«Միջանցքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերահսկել ճանապարհը դեպի Միջին Ասիա եւ Կենտրոնական Ասիայից Թուրքիա տանող կոմունիկացիաներն անուղղակի ենթարկեցնել Ռուսաստանին։ Դա կբարձացնի Ռուսաստանի դերը տարածաշրջանում եւ հնարավորություն կտա այլ ենթակառուցվածքներ դնել Ռուսաստան-Թուրքիա վերահսկողության տակ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին ու հայտարարություններին։
Կարաբեկյանը հավելեց․ «Այստեղ մի ծրագիր էլ կա, նպատակը ոչ միայն տարածաշրջանային կապուղիների հսկողությունն է, այլ կարծես թե պատմությունը կրկնելու փորձ է արվում։ Երբ ԽՍՀՄ-ը ստեղծվում էր, ռուս-թուրքական տանդեմի ջանքերով միջազգային միջնորդությունը փոխարինվեց այդ երկու պետության դերակատարմամբ։ Եվ միջազգային կառույցներն ու Արեւմուտքը աստիճանաբար դուրս մղվեցին տարածաշրջանից։ Հետագայում երկրները մտան ԽՍՀՄ կազմի մեջ։ Եթե պատմությունը հիշենք, 1921 թվականից հետո Ռուսաստանն իր կապերն ամրացրեց Թուրքիայի ու Իրանի հետ, կարծես թե պատնեշ ստեղծեց Արեւմուտքի առաջ, Թուրքիային շատ ուժեղ զինում էր եւ փորձում օգտագործել Արեւմուտքի դեմ։ Նաեւ Իրանի հետ հարաբերությունները խորացրեց նախկին ռուսական կայսրության սահմաններով մեկ։ Հիմա այդ նույն խաղի կրկնությունն է»։
Ըստ նրա՝ նաեւ վարկած կա, որ Պուտինը փորձում է այսպիսով ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից, որոնք Կուրսկի դեպքերից հետո բարդացան։ Ռուսաստանն ունի զենք-զինամթերքի կարիք, նաեւ մեծ ֆինանսական խնդիրներ, քանի որ արեւմտյան պատժամիջոցների տակ է։ Բացի դրանից, Եվրոպան Ադրբեջանից պահանջում է, որ իր գազատարը տանի Ուկրաինայի տարածքով, ինչը վտանգի տակ է դնում ՌԴ-ից գազամատակարարման ապահովումը դեպի Ադրբեջան։
«2020 թվականի Արցախի պատերազմը երբ սկսվեց, բոլորը դա կապեցին սիմվոլիկայի հետ, որ պատերազմն սկսեցին Կարսի հանձնման օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Արցախի հայերի դեմ հարձակվեցին սեպտեմբերի 19-ին, արդեն սեպտեմբերի 21-22-ին տարհանումն սկսվեց։ Դրանից երկու-երեք շաբաթ հետո Իսրայելը «Համասի» դեմ ռազմական գործողություններ սկսեց։ Ես այս գործընթացներում կկարեւորեի նաեւ Իսրայելի գործոնը։ Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ Հարավային Կովկասում լարվածության բռնկումը կարծես թե առնչվում է Իսրայելի հետ։ «Համասը» բանակցություններ է սկսում, եւ Վլադիմիր Պուտինը բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հիշենք, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներն սկսվեցին այն ժամանակ, երբ երրորդ երկրները՝ Գերմանիան, Թուրքիան եւ Ռուսաստանը փորձեցին իրենց ազդեցությունը ամրապնդել Մերձավոր Արեւելքում, որի հանդեպ նկրտումներ ուներ Անգլիան։ Եվ գիտենք, թե ինչով ավարտվեց դա։ Նույն սցենարն է գործարկվում, չգիտեմ՝ ինչ կլինի, բայց Ռուսաստանի համար Վլադիմիր անունով առաջնորդների վերջը լավ չի լինում։ Լենինն էլ հայերի հողերի տվեց, իր վերջը շատ ցավալի է եղել»,- ասաց Դավիթ Կարաբեկյանը։
Հարցին, թե Ռուսաստանի դրդմամբ Ադրբեջանը կարո՞ղ է հարձակվել Հայաստանի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մի քանի սցենար կա։ Հնարավոր սցենարներից մեկը հետեւյալն է․ որպեսզի թույլ չտա, որ Արեւմուտքը մուտք գործի տարածաշրջան, Իրանն իր ազդեցությունը ծավալի, ինքը կարող է այստեղ կոնֆլիկտ սկսել՝ նույնիսկ Արեւմուտքի հետ գաղտնի համաձայնության գալով։ Թուրքիան փաստորեն Մեծ Բրիտանիայի ծրագիրը կատարողն է, եւ Ռուսաստանը կարող է վերահսկվող կոնֆլիկտ ստեղծել, որպեսզի բուֆեր ստեղծի։ Այնպայման չէ, որ պատերազմ լինի, սահմանային լարվածությունից մինչեւ տարբեր ինտենսիվության բախումներ կարող են լինել, եւ մենք պետք է բավական զգույշ ու պատրաստ լինենք։ Ռուսաստանը փորձում է այդ սցենարն օգտագործելով՝ ցույց տալ, որ ինքը դեռ ուժ ունի, ազդեցություն ունի եւ փորձում է աստիճանաբար Հայաստանում իր ազդեցությունն ավելացնել։ Հրապարակային կարող է ցույց տալ, որ տեսեք՝ Հայաստանն ինձանից փորձում է անջատվել, պատժվում է, Ուկրաինան ինձանից հեռանում է, Արեւմուտքն իրեն չի օգնում, պատժում է։ Ռուսաստանը սիրում է ցույց տալ, որ միջազգային դաշտում դեռ դերակատարում ունի։ Եվ կարելի է ասել, որ Փաշինյանն իր դերը շատ նուրբ խաղում է՝ կեղծ արեւմտամետ գործիչ է, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինքն արտաքուստ Ռուսաստանի հետ հակառակվում է, արդեն վեց տարի է «ՀԱՊԿ-ից դուրս է գալիս», դժգոհում է, բայց իրականում ընդամենը երկու-երեք համատեղ գործողություն է իրականացրել ԱՄՆ հետ՝ փոքր զորավարժություններ, որոնցից մեկը ոստիկանական, մյուսը՝ փրկարարական»։
Դավիթ Կարաբեկյանը նաեւ նշեց, որ Պուտինը խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, այդ հայտարարությունը ֆիքսում է Ռուսաստանի վճռական դերը, այնտեղ Մինսկի խմբի մասին խոսք չկա։ «Այնտեղ ուղղակի այն իրավիճակի կրկնություն էր, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինք է ձեւավորվում, եւ Հայաստանը պատժվում է, որովհետեւ «Արեւմուտք է գնացել»։ Փաստորեն Վլադիմիր Պուտինը շեշտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինքը փաստորեն գաղտնի սակարկում է անում, ասում է՝ դուք համաձայնեք, որ կոմունիկացիաները մենք վերահսկենք, մտեք մեր քաղաքական գծի մեջ, մենք ձեզ կօգնենք, օրինակ, դելիմիտացիան խաղաղ կանցկացնենք։ Չէ՞ որ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ասել է՝ սա զիջած տարածքների 12 տոկոսն է։ Այսինքն՝ այն մնացած 88 տոկոսը որ գումարում ենք, ստացվում է Բաթումի պայմանագրով ամրագրված Հայաստանի տարածքը՝ 10 500 քառակուսի կմ։ Այսինքն՝ նույն կայսերապաշտական քաղաքականությունն է, նույն մեթոդներն ու շանտաժներն են, ինչպես միշտ եղել է»,- հավելեց նա։
Ըստ Կարաբեկյանի՝ «Արեւմուտքը սպասողական խաղ է տանում, որպեսզի ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններից հետո վեկտորի փոփոխություն լինի։ Ովքեր մասնակցել են Արցախի հանձնմանը, ծրագրել են Իսրայելի շուրջ խաղերը, պետք է քաղաքական կենսաթոշակի գնան։ Երբ արդեն ԱՄՆ-ում նոր նախագահ ընտրվի, կարող է նոր քաղաքականություն մշակվել։ Այս գործընթացները բոլորը փոխկապակցված են։ Բայց չի կարելի ասել, որ Ռուսաստանը բախտախնդիր խաղ է տանում, որովհետեւ նման բաներ միջազգային ասպարեզում եղել են առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մարդիկ մարսեցին եւ Սեւրի պայմանագիրը, եւ մոռացան Արեւմտյան Հայաստանի մասին Վիլսոնի իրավարար վճիռը։ Ամբողջը մարսեցին, եւ այդ երկու-երեք տարին իրենց պետք էր, որպեսզի թղթի վրա նոր աշխարհակարգ ամրագրեին»։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: