Անցած շաբաթ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Երևան։ Այցի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։
«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են․ «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղուն»։
Քանի որ Հայաստանում համատարած արձակուրդ է, Բոնոյի հետ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը «վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը»:
Բոնոյի այցն աննկատ անցավ ԱՄՆ-ում կատարվող իրադարձութունների ֆոնին։ Քանի որ մի քանի ամիս հետո ԱՄՆ-ում նախագահ է փոխվելու, Վաշինգտոնի միջնորդական ջանքերը այնքան էլ լուրջ չեն ընդունվում։ Առավել եւս, որ ներկայիս նախագահ Բայդենին ստիպում են հրաժարական տալ նույնիսկ մինչեւ ընտրություններ։ Ներկայումս կնքված ցանկացած «արժանապատիվ» համաձայնագիր կարող է չեղարկվել մի քանի ամիս անց։
Մյուս կողմից, «անիշխանությունը» ԱՄՆ-ում թույլ է տալիս ագրեսիվ ուժերին ամբողջ աշխարհում անել իրենց սեւ գործը, չվախենալով Ամերիկայի դիմադրությունից։ Ինչպես 2020 թ․ նախընտրական շրջանում դա արվել է Արցախում։
Հիմա Իսրայելը գեներացնում է Լիբանանի եւ Իրանի հետ պատերազմը, փորձելով ներքաշել այդ պատերազմի մեջ ԱՄՆ-ը։ Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Արեւմուտքի հետ հարաբերությունների մեղմացման, եւ նախագահ Բայդենի հռետորականությունն էլ է մեղմ։ Սակայն Իսրայելը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Թրամփի եւ Օրբանի հետ միասին պարտադիր նոր պատերազմ է ուզում։ Այդ պատերազմի ճակատներից մեկն էլ հավանաբար պետք է ապահովի Իսրայելի պրոքսի Ալիեւը՝ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին։
Ի՞նչ էր այդ համատեքստում Բոնոն ասել Արմեն Գրիգորյանին։ Հորդորել է Հայաստանին «արժանապատիվ» կապիտուլյա՞ցիա ստորագրել, որ «նոր ճակատ» չբացվի։ Թե՞ հակառակը՝ երաշխավորներ է բերել, որ թույլ չի տա նման զարգացում։ Արմեն Գրիգորյանի պատրաստակամությունը խաղաղությանը խոսում է առաջին տարբերակի օգտին։