Բլոկադային Արցախի միակ, չպակասող վիտամինը հումարինն էր, որ կարելի էր գտնել Կարինե Պետրոսովայի ֆեյսբուքյան էջում։
Սննդի պակասը, տրանսպորտի բացակայությունը, բլոկադայի նախնական շրջանում լավ խանութպան-ընկեր ունենալը դարձան այն հումորներից, որ քիչ թե շատ թեթեւացնում էին ծանր օրերը։
-Ամեն ինչ սկսեց հենց ծանոթ խանութպանից,- պատմում է Կարինեն։- Մի անգամ մտա խանութ եւ արդեն չեմ հիշում՝ ինչ էի ուզում, խանութպանը շատ արտասովոր հայացքով նայեց ու ոչինչ չպատասխանեց։ Այդ պահին հասկացա, որ պետք է լավ ծանոթ-խանութպան ունենաս, որ ապրանքները «տակից» տան։
Այսպես հայտնի ֆիլմերի հերոսները հայտնվեցին Ստեփանակերտում, եւ սկսվեցին բլոկադային երկխոսությունները։
Կարինեի ֆեյսբուքյան էջը վիրուսային ձեւով տարածվում էր, որովհետեւ նա գտել էր բոլորիս հուզող խնդիրների հումորային լուծումը։
–Հաճախ ասում էին ինձ՝ նկարներիցդ ենք հասկանում, թե որ խանութում ինչ են ստացել,- հիշում է Կարինեն։
Իրավիճակը գնալով վատանում էր, եւ օգոստոսի կեսերին ու սեպտեմբերի սկզբին անհնարին էր թվում դժվարությունների հաղթահարումը, բայց պատերազմն ու Արցախի հայաթափումը ամենածանրն էին։
Դժվար էր պատկերացնելը, որ ծննդավայրումդ վերջին օրերն ես ապրում եւ շատ հավանական է, որ այլեւս երբեք չկարողանաս գալ տուն, այցելել հարազատներիդ գերեզմանները։
Կարինեն մեծացել է առանց հոր, ավելին՝ հայրը մահացել է հենց իր ծննդյան օրը, երբ ինքը 5 տարեկան էր դարձել։ Մանկությունը թեեւ դժվար էր, բայց իր հուշերում ամենաջերմ պահերն են տպավորվել։ Իր մանկության ու պատանեկության լավագույն հուշերը պապիկ-տատիկի հետ են կապված, որոնց հետ մեծացել են։
Պապիկի մասին հատվածը Քաթից
Ինչպես բոլորի, այնպես էլ Կարինեի համար ամենադժվարը անխնամ ու անտեր մնացած գերեզմաններն են, եւ այն մեծ կարոտը, որ ունենք բոլորս։
Կարոտի հաղթահարման, տունն ավելի մոտ զգալու համար Կարինեն լուծում է գտել։
-Ես լավ եմ նկարում եւ հաճախ եմ թուղթն ու մատիտը ձեռքս վերցնում։ Մի օր կարոտի հետքերով մեր տունը նկարեցի, նույնիսկ առանձնացրել էի լվացքի քողի կախիչների ամանը,- պատմում է նա եւ ասում, որ այդ նկարը դարձավ դաջվածք՝ ձեռքին։
-Տնեցիների արձագանքները տարբեր էին, որովհետեւ չգիտեին, թե ինչ դաջվածք է, բայց երբ ձեռքիս տեսան մեր տունը՝ մեղմացան։
Բռնատեղահանությունից հետո Կարինեն շարունակում էր ջերմացնող հուշեր գրել Արցախի մասին՝ բոլորիս տներում եղած թավայի մասին, որ ոչ ոք չի բերել, սկզբնական շրջանում աշխատանք փնտրելու եւ տասնյակ հարցազրույցների գնալու մասին, վերջերս շատ հանդիպող ատելության խոսքի մասին, բայց այս ամենը՝ նորից հումորով։
Ասում է՝ միակ միջոցը չխելագարվելու…իրավիճակին այլ տեսանկյունից նայելն է եւ հումոր ավելացնելը։
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: