Արցախի ամբողջական օկուպացիայից, բնիկ բնակչության տեղահանումից և նույնիսկ ռուսական զորքերի դուրսբերումից մեկ տարի անց հայկական կողմը չի հայտարարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության սպառման մասին։
Հայաստանի ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ ատամ է ցույց տալիս ի պատասխան Մոսկվայի և Բաքվի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության մեջ չխախտված կետեր գրեթե չկան, բայց չի հրաժարվում բուն հայտարարությունից։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ այսօր՝ ի պատասխան Լավրովի այս հայտարարության տակ Փաշինյանի ստորագրության մասին հիշեցման։
Ինչո՞վ է պայմանավորված նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ նման նուրբ վերաբերմունքը եւ ինչո՞ւ է այն այդքան թանկ պաշտոնական Երեւանի համար։ Ի՞նչ կարող է փոխվել, եթե Երևանը հրաժարվի այս հայտարարությունից։
Այս մասին կարելի է դատել՝ վերլուծելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության որ 2 կետերն են կատարվել։
2․Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։
6․Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։
Միայն այս երկու կետերը ոչ միայն չեն խախտվել, այլեւ նախանձելի ճշգրտությամբ են իրականացվել։
Հենց այս կետերի պատճառով է, որ երեք կողմերից ոչ մեկը նոյեմբերի 9-ի հայտարարությունից չի հրաժարվում, քանի որ եթե հայտարարությունը խախտված է հայտարարվում, ապա դա ինքնաբերաբար պետք է հանգեցնի բոլոր կետերի վերանայմանը։
Հայկական կողմը չի ցանկանում վերանայել այս երկու կետերը, միաժամանակ չի կարող կատարել «միջանցքի» մասին հայտարարության 9-րդ կետը։
Հայաստանի ԱԳՆ-ի փոխարեն նոյեմբերի 9-ի հայտարարության չգոյության մասին է հայտարարում ՀՀ-ում Իրանի դեսպանը, ով ասում է, որ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կա, ապա որտե՞ղ են Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ պաշտոնական Երեւանի հիվանդագին կիրքը միջնորդների մոտ էլ է տարակուսանք առաջացնում։