Ապրել կյանքը
2023 թվականի ամառն էր։ Շրջափակման ծանր բեռը թոթափելու ևս մեկ հնարավորություն էր Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում «Жить жизнь» երգի պրեմիերան։ «Մռակած» երգչախմբի փայլուն կատարմամբ այդ երգի միջոցով ներկաներին փոխանցվեց ապրելու, չկոտրվելու ու պինդ լինելու մեսիջը։
Երգչախմբում իր անկրկնելի ձայնով առանձնանում էր երգչուհի Գոհար Ալեքսանյանը, որի հոգեզմայլ ձայնին արցախցի հանդիսատեսը վաղուց էր ծանոթ։ Գոհարն իր ուղին ու ասելիքը փոխանցելու երգի, երաժշտության ու մանկավարժության ուղին է ընտրել։ 2020 թվականից հետո, շրջափակման օրերին, ցավն ատամների տակ սեղմելով, երգել է, ուժ ու կորով փոխանցել արցախցուն՝ փորձելով իր արվեստով գոնե մի փոքր մեղմել դաժան իրականությունը։
Գոհարը պատմում է․
Կյանքը` պատերազմից հետո
2020-ին չվերադառնալու տարբերակ չկար, միշտ եղել է անպայման հետ գնալու միտքը, ինչպես որ հիմա է։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մինչև վերջ մնացել ենք՝ հույս ունենալով, որ մեկը դուրս կգա ու կասի, որ ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք։
2020-ին մենք Ծաղկաձորում էինք։ Այն ժամանակ էլ մտածում էինք, որ մի քանի օրից հետ ենք գնալու։ Նույնիսկ այդ հյուրանոցում գտնվող երեխաների հետ հայրենասիրական, ազգագրական երգերով երեկոներ էինք կազմակերպում, ես դաշնամուրի վրա նվագում էի, նրանք՝ երգում։ Եվ անընդհատ մտածում էինք՝ շուտ ավարտվի, գնանք մեր տները։
2020-ի պատերազմից հետո առաջինն այցելեցի ամենահարազատ վայրերից մեկը՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Դպրոցը պատերազմից հետո շատ էր վնասվել, արտաքին մասի հայելիները լրիվությամբ փշրված էին։ Աչքիս առաջ է այն տեսարանը, երբ այդ քարուքանդ միջավայրում հավաքվել էինք դաշնամուրի շուրջ ու երգում էինք «Անունս Արցախ է, ես չեմ հանձնվում» երգը։ Մենք մտածում էինք այնտեղ մնալ ու այնտեղ ապրել։ Եթե դու արվեստի մարդ ես, ապա փորձում ես քո արվեստով ապրեցնել։
Երբեմն բարեկամներս տարբեր երկրներից ասում էին՝ եկե՛ք մեզ մոտ, բայց մենք ասում էինք՝ եթե մենք գնանք, ապա ո՞վ պետք է ապրի Արցախում։ Որևէ վայրկյանիս, որևէ ներդրումիս համար չեմ ափսոսում։ Նույնիսկ տան վերանորոգման աշխատանքներ էինք կատարում։
Ստեղծագործական ուղի
Երբեմն մտածում էի, որ հայրենասիրական երգերը երգացանկիցս քչացնեմ, նոր ժամանակակից երգերով, նոր մեթոդներով առաջ շարժվեմ, բայց 2020-ի պատերազմը, ցավոք, ավելի ակտուալ դարձրեց այդ երգերը, կյանքը ստիպեց նորից վերադառնալ այդ ամենին։ Ես արվեստի մարդ եմ, և իմ խոսքն արվեստով եմ ասում, դրա համար քաղաքականության հետ կապված մտքեր չեմ արտահայտում։ Իմ արվեստն էլ Արցախն է, նրա անունը հնչեցնելն է, նրա մշակույթը, մեր զինվորի պատիվը բարձրացնելն է։
Անկախ նրանից, ֆինանսավորվու՞մ էր, թե՞ ոչ, մենք աշխատել ենք մասնակցել միջոցառումներին, մեր երախտիքը հայտնել ներդրում ունեցող բոլոր մարդկանց։
