Կիսատ մնացած կյանք, որ կյանքեր է փրկում. «ՍաԾի»-ն նկարների հիման վրա ստեղծված բրենդ

  • 10:53 01.08.2024

«ՍաԾի»-ն նկարների հիման վրա ստեղծված բրենդ է։

Սածին՝ Սաթենիկ Սաֆարյանն է, ապագա ուռուցքաբան, ով պիտի փրկեր հարյուրավոր կյանքեր, սակայն 25-ամյա բժշկուհուն հաղթեց չարաբաստիկ քաղցկեղը։

Նունե Սաֆարյանը 25 տարեկան էր, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց ամուսինը՝ Սամվել Սաֆարյանը։ Ունեին աղջիկ՝ Գեղանուշը, եւ դեռ նոր էր իմացել, որ սպասում են երկրորդ բալիկին։

«Բոլորը հորդորում էին դադարեցնել հղիությունը»,- հիշում է տիկին Նունեն, միայն սկեսուրն էր, որ հակառակն էր համոզում։ Աղջկա՝ Գեղանուշի տեսած երազը ամրապնդեց տիկին Նունեի միտքը «հայրիկն ասել է ինձ համար քույրիկ բերես»։

Քույրիկը ծնվեց՝ Սաթենիկը։

Տիկին Նունեն լավ է հիշում այն դժվար օրերը, որ ապրել է աղջիկների հետ, ասում է՝ նույնիսկ ամուսիններով էր դժվար հետպատերազմական Արցախում երեխա մեծացնելը, ուր մնաց՝ մենակ։

Դժվարությունների մասին չի սիրում խոսել, պատմում է, որ միշտ հոգատար բարեկամներով ու ընկերներով էր շրջապատված։

Աղջիկները բարձրագույն կրթություն են ստացել, Գեղանուշը հոգեբան է, Սաթենիկը՝ ապագա ուռուցքաբան։

«Երկու ուսանող ունենալը հեշտ չէր, երբ փորձում էին որեւէ հավաքի չգնալ, կամ ընկերների հետ չմասնակցել կոլեկտիվ հավաքների՝ հորդորում էի հետ չմնալ ընկերներից»,-  աղջիկների պատասխան նվիրումի մասին է հիշում տիկին Նունեն։

Հենց ուսանողական տարիներին ծանոթացա Սաթենիկի հետ։ Նա իմ ճանաչած այն քիչ մարդկանցից էր, ով միշտ ճիշտ բառեր էր գտնում, որ «երբեք տխուր չէր լինում» եւ ուներ աշխարհի ամենազրնգուն ծիծաղը։ Սաթենիկի մեծ ցանկություններից մեկը ճամփորդելն էր, գիտելիքներ ստանալն ու համակ բարություն լինելով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին փրկելը։

Մի քանի ամսվա ընթացքում փոխվեց ամեն ինչ։

Սաթենիկը, որ ամենուր էր իր հանգստացնող ժպիտով ու ամրապնդող խոսքով, բժշկից դարձավ հիվանդ, բայց մինչեւ կյանքի վերջին օրը չդադարեց պայքարել։

«Ամեն անգամ, երբ սպասում էինք անալիզներին, ասում էի՝  հույս ունենանք, որ այս անգամ լավ կլինի։ Սաթն ասում էր՝ մենք հույս չենք պահում, մամ, մենք պայքարում ենք»,- հիշում է տիկին Նունեն։

Սա այն եզակի պայքարներից էր, որ կյանքի պարտությանը չէիր ուզում հավատալ, որովհետեւ Սաթի զրնգուն ծիծաղը մարել չէր կարող, որոհետեւ ինքը պիտի կյանքեր փրկեր, որովհեեւ Սաթի չլինելը պատկերացնել չէր լինում․․․

«City of smile» հիմնադրամի  հայտարարած դրամահավաքը մի քանի օրում հավաքեց նախատեսվող գումարը, որով Գերմանիայում վիրահատվեց Սաթենիկը, բայց ստամոքսի քաղցկեղը աննահանջ էր․․․

Սաթենիկի կյանքի համար պայքարն ավարտվեց, սակայն մոր համար սա նոր պայքարի ուղենիշ էր։ Տիկին Նունեն, որ  ամեն րոպե տեսնում էր Սաթենիկի վերափոխումը, որ տեսնում էր դստեր ուժը՝ չհամարեց իր պայքարը վերջացած։

Գերմանիայում կատարված վիրահատության գումարը պետք է հետ վերադարձվեր։

«Մամ, էդ գումարը պետք է երեխաներին, կփոխանցես հիմնադրամին»,- Սաթենիկի այս խոսքը դարձավ նորի սկիզբ։

Տիկին Նունեն պատմում է, որ որոշ դժվարություններից հետո 2020 թ․ հոկտեմբերին գումարը հետ ուղարկեցին եւ 6080 եվրոն ամբողջությամբ փոխանցեց հիմնադրամին։

«Դրանից հետո ես անզորություն էի զգում, որովհետեւ չգիտեի ինչպես շարունակել օգնել, որովհետեւ Սաթի խոսքը մտքումս էր։ Պիտի օգնեի  մնացած մայրերին, որ չկորցնեն հավատը,- պատմում է տիկին Նունեն։

Օգնելու մղումը հիմնեց «ՍաԾի» բրենդը։

Սաթենիկը սիրում էր լուսանկարել, հիմնականում ջրի արտացոլանքներ, որ կոչում էր «գյոլեր», ծաղիկներ, փողոցներ։  Գեղեցիկը տեսնելու եւ ստեղծելու յուրահատուկ ունակություն ուներ։ Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ եւ որքան ժամանակ ունի․․․ Այդ շատ կարճ ժամանակում  այնքան գեղեցի՜կ կադրեր է անմահացրել, չգիտակցելով անգամ, որ այդ կադրերը կդառնան իր նվիրումի հետնորդները։

Կորուստներից հետո, սովորաբար, մարդիկ դժվար են ուշքի գալիս եւ իրենց կողքին ուրախություն տեսնելը դժվար է լինում, ուրիշին երջանկացնելը՝ ոչ այդքան դյուրին։

Իմ ճանաչած ուժեղագույն կանանցից է տիկին Նունեն, ով անդադար կորուստներ է ունենում իր կյանքում, բայց արցունքների միջից ժպտալն ու դիմացինին հոգեկից, աջակից լինելն իր էությունն է։

Սաթենիկի ֆիքսած գեղեցիկ կադրերը դարձան նոր հիմք, բարության նոր ակունք․ նկարները դարձան վզնոցներ, տետրեր, ալբոմներ ու սփռոցներ։

Ստեփանակերտից տիկին Նունեն կարգավորում էր գործնական ամեն հարց Երեւանում, հավատով լի էր՝ շարունակում է աղջկա պատգամը։

Քաղցկեղը դարձավ թշնամի, որի հետ արդեն 6 տարի պայքարում է։

Բռնատեղահանությունից հետո մասնագիտությամբ ուսուցչուհի տիկին Նունեն աշխատանքի անցավ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ ամեն օր քաղցկեղի դեմ են պայքարում։

«Սա միակ վայրն է, որտեղ ինձ չեն խղճում, որտեղ բոլորս հասկանում ենք այդ ցավը՝ թե՛ բուժառուները, թե՛ ծնողները։ Այնտեղ այն մթնոլորտն է, որն ինձ Սաթիս մասին է հիշեցնում, աշխատակիցներից յուրաքանչյուրի մեջ ես իմ աղջկա մի մասնիկն եմ գտնում»,- ասում է նա։

Տիկին Նունեն մի մտատանջություն ունի․ ֆեյսբուքյան իր էջում երբեմն Ստեփանակերտի գերեզմաններից է արբանյակային նկար հրապարակում․ աղջկա գերեզմանը տեղում է, այսինքն՝ հույս կա, որ մի օր հնարավոր կլինի տեղափոխել այստեղ․ սա է հիմա նրան մտատանջող գլխավոր հարցը։

«ՍաԾի»-ն՝ միշտ ժպտուն ու կենսախինդ Սաթենիկի նկարների հիման վրա, ուժեղ մայրիկի ստեղծած բրենդն է, ով փորձում է շարունակել աղջկա կիսատ մնացած պայքարը։ Համարելով, որ քաղցկեղն, այո՛, իր թշնամին է, պայքարում է կյանքեր փրկելու համար։ Շնորհակալ է յուրաքանչյուրին, ովքեր ընկալում են գաղափարը՝ «ՍաԾի»-ի հետ կյանքեր փրկելու գաղափարը, քանի որ արտադրանքից ստացած շահույթը նվիրաբերում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին։ Հավատում է, որ մի օր ոչ թե առցանց, այլ իրական, մեծ խանութում կվաճառի իր զարգացող եւ մտքում ծնվող տեսականին։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

 

f