Արցախցիների հանդեպ վերաբերմունքի մեջ ոչ բոլորն են տեսնում հայ ժողովրդի «կենսագրության» նվաստացումը

  • 08:38 05.08.2024

Երեւանի դատարանը չի կալանավորել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը: Փաստաբանի խոսքով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է նախաքննության միջնորդությունը՝ Արամ Երիցյանի կալանքը համարելով անօրինական։ Նշենք, որ 27-ամյա Արամ Երիցյանը բերման է ենթարկվել իբր մեքենան ոչ պատշաճ կայանելու համար։ Փաստաբանը հայտարարել է, որ պարեկները ծեծել են եղբորը, փորձել են ձեռնաշղթաներ հագցնել, թեև վերջինս ինքնակամ համաձայնել է գնալ ոստիկանություն, և ապօրինի գործողություններն ուղեկցել են հայհոյանքներով, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ։

Ռոման Երիցյանը դա կապում է իր գործունեության հետ. նա պաշտպանում է արցախցիների իրավունքները, որոնք ենթարկվում են Հայաստանի իշխանությունների կողմից անբացատրելի թվացող բռնությունների եւ ճնշումների։

Խոսքը նախագահ Սամվել Շահրամանյանի մասին է, ում մեքենան առգրավվել է ու այլեւս չի վերադարձվել։ Նաև Արցախի համայնքների ղեկավարների մասին, ովքեր ինչ-որ պատրվակներով կալանավորվում էին, երբ Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցեր էին տեղի ունենում (ձերբակալում էին ոչ թե տավուշցիներին, այլ արցախցիներին)։

Ձերբակալված արցախցիներից ոմանք ազատ են արձակվել կալանքից, սակայն գործերը չեն փակվել։

Երիցյանի եղբոր դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց, և եթե Քննչական կոմիտեն հերքեց բռնություն կիրառելը (թեև դա հետագայում ապացուցվեց տեսաձայնագրությամբ), ապա պաշտոնական փաստաթղթերում ոչինչ չի ասվում արցախցիներին նվաստացնելու, հնարավորինս խորը խոցելու նրանց պատիվն ու արժանապատվությունը միտումնավոր մտադրության մասին։

Ինչո՞ւ է միջադեպը նման հնչեղություն և նույնիսկ իրարանցում առաջացրել իշխանամետ շրջանակներում։ Պարեկային ծառայությունը ստեղծվել և աջակցվում է ամերիկյան նվիրատվություններով։ ԱՄՆ պաշտոնյաները պարեկային ծառայության ստեղծումը համարում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «ժողովրդավարական համագործակցության» հիմնական պտուղը։ Իսկ պարեկների դեմ ցանկացած հրապարակային մեղադրանք սպառնում է վարկաբեկել Միացյալ Նահանգներին և նվազեցնել օգնությունը:

Այն հարցը, որ պետական ​​կառույցները, այդ թվում՝ իրավապահները, ընդգծված անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում արցախցիների նկատմամբ, գրեթե չի քննարկվում արցախցիների հետ արևմտյան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ։ Ֆունդամենտալ խնդիրներ քննարկելու փոխարեն արցախցի կանանց հետ ժենգյալով են թխում, դեմքի սրտացավ արտահայտությամբ խոսում հումանիտար խնդիրների մասին՝ դրանով իսկ արդարացնելով Հայաստանի իշխանության վերաբերմունքը։

Այս վերաբերմունքը Հայաստանում եւս հանրային դիսկուրս չի դառնում, թեև այն առանցքային քաղաքական ցուցանիշ է, որը հայկական պետության վերացման վեկտոր է հանդիսանում։

Քաղաքական քարոզչությունից դրդված՝ շատերը վրդովված են, թե ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ անգամ բնակապահովման ծրագրին մասնակցելու համար։ Բայց քչերն են հարցնում, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն այս ակնհայտ անհեթեթ եւ դժվար իրականացնելի պահանջն առաջադրել որպես պարտադիր պայման։ Դժվար է իրականացնել ոչ միայն այն պատճառով, որ հայկական անձնագրով բազմաթիվ արցախցիներ առանց դրա էլ իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և չեն ցանկանում քաղաքական խաղերի մասնակցել։ Դժվար է իրականացնել նաև, որովհետև մարդիկ 10 ամսվա ընթացքում արդեն երեք անգամ դատապարտվել են փաստաթղթային նվաստացուցիչ քաշքշուկի․ սկզբից նրանց ստիպել են ստորագրել, որ քաղաքացիություն չունեն, հետո ընդունել փախստականի կարգավիճակ, իսկ հիմա՝ քաղաքացիություն։ Շատերը փաստաթղթեր չունեն, իսկ դրանց վերականգնումը երկար գործընթաց է արխիվներում ու դատարաններում։

Հայ հասարակության մեջ ոչ ոք չի հարցնում. կա՞ առանձին հիմնադրամ, որտեղ ՀՀ կառավարությունը կուտակում է արցախցիների համար նախատեսված գումարները, ինչպե՞ս են ծախսվում այդ գումարները։ Որքա՞ն օտարերկրյա օգնություն է ստացվել արցախցիների բնակարանաշինության ծրագրի համար, և որտե՞ղ է դա «կախվել», եթե կառավարության անհեթեթ պահանջներից ելնելով բնակարանաշինության ծրագրի մեկնարկից 2 ամիս անց ընդամենը 30 ընտանիքի է վկայական տրվել։

Կառավարության վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ ունի հեռահար քաղաքական նպատակներ, որոնք հեշտությամբ տեսանելի են, բայց չեն քննարկվում։ Լռությունը բերում է մի իրավիճակի, երբ հասարակության մեջ, որն արցախցիների հանդեպ նորմալ, ադեկվատ վերաբերմունք է ցուցադրում՝ կարեկցանքով և օգնելու պատրաստակամությամբ, արհեստական ​​խոչընդոտներ և բաժանարար գծեր են ստեղծվում։ Ոչ բոլորն են արցախցիների նկատմամբ վերավերմունքի մեջ ամբողջ հայ ժողովրդի, նրա «կենսագրության» և ընդհանրապես ինքնության նվաստացման միտումնավոր քաղաքականություն տեսնում։

Նաիրա Հայրումյան

f