Ալեն Սիմոնյանը երկար նայել է հեռադիտակով դեպի Ջերմուկ. «միջանցքը» հանվել է պայմանագրի տեքստից

  • 00:20 08.08.2024

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- ընդգծել է Անի Բադալյանը:

Վերլուծաբանները կարծում են, որ պայմանագրի նախագծից կոմունիկացիաների հարցի բացառումը ոչ թե ձեռքբերում է, այլ ծուղակ Հայաստանի համար. եթե ապաշրջափակման սկզբունքները չամրագրվեն, ապա հարմար պահին Բաքուն կարող է փորձել «ճեղքել» “միջանցքը”՝ առանց որևէ բան խախտելու։ Մերձավոր Արևելքում և ուկրաինական ճակատում սրման համատեքստում նման «հարմար պահը» կարող է գալ շատ շուտով։ Պայմանագրի տեքստից այս կետի բացառումը նշանակում է, որ Հայաստանը, միջնորդները և շահագրգիռ կողմերը չկարողացան դե յուրե ապահովել ինքնիշխանության և հայկական իրավասության սկզբունքները, և Բաքուն հրաժարվում է ճանաչել դրանք։

Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Ջերմուկ և երկար՝ հեռադիտակով նայել հայկական տարածքներին, որոնք արդեն երկու տարի է, ինչ օկուպացված են։ 2022 թվականի սեպտեմբերին փորձ է արվել ճեղքել միջանցքը Ջերմուկից Վայոց ձորով դեպի Երասխ և Թուրքիայի սահման։ Այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով ձախողվեց: Այժմ «Զանգեզուրի միջանցքի» Ջերմուկի երթուղին ավելի հստակ է դառնում. Մնում է Տիգրանաշենը հանձնել։

Այս համատեքստում պատահական չէ, որ այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Կիրանցում ադրբեջանցիներն առաջին անգամ հետ են քաշել իրենց դիրքերը։ Թեև դա տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն դրա մասին հիմա է խոսվում, քանի որ Հայաստանի հետագա քայլերը, մասնավորապես Տիգրանաշենի հանձնումը, պայմանավորվում էին նրանով, որ դիրքերը հետ քաշելու հերթը ադրբեջանական կողմինն է։

Հիմա, երբ հայտնի է դարձել, որ ինչ-որ դիրքից հետ են քաշվել, կարելի է անել հաջորդ քայլը։