Նավթ և գազ արտահանող երկիրը, որտեղ աղբը չի հավաքվում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով կանցկացնի։ Սա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է «կանաչապատել» իր հեղինակությունը համաժողովի օգնությամբ, գրում է BBC-ն։ Համաշխարհային լրատվամիջոցները նշում են, որ Բաքվում գագաթնաժողովի անցկացումը ծաղր է ՄԱԿ-ի և կլիմայի պաշտպանության քաղաքականության նկատմամբ։
Բրիտանական ընկերությունը չի նշում, որ Երևանը համաձայնել է, որպեսզի Բաքուն ընդունի COP29-ը այն բանից հետո, երբ Ալիևը վերադարձրել է 23 հայ գերիների՝ մնացածներին պատանդ թողնելով։ Պաշտոնական Երեւանը դեռ Բաքվում COP29-ը չեղարկելու կոչ չի արել։
Ինչպես նաեւ BBC-ն չի նշում, որ Պուտինն այսօր պետական այցով մեկնում է Բաքու։ Հիշեցնենք, որ ռուսական դոկտրինում կանաչ էներգիան համարվում է ազգային անվտանգության սպառնալիք։ Բացի այդ, Պուտինի և Ալիևի հանդիպումը բացահայտորեն հուշում է, որ ռուսական էներգառեսուրսները Բաքվի միջոցոով կհոսեն Եվրոպա, և սա նույնպես ծաղր է աշխարհին, որը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։
Համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ երկրներն ու կազմակերպությունները Բաքվի գագաթնաժողովին չեն ուղարկի ամենաբարձր մակարդակի պատվիրակություններ։ Հնարավոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ չլինեն, և գագաթնաժողովը կարող է ժամանակի վատնում լինել։
Լուրն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտության ալիք է առաջացրել տեղի մամուլի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում, գրում է BBC-ն։
Բայց Բաքվի բնակիչներն ասում են, որ արդեն խոսակցություններ կան, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես դա եղել է համաճարակի ժամանակ։ Ադրբեջանը, ի դեպ, համաճարակի սկսվելուց ավելի քան չորս տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Covid-ի դեմ պայքարի պատրվակով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանում։ Իրավապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը։
Ադրբեջանի բնապահպանական պատկերը շատերի մոտ է հարցեր առաջացնում։
«Կլիմայի պաշտպանի դեր խաղալու հանածո վառելիքի շահառուներին հրավիրելը ժամանակի վատնում է», – ասում է Oil Change International-ը՝ Ադրբեջանի վարքագիծն անվանելով նրա հեղինակության «կանաչապատում» «սպիտակեցում»):
Միևնույն ժամանակ, բրիտանական ВВС-ին չի նշում, որ 2020-2023 թվականներին Բաքուն Արցախում իրականացրել է պատերազմ, ցեղասպանություն և տեղահանել բնիկ բնակչությանը և այժմ Հայաստանին ստիպում է ամբողջությամբ հանձնվել և կազմաքանդել պետականությունը։