Երաժշտական դպրոցի իմ սաներին անչափ շատ եմ սիրում։ Անհատական չէի երգում, որպես մեներգչուհի ելույթ չէի ունենում, բայց քանի որ մի ընտանիքի մասնիկն եմ, որտեղ միայն երաժիշտներ են, մարմնիս ամեն մի բջիջում նոտա է, չէի կարող գենետիկայիս հակառակ գնալ ու չերգել։ Երաժշտական կրթությունը, մանկավարժի բարձրագույն կրթությունը ու նաև այն, որ Տիրոջից տրված տաղանդը չմարվի, բաժնեկցում էի դա իմ սաների հետ։ Աստված երբ շնորհ է տալիս, չես կարող քո մեջ թաքուն այն պահել։ Հիմա էլ այդ հարցում ինձ մեղավոր եմ զգում, որ լրիվությամբ Նրա տվածը չեմ օգտագործում, չեմ ավելացնում։ Այն ժամանակ էլ այդ նույն զգացողություններ էին, դրա համար ցանկացա աշխատել երաժշտական դպրոցում։ Երեխաներն ինձ միշտ ոգևորում էին։ Ինչ-որ տեղ նույնիսկ հոգեբան էի նրանց համար, երաժշտական գիտելիքների զուգահեռ սեր ու բարություն էի փոխանցում նրանց։
Շատ դժվար էր ստեղծագործող մարդու համար մտածել արվեստի մասին, երբ պատերազմում կորուստներ ես ունեցել, երբ առօրյա հոգսերը ճնշում են։
Բայց մի գործարար ընկեր ունեմ, ով մի անգամ ինձ ասել է՝ «Գոհար, դե արի դու բիզնես արա, ես էլ երգեմ»։ Եթե ես երգչուհի եմ, մանկավարժ եմ, ուրեմն պետք է անեի իմ գործը։ Քույրս, ով երկար տարիներ արտերկրում էր, նույնիսկ նեղ շրջանակում երբ երգում է՝ իսկույն լացում է։ Ինձ ասում է՝ ինչպե՞ս էիր երգում 2020-ից հետո։ Ինչպե՞ս էի երգում։ Այնքան տանը մենակ երգում էի, այնքան մեր տան պատերում լացում էի, որ ինչ-որ ձևով կարողանում էի բթացնել այդ զգացմունքը ու բեմում ինքնատիրապետումս պահում։
2023-ի հունիսի 27-ին «Մռակած» երգչախմբի հետ Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգում ներկայացրել ենք «Жить жизнь» երգը, որը երգչախմբի ղեկավար Մարինա Սերգեևնայի գաղափարն էր։ Այդ երգը հիշվել է, որովհետև յուրահատուկ մեսիջ ուներ իր մեջ։ Մենք պարզապես ուզում էինք ապրել մեր երկրում, մեր ծննդավայրում։ Ոչ մեկս չէր ուզում լքել մեր հայրենիքը։ 2020-ից հետո ովքեր վերադարձել են Արցախ՝ միտք չունեին այնտեղից հեռանալու, այլապես չէին էլ վերադառնա։ Ճիշտ է, կային մարդիկ, որոնք շրջափակման ծանրությունից դրդված ասում էին՝ բացեն ճանապարհները, գնանք, բայց շատերն այլ կերպ էին մտածում։ Ուզում էինք Ապրել Կյանքը հենց այդ երկրում, այդ հողում։ Միամիտ էինք, մտածում էինք մեզ կլսեն, կօգնեն։ Ավաղ․․․
Շրջափակման օրերին
Շրջափակման օրերին ամեն ինչ անում էինք, որ հաղթահարենք դժվարությունները։ Նույնիսկ կաղին էինք հավաքել, բովել ու սուրճ պատրաստել։ Ինչեր ասես մտքներովս անցնում էր։ Ձևեր էինք մտածում ամեն մի դժվարություն հաղթահարելու համար, միայն թե մնայինք մեր տներում։ Բլոկադան շատ հարցերում մեզ համախմբել է։ Հացի հերթերի ժամանակ մեկս մյուսի համար էլ էինք հերթ բռնում, ով շաքարավազ, թեյ կամ ուրիշ ուտելիք ուներ, որը կարող էր կիսել, անպայման բաժին էր տալիս իր շրջապատի մարդկանց։ Մարդ եթե բարի է իր էությամբ, ապա դժվար պայմաններում էլ է բարի մնում։ Չարը չարանում է, բարին՝ բարիանում։
Իրականում շատ հաճելի զգացողություն էր, երբ օգնում էիր որևէ մեկին։ Դեպքեր կային, երբ լավ վիճակում գտնվող շորեր հավաքում էի ընկերներիցս և մեր գյուղի բազմազավակ ընտանիքներին էի օգնում։ Այնքան մեծ սեր կար այդ ամենի մեջ։ Հետո մի պահ եկավ, որ այդ ամենը չէի անում, զգացի մեծ դատարկություն։ Այդ մի կաթիլ բարությունը, որ պիտի ավելացնեի, օրեցօր պակասում էր։ Դրա համար բարի գործ անելը առաջին հերթին հենց մարդուն է պետք՝ ինքն իրեն մարդ զգալու համար։ Մի նշանաբան ունեի, որը հիմա էլ եմ փորձում պահել․ «Այսօր ես ավելի լավը պետք է լինեմ, քան երեկ»։
Հիշում եմ, երբ բենզին ենք գտել ու արդեն պետք է դուրս գայինք, մեր շենքում մի կին մենակ էր մնացել։ Նա սպասում էր, որ ավտոբուսներ պետք է գային ու, մենակ լինելով, շատ վախենում էր։ Ասում էի՝ Հասմի՛կ, մի՛ վախեցիր, այնքան ենք սպասելու, մինչև ավտոբուսները գան ու հետո բոլորս միասին դուրս գանք։ Ու այդպես էլ արեցինք։
