Հայաստանում կստեղծվի 200 մլն դրամ կապիտալով ընկերություն, որը կզբաղվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման խնդրով։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 1-ին հանրապետության կառավարության նիստում։
Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, հավանություն է տվել «Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման որոշմանը։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ գործող ատոմակայանի կողքին առնվազն նույն հզորությամբ նոր էներգաբլոկ պետք է կառուցվի՝ մինչև 2040 թվականը շահագործման ժամկետի ավարտից հետո։
Այս գործընթացը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններին համապատասխան կազմակերպելու համար էլ ստեղծվում է կազմակերպություն։Ստեղծված աշխատանքային խումբը պետք է կողմնորոշվի և կառավարությանն առաջարկ ներկայացնի, թե ինքն ինչ է ուզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը:
«Կան տարբեր տարբերակներ: Հիմա տարվում են աշխատանքներ, որպեսզի հիմա գործող հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվի մինչև 2036 թվականը: Մեր ատոմակայանը բավականին բարվոք վիճակում է և իմ կարծիքով մենք ունենք ևս 5 տարի երկարացնելու հնարավորություն: Նույն ՌԴ-ում այդպիսի բլոկների կյանքի ժամկետը երկարացվել է 30 տարի: 2036-ին կարող ենք ևս 5 տարի երկարացնել, բայց միևնույն է՝ այդ ժամանակը սպառվելու է:
Մոտ 10 տարի է տևում, մինչև նոր ատոմակայան ես կառուցում: Մեզ անհրաժեշտ է մոտ 600 մեգավատտ հզորության ատոմային բլոկ: Դա միջին հզորություն է: Ցածր հզորությանը մինչև 300 մեգավատտն է, որը ընդունված է ասել մոդուլյար կայաններ:
Այսօր կան տարբեր երկրներից առաջարկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Կորեայից, Չինաստանից: Չինացիների հետ շատ բանակցություններ չեն տարվել: Կորեացիների հետ եղել են զրույցներ, որոնք ունեն 1400 մեգավատ հզորության բլոկներ: Լավ բլոկներ են կառուցում, բայց այս դեպքում ևս ակտիվ բանակցություն չի գնացել»,- ընդգծեց նա:
Վահրամ Պետրոսյանի ներկայացմամբ, ակտիվ բանակցություններ եղել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. «ՌԴ-ում կա 1000 մեգավատ հզորության բլոկ և կա AP300 մեգավատ հզորության կայան, որը այդ 1000-ի փոքր տեսակն է: Դա նման է մեր ատոմակայանին:
Ամերիկացիների առաջարկը տարբերվում է մեր ատոմակայանից»:
«Ռուսական կողմը փնտրտուքների մեջ է, կա այսպիսի տարբերակ, որ 1200 մեգավատը կառուցես, բայց էլեկտրաէներգիան կիսես, կեսը Հայաստանն օգտագործի, կեսը արտահանի կառուցողը: Ասի՝ 600 մեգավատտի տերը ես եմ, ես կարտահանեմ, դա շատ լավ տարբերակ է, իմ կարծիքով:
Հիմա եւ ռուսներն են առաջարկ ներկայացրել, եւ ամերիկացիները շուտով կտան իրենց առաջարկը: Նրանք տարբեր տարբերակներ են նայում՝ 1000 մեգավատանոց, 300 մեգավատանոց: Բայց ատոմակայաններ կառուցելու առումով ռուսները շատ ավելի ակտիվ են: Վերջին 20-25 տարիներին ամերիկացիները որեւէ տեղ ատոմակայան չեն կառուցել»:
Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ավարտին մնացել է 12 տարի։ Ըստ Գնել Սանոսյանի՝ նոր էներգաբլոկը կառուցվելու է գործող կայանի տարածքում, բայց թե կոնկրետ որ թվականին են սկսվելու շինարարական աշխատանքները, որքան գումար կպահանջվի դրա համար, նախարարը չհստակեցրեց։
Ըստ մասնագետների՝ նոր ատոմակայանի կառուցման համար առնվազն 10 տարի է պետք։
Ընտրությունը նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապում Հայաստանի կառավարությունը, բայց չեն բացատրում, թե կոնկրետ ինչ զարգացումներ նկատի ունեն։
Մինչդեռ ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամ Սուրեն Բզնունու, «ներկայումս դիտարկվում են տարբեր երկրների առաջարկներ՝ Միացյալ Նահանգների, ընդ որում, 3-4 տեխնոլոգիաների մասին է խոսքը: Ուշ աշնանը մենք կունենանք նախնական հաշվետվությունը, և արդեն գարնանը կառավարության սեղանին կդրվի որոշում կայացնելու համար պիտանի տեխնիկական նյութ, որի հիման վրա արդեն կառավարությունն իր որոշումը կկայացնի: Բայց հասկանալի է, որ կառավարությունը ոչ միայն տեխնիկական նկատառումներով է առաջնորդվում, այլև գոյություն ունի ազգային անվտանգության բաղադրիչ, երկարաժամկետ առումով Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն»։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործող ատոմակայանը պետք է ավարտվեր 2016 թվականին, սակայն հիմնանորոգման շնորհիվ նրա շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2026 թվականը։ Աշխատանքների զգալի մասն իրականացվել է ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին՝ 189 մլն դոլար, մյուս մասը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 63,2 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով։ – 162,8 մլն դոլար):
Մինչդեռ հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:
Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով դիտարկվում է նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: Գրիգորյանը կարևորել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: