Այլ փուլ, երբ պետք էր պայքարել՝ նորից գաղթական չդառնալու համար

  • 21:38 19.08.2024

Գրիգորի Սահակյանը ծնվել է Սումգայիթում 1975 թ.:

Նախքան առաջին անգամ գաղթի ճանապարհով քայլելը բազում դժվարություններ և հալածանքներ են կրել Ադրբեջանում ապրած տարիների ընթացքում: Հայերի հանդեպ վատ վերաբերմունքը միշտ էլ կար: Մեղավոր ես, թե մեղք չունես, դու էիր հալածանքների ենթարկվում:

“Առաջին դասարան պիտի ընդունվեի, երբ ադրբեջաներենին չտիրապետելու համար ուզում էին ընդունել օժանդակ դասարան: Մորս ու մորաքրոջս հաջողվեց ապացուցել, որ մտովի թերզարգացած չեմ, ու միայն դրանից հետո սկսեցի սովորել: 3-4 ամսից հետո բոլոր առարկաներից առաջադիմություն ունեի: Նկարս կախեցին դպրոցի պատից` որպես լավագույն աշակերտ: Ադրբեջանցի երեխաների հետ շուն ու կատվի պես էինք: Ամեն խաղի վերջ կռիվ ու ծեծկռտուք էր»,-վերհիշում է նախկին հրամանատարը:

1988թ. հանկարծակի սկսվեցին ջարդերը. “Դասերս սովորելուց հետո որոշեցի ուրբաթ երեկոյան այցելել  մորաքրոջս տուն` միասին ռետրո ֆիլմ դիտելու: Հորս զանգից տեղակացանք, որ  մեր թաղամասի հայերին դաժանաբար ծեծում են, սպանում,  մեքենաները վառում: Այդ պահին պատուհանից  տեսնում ենք, թե ինչպես է կատաղած ամբոխը շարժվում դեպի մեր շենքը: Տանը 7 երեխա կար: Հարևանուհին մեզ փրկում է` ասելով, որ այս շենքում հայեր չկան:  Ճարահատյալ վիճակում էինք: Մեզ թաքցնում են, գտնելու դեպքում պետք է ադրբեջանական անուններով ներկայանայինք… Հարևանը խորհուրդ է տալիս  փախչել:  Ես դանակը վերցրել էի և ասել, որ բոլորին պաշտպանելու եմ: Մեզ բացատրեցին, որ եթե դուռը ծեծեն ու կոտրելով մտնեն, ձայներս գլուխներս չգցենք, պատուհանով բոլորին նետելու են հարևանի պատշգամբը: Միայն թե ողջ մնանք: Բարեկամս հին մեքենա է գտնում, որի վարորդը համաձայնում է 100 հազարի դիմաց մեզ փախցնել Բաքվից:  Ճամփին անցակետեր կային, որտեղ հայերին մորթում էին, բռնաբարում: Մեքենայի ապակիները սև կտորներով փակել էինք: Վարորդին թույլ չեն տալիս առաջ անցնել: Առջևում գտնվող անցակետում վառում էին այն մեքենաները, որոնց մեջ հայեր կային:

Հազարներով հայեր ուղղակի նստած էին թատրոնի շենքի մոտ` գետնին: Նկուղներից հին կահույք էին բերում, որպեսզի հղի կանայք կարողանան նստել: Զինվորներից բացի հայ տղամարդիկ ինքնակազմակերպված  կանգնել էին` զինված ինքնապաշտպանական գործիքներով: Մի շաբաթ այդտեղ մնալուց հետո բոլորը ավտոբուսներով դուրս եկան Սումգայիթից”:

Գրիգորի Սահակյանի ընտանիքը բնակություն հաստատեց Ստեփանակերտում. “Հայրս Սումգայիթի մեր տան բանալիները տվեց հարևանին, միայն մի ճամպրուկ շոր վերցրեց, և ես առաջին անգամ զգացի գաղթական լինելու դառնությունը։

1992թ. դպրոցն ավարտելուց հետո սկսվեց պատերազմը, և արդեն պարզ էր մասնագիտության ընտրությունը` զինվորական: Սկսվեց կյանքի մի փուլ, երբ պետք էր պայքարել՝ նորից գաղթականի ուղին չբռնելու համար. “Մի խումբ պատանիներով  մեկնել էինք ռազմաճակատ: Սկզբից միայն մարդասիրական աշխատանքներին էինք մասնակցում: Մտահոգ էինք` կռիվը կվերջանա, չենք հասցնի մասնակցել: Շրջափակում էր: Ռմբակոծման ձայների տակ  արտեր էինք ցանում, հավաքում  ցորենը, էշի վրա բեռնում, հերթ կանգնում, որ արկանքում աղենք: Սպիտակ կատու ունեինք, տան անդամի պես հացով կերակրում էինք: Այնուհետև մեզ սովորեցրին մարտարվեստը և պատերազմական գործողություններին մասնակցում էինք խիզախությամբ, սրտներումս վախ չկար: Մենք գիտեինք, որ պիտի պայքարենք, հաղթենք և հավատացեք` ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ինչ-որ ձևով խուսափել, փախչել։

Հաղթանակները, ոգևորելուց բացի, մեծ պարտականությունների առջև էին կանգնեցնում. 1993թ. ապրիլի 13-ին Հայկազովի զորամասի  տարածքում ընկերներով հավաքվել էինք ` իրար հավատարմության երդում տալու: Հաջորդ օրը պիտի մեկնեինք ռազմաճակատ:  Գինով լի շշի վրա գրել ենք մեր անունները և թաղել հողում: Երդվել ենք, որ ինչ էլ լինի` իրար չենք թողնի: 2013թ. ես այդ զորամասի հրամանատարն էի: Գինին հողից հանելու հանդիսավոր արարողությանը ներկա էին բոլորը: Այս անգամ հրավիրել էինք նաև Սրբազանին: Մենք պահել էինք մեր երդումը…. Պատգամը շարունակական է… Այս անգամ էլ շիշն այնտեղ է` նույն տեղում: Չգիտեմ` երբ ենք այն հանելու…”:

Գրիգորի Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասը լավագույն արդյունքներն էր ցուցաբերում մրցույթների արդյունքում. “Ես միշտ ասում էի, որ բարձր պատրաստվածություն ունենալու շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվելու: Հորդորում էի պատրաստվել պատերազմի: 2016թ. ապրիլի 1-4 հաջողվում է հակառակորդին արժանի հակահարված տալ, իսկ 2020թ. առաջին հերթին պարտվեցինք քաղաքական դաշտում՝ խաղաղապահ զորքերը շարունակ բարենպաստ պայմաններ էին ստեղծել հակառակորդի համար”։

Արմատներով հողին կպած արցախցին նորից ստիպված է եղել լքել իր բնօրրանը. “Մեր նախնիները միշտ էլ ապրել են Արցախում: Մի կողմը Երե Հոռաթաղ գյուղից են, մյուսը` Կոճողուտից: Երկու ընտանիքներն էլ երկար ժամանակ ապրել են Մարտակերտի Վանք գյուղում:  Մայրս դերձակուհի էր, հայրս` հյուսն”։

Հայրը մահացել տեղահանումից մեկ ամիս անց:

Տաթև Ազիզյան

f