Գերիների փոխանակումը տեղի է ունենում կամ պատերազմից առաջ կամ հետո։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերջին խոշոր փոխանակումը Թուրքիայի միջոցով լայնորեն դիտարկվում է որպես բանակցությունների և դիվանագիտական գործընթացի սկիզբ: Սակայն կարծիք կա, որ գերիների փոխանակումը լայնածավալ պատերազմի սկիզբի նշան է։
Արցախյան հակամարտությունում գերիների հարցը Բաքուն օգտագործում է քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Դեռ չի մոռացվել, թե ինչպես 23 հայ գերիների վերադարձի դիմաց Հայաստանի կառավարությունը համաձայնվեց Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացմանը։ Բաքվում մնացած բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի պայմանների մասին կարելի է միայն ենթադրել։ Իսկ պայմաններից մեկը հավանաբար Արարատ Միրզոյանի Բաքվի գագաթնաժողովին մասնակցելն է և «խաղաղության պայմանագրի սկզբունքների» պայմանական փաստաթղթի ստորագրումը։
Մինչդեռ Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ, ի տարբերություն Հայաստանի, Արևմուտքը, չնայած Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, ամեն ջանք գործադրեց իր քաղաքացիներին ազատելու համար։ Նախկին դեսպանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները ճանաչված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ինչը մեծացնում է նրանց ազատ արձակման հնարավորությունները։
Չնայած Բաքվի և Մոսկվայի կոչերին՝ ԵԱՀԿ-ն հետ չի կանչում Մինսկի խմբի մանդատը։
Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում, ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ գործընթացի հետ կապված նորություն չունի։
Նշելով, որ ռուսական բանտից երեկ ազատ է արձակվել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում, իսկ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներ կան:
Լրագրողը վկայակոչել է նաև Freedom House-ի տվյալները՝ նշելով, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է աշխարհում։ Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Աֆղանստանի միջև՝ լրագրողը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակն ավելի վատ է, քան վերոնշյալ երկրներում:
Լրագրողը հարց է հնչեցրել, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը, և ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», – պատասխանել է Պատելը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: