Step1.am-ի զրուցակիցն է՝ Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը։
-Արցախի հայաթափումը կանխամտածված ծրագիր է՝ իրագործված ներքին և արտաքին իշխանական կառույցների կողմից։ 44֊օրյա պատերազմից հետո ժողովրդին սպառնալիքով վերադարձնելը խոսում է նոր փողերի լվացման մանիպուլյատիվ քայլի մասին… Ամբողջ երկիրը վերածել էին շինհարթակի, երբ թշնամին քայլառքայլ ստրատեգիական բարձունքներ գրավելով՝ մեզ վերցրել էր աքցանի մեջ, երբ կարելի էր այդ գումարները դնել բանակաշինության և պաշտպանական կառույցների ամրապնդման վրա… Հիմա եկել եմ այն կարծիքին, որ այդ տները տեղահանվածների համար չէին, այլապես ամբողջ Իվանյանի երկայնքով ի՞նչ նպատակով էին բոլոր տները 4֊5 սենյականոց սարքել և սալիկապատել…
Ամեն ինչ մտածված էր, ամեն մի քայլ պլանավորված էր, և եթե հանկարծ բողոքողներ էին լինում, ովքեր իրենց հետևից համակիրների հոծ բանակ ունեին, հրավիրում էին կլոր սեղանի շուրջ՝ պաշտոն և կաբինետ տալով՝ պայքարի ոգին սպանում դեռ սաղմում…
Այսպես ընկավ Արցախը, ընկավ ապիկար, ընչաքաղց իշխանությունների կողմից, ովքեր չխղճացին երեք պատերազմ տեսած իր բազմատանջ ժողովրդին և ստիպեցին անցնել վերջին՝ հայրենասպան, ազգակործան պատերազմի արհավիրքի միջով… Ես այնքան ցնցված էի, որ անգամ ապրումներ չունեցա…Ապրումները հատուկ են սթափ գիտակցություն ունեցող և իրադրությունը վերլուծել կարողացող մարդուն… Այն զգացողությունը ունեի, որ ծնողներիս նորից եմ դնում գերեզման… Ու բացի դրանից, ծանր վիրավորում էր ստացել որդիս, և թունավոր գնդակ լինելու պատճառով վերքերը չէին լավանում։
Սպասում էինք Հայաստանից ժամանելիք շտապբուժօգնության մեքենաներին, և միայն Կարմիր խաչի միջնորդությամբ հաջողվեց ծանր վիրավորներին տեղափոխել ՀՀ։
– Տեղահանումից հետո ինչպես է ձեզ հաջողվում ինտեգրվել նոր միջավայրում։
-Հայրենիքը թողնելը, լքելը այնպիսի զգացողություն էր թողել իմ մեջ, որ ես դադարել եմ ես լինելուց, ես գիտակցական մարդուց վերածվել եմ կենսաբանական գոյության, իսկ որդուս հետզհետե վատթարացող առողջությունը Դամոկլյան սուր էր իմ գլխավերևում… Բայցևայնպես ուժ գտա իմ մեջ, հաստատվելով Երևան քաղաքում՝ աշխատանքի անցա հրուշակեղենի արտադրամասում (բավական փորձ ունեի, որովհետև Ստեփանակերտում հրուշակեղենի արտադրամաս ունեի)։ Հիմնականում թխում եմ արցախյան համուհոտ ունեցող քաղցրավենիքը, ժենգյալով հացն ու թերթերուկը։
– Բնակարանային աջակցության և ՀՀ քաղաքացիություն ընդունելու մասին ի՞նչ եք մտածում։
-Բնակարանային ծրագիրը ոչ թե ծրագիր է մարդկանց բնակարաններով ապահովելու համար, այլ հերթական ծաղր տնանկ եղած իմ ժողովրդին, ծրագիր՝ նորից ստիպել բռնելու արտագաղթի ճանապարհը։ Արցախցիների 40 տոկոսը թողել են մայր Հայաստանը՝ աշխատանք և բնակատեղի փնտրելով օտար երկրներում.։ Սա էլ արցախցիների հայաթափման ծրագրի երկրորդ փուլն է, այլապես ի՜նչ մեծ դժվարություն է 20 000 ընտանիքներին բնակարանով ապահովելը․ ընդամենը երկու տասնյակ բազմահարկ, այդ էլ այն դեպքում, երբ ողջ Հայաստանն է վերածվել շինհարթակի։
Ամենացավալին՝ մեզ ցրել են ողջ հանրապետությունով մեկ, մեր մշակույթն ու ավանդույթները, չքնաղ բարբառը կանգնել են փլուզման վտանգի տակ։ Մի՞թե այս 10 ամիսների ընթացքում, թեկուզ երկրորդ հերթով արցախցի երեխաների համար դժվար էր ուսումնական գործընթաց կազմակերպել՝ ամեն ընտանիք մի հոգեբան գործուղելու փոխարեն։ Մեր երեխաները սթրեսից դուրս կգան՝ շփվելով իրենց համերկրացիների հետ, խոսելով իրենց բարբառով։ Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել սեփական ժողովրդին, այդքան անտարբեր լինել պատերազմի դժոխքն անցած երեխաների նկատմամբ։ Մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել…
Մենք միշտ էլ եղել ենք ու կանք Հայաստանի քաղաքացի, այդ են վկայում մեր անձնագրերը։ Իսկ թե երկրորդ անգամ քաղաքացիություն ընդունելը ինչ ինտրիգի է մղում, չգիտեմ։ Ցրել սահմանամերձներում՝ ինչպես ճորտեր, շատ վիրավորական է։ Մենք չենք վախենում պատերազմից, ամբողջ Արցախն էր շրջանագծով սահմանամերձ և 4 պատերազմ է տեսել ու մաքառել։ Եթե տալիս են բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ, ապա դա թող լինի կամընտրական սկզբունքով, մարդիկ թող ընտրեն իրենց բնակության վայրը։
– Գիտենք, որ հայրենասիրությամբ լցված ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվներ էիք ղեկավարում ու հաստատ կապ եք պահպանում բոլորի հետ։
-Դժվար եմ ապրում առանց իմ աշակերտների, կոլեկտիվի, համագյուղացիների, հարազատների։ Միշտ էլ հասարակական գործունեություն եմ վարել, հիմա շատ դժվար եմ համակերպվում նոր իրողությանը, միշտ թվում է՝ մի երկար մղձավանջային երազի մեջ եմ և, ուր որ է, կարթնանամ իմ տանը, իմ անկողնում, կքաշեմ լուսամուտիս վարագույրը, կնայեմ Քիրսին, Մռովին, Սուրբ Աստվածածին տաճարից եկող զանգերի հետ կխաչակնքեմ ու կասեմ “Փառքդ լինի, Տե՜ր”։ Ու համոզված եմ, որ կվերջանա այս մղձավանջը, քանի դեռ կա ազգային ոգի, ազատատենչ երիտասարդներ, ու մի օր էլ մեր ժողովուրդը կարթնանա լեթարգիական քնից և կպաշտպանի իր արժեքները։
–Ձեր խոսքը արցախցիներին և Արցախի ճակատագրի մասին ձեր տեսլականը։
-Արցախցիները ազգի սերուցքն են, և գուցե Աստված ամենաուժեղին է տալիս փորձությունները հաղթահարելու առաքելությունը։ Չորս պատերազմներում մենք ապացուցեցինք, որ մեզ կոտրելն անհնար է։ Մենք դեռ ունենք պայքարի ու ցասման իններորդ ալիքը և մեր սուրբ Հայրենիքից կքշենք պիղծն ու ուխտադավը։ Հայրենիքից դուրս ես Հայրենիք չեմ տեսնում, իմ երազանքները մնացել են Արցախում, ու ես տեր պիտի կանգնեմ նրանց։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: