Մի քանի օր առաջ իրանական գործակալությունները տեղեկատվություն էին տարածել Թեհրանի կողմից պատասխան հարվածի հավանականության մասին, բայց ոչ ուղղակի Իսրայելի, այլ նրա ռազմակայաններին, մասնավորապես՝ Իրաքյան Քրդստանում և Ադրբեջանում (ներառյալ օկուպացված Արցախի տարածքները):
Դրանից անմիջապես հետո Իսրայելի ղեկավարությունը հրաման է արձակել Ադրբեջանից և Վրաստանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին, որոնք «հերթապահ չեն»:
Բաքուն անմիջապես մերժեց իր տարածքում իսրայելական զորքերի առկայությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ «Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է իր տարածքում օտարերկրյա պետությունների ռազմական ուժերի բացակայության մասին։ Բայց հաշվի առնելով իսրայելական բանակի՝ Ադրբեջանից զինվորականներին դուրս բերելու հրամանի մասին տեղեկատվությունը, Բաքվի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Եթե որեւէ երկիր աջակցի Իսրայելին նրա դեմ գործողությունների ժամանակ, Իրանը կհամարի այն մեղսակից երկիր»։
Բացի այդ, Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հայտնում է Mashregh News-ը։ Նշվում է, որ զորավարժություններն իրականացվում են Աստարա նավահանգստի մոտ։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից:
Իրանական կողմից «արտահոսքն» ուղղված է ոչ միայն Իսրայելի, այլեւ Բաքվի դեմ, որը չի թաքցնում Հայաստանի նկատմամբ իր էքսպանսիոնիստական մտադրությունները։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ հայ-իրանական սահմանն իր համար «կարմիր գիծ» է։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլեւս գոյություն չունի, իսկ եթե այն չկա, ապա չի կարող լինել արտատարածքային միջանցք։
Պետք է ենթադրել, որ Ալիևն անձամբ է խնդրել Նեթանյահուին զորքերը դուրս բերելու հրաման տալ, քանի որ հակառակ դեպքում «Ադրբեջանը» կարող է դառնալ մեծ պատերազմի ասպարեզ։ Բացի այդ, Թուրքիայի քաղաքականության ֆոնին, որը ձևացնում է, թե զայրացած է Իսրայելի վրա, իսրայելական զորքերի ներկայությունը «Ադրբեջանի» տարածքում վաղուց հարցադրումներ է առաջացնում իսլամական աշխարհի կողմից Թուրքիայի նկատմամբ։
Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան խորհրդակցություններ են սկսել ռազմական գերատեսչությունների մակարդակով։