Թե՛ Շահան Նաթալիի օրերում, թե՛ հիմա հաճախ ենք լսում, թե ինչ ուզում են տանք թուրքերին, միայն թե մեր կյանքին չդիպչեն

  • 09:24 01.08.2024

Դասեր Շահան Նաթալիից

Չկայ ճշմարտութիւն․ Կան ճշմարտութիւններ։ Կարեւորը ճշմարտութիւնները դասակարգելն է, ըստ արժեքի։ Ահա ա՛յն, ինչ որ հայը, մանավանդ քաղաքական միտքը, չհասկացավ ընթացքում, եւ ա՛յն, ինչ որ թուրքը ըմբռնեց տառացիորէն։ Ու մենք պարտվեցինք։ Թուրքը պարտության մատնեց մեզ։

Շահան Նաթալի․ Հաջողության հասնելու համար շատ հաճախ բավարար չէ ինքնաճանաչումը, անհրաժեշտ է աշխարհաճանաչումը, խիստ կարևոր է նաև թշնամուն ճանաչելը։ Սխալ է և գերագնահատելը թշնամուն և թերագնահատելը։ Հաջողության հասնելու համար պետք է հասկանալ նաև թշնամու ընթացքը, նրա որդեգրած քաղաքականությունն ու քաղաքական ծրագրերը։ Փորձենք համեմատության մեջ դնել մեզ հայերիս և մեզ պարտության մատնած թուրքերին, Շահան Նաթալիի դիտանկյունից, իսկ այս անունը մեզ ավելի շատ հայտնի է Նեմեզիս ծրագրից։

Ճմշարտություն է, որ գիրն ու գրականությունը ուժ են եւ հայն ըմբռնեց այդ ու վանքեր կառուցեց, դպրոցներ բացեց․ գիր ու գրականություն տարածեց։ Ճշմարտություն է, որ արվեստն ու առևտուրը ուժ են․ եւ հայը նվիրվեց արվեստի բոլոր ճյուղերին, հպարտացավ իր արվեստով, որոնց ազդեցությունը տարածեց մոտիկ ու հեռավոր ժողովուրդների վրա։ Զարգացավ իբր առեւտրական, ծովեր կտրեց, հարստացավ եւ տիրող տարրը իր տնտեսական գերին դարձրեց։ Ճշմարտություն է, որ արհեստն ու երկրագործությունը ուժ են․ եւ հայը իր միջավայրի արհեստներին տեր ու տիրական դաձավ․ երկիրը հերկեց, հունձքը առավ։ Ճշմարտություն է, որ քաղաքակրթությունն ու կրթությունը ուժ են․ եւ հայը արեւմուտքի քաղաքակրթության հետ շփվեց, սերունդ կրթեց, կրոնական կապերով կապվեց քաղաքակրթված աշխարհի հետ։ Ճշմարտություն են դեռ էլի շատ բաներ։ Սակայն դառնագույն ճմշարտություն է նաեւ որ այդ բոլորը չփրկեցին մեզ պարտվելուց մահվան ու կյանքի պայքարում։ Եվ պարտվեցինք թուրքին, որ ո՛չ մեկը չուներ այդ բոլորից, գոնե մեր չափ։ Թուրքը մի բան ուներ մեզանից ավելի― ԶեՆՔ։ Որովհետեւ նա գիտեր, և գիտի, որ քաղաքական կյանքում զենքի ուժը ավելի արժեք է քան արժեքները մնացած բոլոր վերը թվարկած ուժերի։ Եւ պետք չէ ամաչել ու  չխոստովանել, որ թուրքը շատ ավելի խելոք էր եւ այսօր էլ խելոք է ճշմարտությունները դասակարգելու մէջ։

Թե՛ Նաթալիի օրերում, թե՛ հիմա, հաճախ ենք լսում, թե ինչ ուզում են տանք թուրքերին, միայն թե մեր կյանքին չդիպչեն։ Բայց արդյո՞ք սա ճիշտ է, արդյո՞ք սա փրկություն է։ Պատմությունը քանիցս ցույց է տվել, որ ոչ, սա փրկություն չէ։  Քուրդը անգամ այս ճշմարտութիւնը հայից լավ է ըմբռնել, անգիր, անքաղաքակիրթ քուրդը։ Զենքին կռթնած թուրքը, ահա կքայլե այն ճամբաներին, ուր մեր փառքերն ու հպարտությունները արյունոտվեցին։ Եւ եթե այս փաստերի առջեւ էլ դեռ չենք ընդունում պողպատե ուժի ճշմարտությունը, բոլոր ճշմարտություններից վեր, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակներն էլ շուտով գետնին կհավասարվեն, շարունակում է  Շահան Նաթալին։

Թուրքերը գնացին թուրք ազգի ստեղծման ճիշտ ճանապարհով. … ինչքան հույսներս կապում ենք ուրիշի քեռիների հետ, ով էլ որ նրանք լինեն, այնքան ավելի քիչ իրավունք ունենք խոսելու պատասխանատվության մասին, եւ հակառակը։ Այս չափազանց կարևոր սկզբունքը հասկանալիս թուրքերը շատ ավելի խելացի են, քան մենք՝ հայերս։ Այս սկզբունքի կիրառումը նրանց հաղթանակի և մեր պարտության հիմնական պատճառներից մեկն է։ Որովհետեւ այս սկզբունքը, անկախ ամեն ինչից, ոչ միայն արժեւորեց թուրքին արտաքին աշխարհի աչքում, այլեւ հնարավոր դարձրեց, որ Մուստաֆա Քեմալը ծնվեր նրա արգանդում։ Տասնամյակներ անց Շահան Նաթալիին փոքր ինչ կհակադրվի քաղաքագետ Մանվել Սարգսյանը։  Ինչպես այն ժամանակվա բոլոր հայ գործիչները, Շահան Նաթալին նույնպես թուրքերի գործողություններում տեսնում էր միայն «այլազգիների վայրի ջարդը»։ Այն ըմբռնումը, որ ամեն ինչի հիմքում ինքնիշխանությունն է, այդպես էլ չհայտնվեց անգամ տարիներ անց։ Նրա համար էլ անհասանելի մնաց այն պարզ ճշմարտությունը, որ ազգային մեծամասնությունը չի կարող հայտնվել մի տարածքում, որտեղ ինքնիշխան ռազմավարություն չի իրականացվում։ Թշնամական ուժի կենտրոնի դեմ կարող է պայքարել միայն ինքնորոշմամբ ձևավորված ուժի նոր կենտրոնը։ Իսկ մնացած ամեն ինչ առաջանում է անխուսափելի կանոնավոր պատերազմի և նրանց ազգային իշխանության վերահսկողության տակ անցնող ժողովուրդների զուգահեռ տարանջատման արդյունքում։ Աթաթուրքը բոլորին ցույց տվեց, թե ինչպես է դա արվում։ Շատ տասնամյակներ անց մենք նույն բանը տեսանք Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինքնորոշումից հրաժարվելը քաղաքական համակարգերի փլուզման պայմաններում վերածվում է լայնածավալ կործանման։

Այսօր ճիշտ և ճիշտ կանգնած ենք նման իրադարձությունների կենտրոնում, ինչ որ 1918-20թթ էր։ Այն ժամանակ էլ քաղաքական համակարգեր էին փլուզվել և ի հայտ էին գալիս նորերը և մենք չկարողացանք, մեր քաղաքական միտքը պատրաստ չէր նոր իրողություններին ու մեզ բաժին հասավ արյունն ու ցավը, կորուստները։ 100 տարի անց, այսօր էլ մենք կանգնած են նոր աշխարհակարգի ստեղծման շեմին, մի գործընթաց, որ անցնում է թույլերի վրայով։ Ունենալով նախկին դառը փորձը, կկարողանանք ազգ ու պետություն կերտել, կկարողանա՞նք չհրաժարվել Ինքնորոշումից ու խուսափել կործանումից։ Կկարողանանք, եթե ինչպես Նաթալին է ասում, ճշմարտությունները ճիշտ դասակարգենք։

Թուրքերի և մեր տարբերություններից մեկն էլ շեշտված կերպով հրապարակի վրա է այն փաստով, որ մինչդեռ նրանք կգործեն, մենք կխոսենք։ Եվ որ ամենից տխուրն է, խոսելն ու գործելը մեզ համար դարձել է գործ, ասում էր Նաթալին, իսկը այս օրերի  համար։ Մենք անընդհատ խոսում ենք, գրում ենք, մինչդեռ պետք է գործել ու գործել ու չվախենալ ինքնորոշումից, չվախենալ սեփական բախտը տնօրինելու պատասխանատվությունից։ Խոստովանենք, որ դա էլ կա մեր մեջ, վախը պատասխանատվությունից։ Հիշենք 1991-92 թվականներն ու մեր պատասխանատվություն վերցնելու կամքը, որ մեզ բերեց հաղթանակ։

Արմինե Հայրապետյան

f