19-րդ օրը
Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի գնալ Շառլ Ազնավուրի կենտրոն՝ կաթ ստանալու։ Այնքան ուրախ էինք դրա համար։ Դուստրս թիվ 3 դպրոցում էր, գնացել էր ընկերների հետ հանդիպելու։ Ծնողներս ու 95 տարեկան տատիկս տանն էին։ Վազելով հասել եմ 3-րդ դպրոց։ Սկզբից մնացինք դպրոցի նկուղում։ Հետո արկերի պայթյունների տակ վազելով հասանք տուն, որպեսզի բոլորս միասին լինենք։ Այնտեղից ոչ մի նկուղ չենք գնացել, մնացել ենք տանը։ Գիշերը, երբ արկն ընկել է հարևանի տունը, վախեցել ենք, բայց, միևնույնն է, որոշել ենք մնալ տանը։
Չէինք մտածում, որ ամեն ինչ կարող էր այս ձևով լինել։ Ենթադրում էինք, որ մինչև 2025 թվականը, քանի կար Եռակողմ համաձայնությունը, պատերազմ չի լինելու։
Հայաստանում
Հայաստանում ամենաջերմ ձևով են ընդունել մեզ։ Երբ Հակարին անցանք, տեսանք ինչ հոգատարությամբ ու սիրով են մարդիկ մեզ դիմավորում։ Միայն ինձ նեղում է այն հանգամանքը, որ ստիպողաբար ես դարձա Հայաստանի բնակիչ, ես միշտ Արցախի բնակիչ էի ուզում լինել։ Սերս Ստեփանակերտի հանդեպ խամրեցնում է մնացած բոլոր վայրերը։ Փոքր քաղաքներում ապրած մարդիկ այլ մտածողություն ունեն։ Մեր փոքր քաղաքում ջերմությունը, շփումն ուրիշ էր։ Սաներիս հետ հրապարակում հավաքվում էինք, խաղեր խաղում, ուրախանում։ Բոլորն իրենց պայուսակները մի տեղ հավաքում էին։ Երբեք չի եղել, որ որևէ մեկի պայուսակից որևէ իր կորչեր։ Երբևէ չէինք մտածել, որ ինչ-որ բան կարող է կորչել։ Փոքր քաղաքի մտածելակերպն է դա։
Հայրիկիս 70-ամյակին զանգել էի «Խոնչա թայմը», պատվեր անելու։ Դա նրանց վերջին պատվերն էր։ Ստիպված էի Ստեփանակերտի ծայրամասը հասնել ու այդ պատվերը վերցնել։ Այդ ընթացքում, որպեսզի կարճ ճանապարհով հասնեմ, այնպիսի փողոցներով էի գնում, որոնցով երբևէ չէի գնացել։ Այնպիսի տպավորություն էր, որ մեզ հնարավորություն էր տրվել շատ քայլել ու վերջին անգամ լիարժեք ըմբոշխնել ամեն մի քարը, թուփը, հիշել ամեն մի փողոցի անկյունը։ Երբ հետ դառնանք, «Մազի կամրջից» հողը համբուրելով բարձրանալու եմ։ Հայաստանում բարի մարդիկ օգնել են աշխատանքի հարցում։ Ցավոք, այս պահին դեռ ոչ մասնագիտական եմ աշխատում։ Մտածում էի ստուդիա բացել, բայց հետո հասկացա, որ այդ ստուդիայում սովորողը լինելու է արցախցին։ Ես ինչպե՞ս պետք է այս պայմաններում գտնվող արցախցուց գումար վերցնեմ։ Նույնիսկ Արցախում գտնվելով գումար չէի վերցնում անհատական պարապմունքերի համար։ Միայն երբ հուշ-երեկոներ կամ Արցախի հետ կապված ինչ-որ միջոցառումներ են լինում՝ մասնակցում ենք։
Այս պահին իմ մտահոգությունը ծնողներս են, որոնց մասին պետք է հոգ տանեմ, 95 տարեկան տատիկս է, երեխաներս և ընկերներս են։
Խոսք ի խորոց սրտի
Արցախահայությանս տոկունություն եմ մաղթում, նաև՝ որ ամեն մի օրը ուժ ու կորովով լցվի։ Այսպես թե այնպես, օրդ զրոյից ես սկսում։
Դու չես կարող ասել՝ երեկ ես մի լավ բան եմ արել, այսօր արդեն էլ պետք չէ ոչինչ անել։ Ամեն օրվա մաքուր էջդ պետք է լրացնես, այդ էջը պետք է լինի բարի գործերով, բարի մտքերով լցված, որպեսզի ուժ հավաքես ապրելու, առաջ շարժվելու համար։ Կյանքը նրա համար է, որ ապրես։ Մեռնելը, ոչինչ չանելն ամենահեշտն է, դու փորձիր ապրել։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: