Արցախում հիմա պատերազմում են հայ ինքնության դեմ․ Շուշիի գերեզմանատները

  • 13:32 20.08.2024

1921 թվականից, երբ Արցախն ապօրինաբար բռնակցվեց նորաստեղծ արհեստական Ադրբեջան ինքնանվամբ պետությանը, վերջինս սկսեց պայքարն ընդեմ հայ ինքնության։ Այն, որ Արցախում հայկական հետքը վերացնելով տարածքը մահմեդականացնելու ակտիվ գործընթաց է սկսված, նորություն չէ։ Այդ ամենը կատարվում էր նաև խորհրդային տարիներին, ուղղակի քիչ ավելի դանդաղ ու երբեմն էլ զգուշորեն։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը, դեռ այն ժամանակվանից կա՛մ ոչնչացվում էր, կա՛մ մահմեդականացվում, կա՛մ աղվանականացվում։ Հայկական Շուշին այդ քաղաքականության փոքրիկ մոդելն է, որտեղ եկեղեցիները, հայկական գերեզմանոցները, զանազան պատրվակներով ավերվում էին, հայկական ճարտարապետությամբ տները փոքր ինչ վերափոխելով մահմեդականացվում էին։ Ու ամենևին պատահական չէին և չեն թիրախավորված հայկական գերեզմանոցները։

Պատմակեղծարար Ֆարիդա Մամեդովան «Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը (մ. թ. ա. III – մ. թ. VIII դդ.)» աշխատության մեջ, առաջնորդվելով փաստերի կեղծման ու աղավաղման հակագիտական մեթոդով, գրում է, թե իբր «Հայերի բնակավայրերն Ադրբեջանի տարածքում հայտնվել են ավելի ուշ շրջանում՜ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին։ Մինչդեռ  հայկական  17-րդ դարով թվագրվող տապանաքարերը, չհաշված նախաքրիստոնեական ու վաղ քրիստոնեական, ինչպես նաև հայկական  զարգացած միջնադարյան գերեզմանները հակառակն են պնդում, ուստի դրանցից պետք էր ազատվել։

Դեռևս 1950-ական թվականներին իրենց հակամարդկային վանդալիզմի համար պարարտ հող նախապատրաստելու միտումով, Բաքվի թերթերում տպագրվում էին այսպես ասած “աշխատավորների”  նամակներ, որոնք կոչ էին անում ոչնչացնել հայկական գերեզմանոցները։ 1966 թվականին Բաքվում “Ստրոիտել” թերթում հրատարակվեց ոմն “ճարտարապետ” Ք․ Սայիդովի “մեռածները կերան ապրողներին” հոդվածը, որտեղ հեղինակն առաջարկում է քանդել Շուշիի 8 գերեզմանատներից 7-ը ու թողնել միայն մեկը՝ ադրբեջանականը։

Մի քանի տարի անց այդ գաղափարն իր արտացոլումը գտավ 1974 թվականին կազմված Շուշիի գլխավոր հատակագծում։ Նախատեսվում էր հայկական գերեզմանոցների տեղը կառուցել բարձրահարկ շենքեր և զբոսայգի։ Այսպես Ղազանչեցոց եկեղեցու հարավ–արևելյան հատվածում գտնվող ամենահին հայկական գերեզմանոցը հիմնովին ավերվեց ու հայերի շիրիմների վրա տներ կառուցվեցին, իսկ հայատառ արձանագրությամբ շիրմաքարերը օգտագործեցին որպես շինանյութ։

Այդ կապակցությամբ շուշիաբնակ Անանյանը դեռ 1982 թվականի ապրիլին նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, որի մեջ ի մասնավորե ասված է․ “Գերեզմանոցի շուրջն ամեն կողմից անհատական մարդիկ բնակելի շենքեր են կառուցում, տապանաքարերից շատերը մնացել են տների բակերում, քանդում-կոտրատում-փչացնում են․․․։ 1992 թվականին Շուշին ազատագրելուց հետո, գերեզմանատան տարածքում կառուցված տների նկուղներում, բակերում, ցանկապատերի տակ ու տան պատերին հայտնաբերվել են տապանաքարեր ու մնացորդներ։

Շուշի քաղաքի Զաստավա կոչվող տեղամասի գերեզմանատան միջով դեպի անտառ տանող նոր ճանապարհ էր բացվել, որի կարիքը քաղաքը ընդհանրապես չուներ։ Նպատակը՝ գերեզմանոցի “արդարացված” վերացումն էր։

Քաղաքի հյուսիսային կողմի գերեզմանատան տարածքում 1960-80 թվականներին ադրբեջանցիները կառուցել են երկու ճաշարան, մեկը՝ խառը ապրանքների, մեկը՝ շինանյութերի խանութ իր պահեստով, երկու ավտոնորոգման և մեկ ավտոդողերի նորոգման պահեստներ, որպես շինաքար օգտագործելով շիրմաքարերը։

Բահաթրյանների, Չիթչյանների, Բունիաթյանների տոհմական գերեզմանատները թաղվել էին հողի մեջ, երբ  Ադրբեջանի կողմից հացի գործարանի, արևելյան երաժշտական գործիքների ֆաբրիկայի և շրջսպառընկերության համար ջրատար են անցկացրել։

Գերեզմանոցների մի մասը ֆիզիկապես ոչնչացվում էր, մի մասն էլ միտումնավոր պատվում ակացիաներով, փշոտ թփերով եւ մացառներով՝ վերածվելով շամբուտների, որը կլանում էր այն։

Նույն ձեռագրին մենք հանդիպում ենք այսօր, Արցախի տարբեր բնակավայրերում։

Արմինե Հայրապետյան

f