի տեղահանման ճանապարհի պատմությունները որևէ կերպ ներկայացնելու, թեև հասկանում էի, որ միայնակ չեմ կարողանա դա անել։ Անչափ ուրախացա, երբ ընտրվեցի՝ աշխատելու «Վավերագրելով դրաման» նախագծի թիմում։ Նյութը, որ պատրաստել եմ գործընկերոջս հետ, հենց մտերիմ ընկերուհուս ընտանիքի պատմության մասին է, այդ առումով հատկապես պատասխանատու ու ծանր էր աշխատանքը։ Շատ եմ կարևորում այս բոլոր պատմությունները գտնելն ու արխիվացնելը»։
Բռնի տեղահանման ճանապարհի վկայություններն ու փաստերը մեկ հարթակում՝ մի քանի օրինակներով, վավերագրությամբ, լուսանկարներով, տեսանյութերով և տվյալներով։
Հարթակի շնորհանդեսին հրավիրել էր նաև «51-րդ բրիգադը» պատմության հերոս Վազգեն Ասատրյանը, որը շտապ բուժօգնության մեքենայով տասնյակ հիվանդներ ու վիրավորներ է տեղափոխել։ Նրանցից մեկն էլ Արթուրն էր։ Նա հարազատ Ավդուռ գյուղը պաշտպանելիս ծանր վիրավորվել էր և հիմա վերականգնվում է։ Արթուրն ու բժիշկը պատերազմից հետո հանդիպել են հրապարակման հեղինակ Շուշան Փափազյանի օգնությամբ։
«Վավերագրելով դրաման» ծրագրի «Վերջին 70,000 մետրը. ի՞նչ է պատմում ճանապարհը» նախագիծը թարգմանվել է անգլերեն։ ՄՆԿ-ն այսուհետ ևս կխրախուսի լրագրության արդի ձևաչափերով հանրային կարևորության թեմաների լուսաբանումը։
Նախագիծն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: