Լեռնահովտում հաստատված արցախցի ընտանիքներից ամենաանապահովը Ավանեսյանների բազմանդամ ընտանիքն է։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Շահեն Ավանեսյանը բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում։ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է տեղահանվել նրա բազմազավակ ընտանիքը։ 5 անչափահաս երեխաների հետ ապրում են գյուղի ամենավերջին տանը, որը երկսենյականոց փայտե տնակ է՝ զուրկ բոլոր կոմունալ հարմարություններից։
Երբ մտանք նրանց կացարանը, մեր առջև ծանր տեսարան բացվեց։ Փայտե տնակում, որտեղ հաստատվել էր Ավանեսյանների 7 հոգանոց ընտանիքը, անշուք և աղքատիկ վիճակ էր։ Մի սենյակը խոհանոցի դեր էր կատարում, իսկ մյուսը ծառայում էր որպես և՛ ննջասենյակ, և՛ հյուրասենյակ։ Այնուհանդերձ ընտանիքի անդամները ուրախ ու ժպտերես դիմավորեցին մեզ։
-Սեպտեմբերի 19-ի գիշերն ենք հեռացել գյուղից։ Մեզ հետ վերցրել ենք ընդամենը մեր փաստաթղթերը և մի քանի հագուստ։ Ոտքով հասել ենք Սոս գյուղ, որտեղից կազմակերպվել է բնակչության տարհանումը դեպի Կոլխոզաշեն համայնքը, ու այդտեղ մնացել ենք մեկ շաբաթ։ Սեպտեմբերի 25-ին բեռնատար ավտոմեքենայով Կոլխոզաշենից հասել ենք Ստեփանակերտ և վերջին ավտոբուսներով, սեպտեմբերի 31-ին ճանապարհվել դեպի Հայաստան։ Գորիսից մեզ ուղարկել են Տաշիր, ասելով, որ այնտեղ անվճար բնակարաններ կտրամադրեն արցախցիներին ու այդպես էլ հայտնվել ենք այստեղ,- պատմում է բազմազավակ հայրը։
Մինչ մենք զրուցում էինք նրանց դարդ ու ցավերից, մանկահասակ երեխաներն իրենց չարաճճիություններն էին անում։ Ցավալիորեն ծանր էր տեսնել, թե Արցախում տուն ու տեղ թողած մարդիկ ինչպիսի խղճուկ վիճակում են հայտնվել, ու դեռ ապագան էլ անորոշ է։
-Լսել ենք, որ բնակարանային աջակցության ծրագիր է գործում։ Մտադիր ենք օգտվել այդ ծրագրից, ՀՀ քաղաքացիություն ստանալ և տուն ձեռք բերել այս գյուղում։ Իհարկե, կաշխատենք ավելի մեծ ու հարմարավետ տուն գնել։ Ամբողջ կյանքում գյուղում եմ ապրել, զբաղվել հողագործությամբ ու ցանկացած աշխատանքով, որ կերակրեմ ընտանիքիս։ Կշարունակեմ այստեղ ապրել ու փորձել աշխատանք գտնել, թեև այս հարցը շատ դժվար է։
Գյուղապետարանի կողմից օգտագործված մահճակալ ու փոքրիկ սառնարան ենք ստացել, սակայն գույքի պակաս շատ ունենք։ Կարիք ունենք պահարանների, սեղան ու աթոռների, հեռուստացույցի։ Բաղնիք չունենալու պատճառով շատ ենք նեղվում, երբ ամեն անգամ դրա համար հասնում ենք Տաշիր՝ կնոջս ծնողների տունը,- խոսքը շարունակում է ընտանիքի գլխավորը։
Մեր աչքից չէր վրիպում, որ երեխաներն ու կինը հագուստի, կոշիկի պակաս ևս ունեն։ Երեխաներն անընդհատ մոր ականջին ինչ- որ բան էին շշնջում, իսկ մայրը լռեցնում էր նրանց։ Հետո պարզվեց, որ ընդամենը խաղալիքներ էին նրանց ուզածը․ բոլոր երեխաների նման նրանք ևս ունեն ուրախ ու անհոգ մանկության իրավունք։ Երեխաներից մեկը՝ հեծանիվ, մյուսները՝ ինքնագլոր ու գնդակ էին ուզում, իսկ մեծ աղջիկը՝ երազում էր հեռախոս ունենալ, թեկուզ լավ են հասկանում, որ այդ երազանքներըը շուտ չեն կարող իրականանալ։
Ավանեսյանները սկսել են փոքրիկ տնտեսություն ստեղծել։ Ձեռք են բերել խոզեր ու հավեր և մտածում են տնտեսությունը բազմացնելու մասին։ Ամեն օր հարազատ Մաճկալաշենն են հիշում, իրենց հանդ ու ձորերը:
Օրվա վերջում, շրջելով գյուղում՝ լսեցինք, որ Լեռնահովտում հաստատված արցախցի ընտանիքներից ամենաանապահովը Ավանեսյանների բազմանդամ ընտանիքն է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: