Միջազգային օլիմպիադայի մեդալը հնարավորություն էր տալիս արցախցի Բենիամին Հայրապետյանին առանց քննությունների ընդունվել անվճար ուսուցման համակարգ, սակայն նա ընդունվեց ինչպես բոլոր դիմորդները՝ միասնական քննությունների միջոցով․․․
Բենիամին Հայրապետյանը Արցախից է՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից։ Մինչև 9-րդ դասարանը սովորել է Սարուշենի Գրիգոր Այվազյանցի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում։ Արցախից տեղահանումից հետո ուսումն ավարտել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում։
Բենիամինն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի “Բուժական գործ” ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։
Կրթությունը միշտ էլ բարձրագույն արժեք էր նրա համար, և այն առավել արժևորելու գործում շնորհակալ է բոլոր ժամանակներում դասավանդած իր ուսուցիչներին։
-Սարուշենի միջնակարգ դպրոցն իմ անձի ձևավորման մեջ մեծ ու անգնահատելի ներդրում ունի։ Փոքր տարիքից միշտ մասնակցում էի ամենատարբեր օլիմպիադաների և մրցույթների։ Սակայն իմը քիմիան էր։ Եվ քիմիա ու կենսաբանություն առարկաների նկատմամբ սերն ինձ տարավ Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոց՝ նշված առարկաների խորացված ուսուցմամբ դասարան, որի շրջանավարտը դառնալ, ցավոք, չստացվեց։ Թե՛ Սարուշենում, և թե՛ Ստեփանակերտում սովորելուս տարիներին մասնակցել եմ տարբեր մշակութային՝ մասնավորապես ասմունքի մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր։
7-րդ դասարանից սկսած քիմիան սովորական առարկա չէր ինձ համար։ Այն կախարդական ու զարմանահրաշ մի աշխարհ էր՝ լի ամենատարբեր երանգներով և որպես ապագայի գիտություն, գրավում էր ինձ։ Բարձր դասարաններում սովորողներից շատ էի լսում, որ քիմիան ամենաբարդ, անընկալելի առարկա է, և իրականում, շատերը չեն սիրում քիմիա, որովհետև այն հասկանալը շատ դժվար է։ Քիմիա չսիրողներին հակառակն ապացուցելու համար որոշեցի խորությամբ ուսումնասիրել և ըմբռնել այս առարկայի ամբողջ էությունը։ Եվ քիմիան դարձավ դպրոցական ծրագրի իմ ամենասիրելի առարկան։
Առաջին անգամ այդ առարկայից օլիմպիադայի որոշեցի մասնակցել շատ ուշ՝ 11-րդ դասարանում։ Առաջին փորձս բարեհաջող էր։ Ես, հաղթահարելով, բոլոր փուլերը, հայտնվեցի եզրափակիչ հանրապետական փուլում։ Արցախից միակ աշակերտն էի։ Շրջափակման պատճառով չկարողացա լիարժեք մասնակցել և միացա օնլայն ձևաչափով՝ միայն տեսական փուլին։ Արժանացա հատուկ խրախուսական գովասանագրի, որը, բնականաբար, ինձ չէր կարող գոհացնել։ Որոշեցի 12-րդ դասարանում ավելի փայլուն ներկայանալ,-պատմում է Բենիամինը։
2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ամեն ինչ մի տեսակ անիմաստ դարձավ երիտասարդի համար։ Արցախի հետ կապված բոլոր նրա երազանքները մի օրում փոշիացան։ Մտադրվել էր ընդունվել Երևանի բժշկական համալսարան և որպես բժիշկ վերադառնալ Արցախ ու աշխատել այնտեղ։
-Արցախից տեղահանվելուց հետո ուսումս շարունակեցի Սևանի ավագ դպրոցում և հաջողությամբ ավարտեցի այն։ Առաջին կիսամյակում նախապատրաստվում էի միասնական քննություններին, սակայն քիմիան շարունակում էր ձգել ինձ, և ես զուգահեռ մասնակցեցի նաև քիմիայի օլիմպիադային։ Առանց դժվարության անցա հանրապետական փուլ։ Հունվար և փետրվար ամիսներին գերազանց հանձնեցի միասնական քննություններս և մնացած ժամանակս հատկացրի քիմիայի օլիմպիադային հավուր պատշաճի ներկայանալուն։ Արդյունքում՝ հանրապետական փուլում, արժանացա 3-րդ կարգի դիպլոմի ու դարձա միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներից մեկը։ Առաջին անգամ գիտակցեցի, որ հնարավորություն ունեմ մասնակցելու առավել բարձր մակարդակի օլիմպիադայի։
Հետագայում՝ ընտրական փուլերի արդյունքում, ընդգրկվեցի լավագույն քառյակում և հնարավորություն ստացա մասնակցելու այս տարվա քիմիայի երկու միջազգային օլիմպիադաների։ Առաջինը Մենդելևյան օլիմպիադան էր, որն անց է կացվել ապրիլի վերջին, Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այդ օլիմպիադային քիչ էի հասցրել պարապել, բայց կարողացա լավ ելույթ ունենալ։ Քիչ միավոր էր պակասում, որ մեդալ բերեի և մեդալ չբերելս խթան հանդիսացավ, որ ավելի լավ պատրաստվեմ քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայից ձեռնունայն չվերադառնալու համար։
Թիմի մյուս երեք ներկայացուցիչներով մասնակցեցինք հուլիսի 21-ից 30-ը Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում կազմակերպված տարվա ամենակարևոր քիմիայի ստուգատեսին, որին մասնակցում էին աշխարհի 88 երկրների 327 մասնակիցներ։ Օլիմպիադան անց է կացվել 2 փուլերով՝ տեսական և գործնական։ Խնդիրները բարդ ու հետաքրքիր էին։ Տեսական փուլին բավական լավ ներկայացանք, սակայն մի քիչ թերացանք լաբորատոր փուլում։ Այնուամենայնիվ, մեր միավորները բավական էին, որ չորս բրոնզե մեդալներ բերենք Հայաստան։ Միաժամանակ այնտեղ մենք ձեռք բերեցինք նոր ծանոթներ ու ընկերներ, որոնց հետ առնչվելու առիթներ դեռ շատ կունենանք։ Ծանոթացանք նոր երկրի, նրա հարուստ մշակույթի հետ։ Չլինեին այդ օլիմպիադաները, հավանաբար, ես չէի կարող լինել այդ երկրներում։
Ես մանկուց որոշել էի բժիշկ դառնալ և շատ էի մտածում այդ ուղղությամբ։ Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև բժշկությունը համարում եմ ազնվագույն մասնագիտություններից մեկը։ Այն, սոսկ, գործ չէ, այլ վեհ առաքելություն։ Դեռևս չեմ կողմնորոշվել նեղ մասնագիտության ընտրության հարցում։ Հնարավոր է ապագայում համատեղեմ բժշկությունը քիմիայի հետ։ Ինչ մասնագետ էլ դառնամ, կաշխատեմ պետքական լինել մարդկությանը՝ դառնալով գլոբալ խնդիրներ լուծող,-ասում է Բենիամինը։
Միջազգային օլիմպիադայի մեդալը հնարավորություն էր տալիս Բենիամին Հայրապետյանին առանց քննությունների ընդունվել անվճար ուսուցման համակարգ, սակայն նա ընդունվեց ինչպես բոլոր դիմորդները՝ միասնական քննությունների միջոցով։
Բենիամինը չի կորցնում հույսը, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է և, որպես լավագույն մասնագետ, իր առաքելությունը դեռ կատարելու է Արցախում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: