Նժդեհի դիմանկարը և մտորումները ազգային գաղափարախոսության շուրջ

  • 10:14 21.08.2024

«Շատ տարիներ առաջ, երբ եկա այս արհեստանոցում աշխատելու, այստեղ՝ իմ հետևի պատին կախված էր Գարեգին Նժդեհի դիմանկարը։ Ես չեմ հանել այն, բայց շատ էլ չեմ մտածել դրա մասին: Սակայն երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո՝ պատերազմներ, արցախցիների տեղահանություն, Տավուշում ու Սյունիքում լարված իրավիճակ, այն ամենը, ինչ կատարվում է հայ ազգի հետ, չէի կարող չմտածել՝ գուցե Նժդեհի գաղափարախոսությունը համախմբի՞ մեր ժողովրդին, ցույց տա ազգի հզորացման ճանապարհը”, կարծիք հայտնեց Սիսիան քաղաքի կոշկակար Ս.Խ-ն։

Նա ափսոսանքով նշեց, որ երիտասարդները հեռանում են աշխատանք փնտրելու համար, բայց միաժամանակ նշեց, որ «նրանք չեն մոռանում իրենց արմատները, չեն մոռանում իրենց նախնիների գերեզմանները»։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ շատ բան կախված է ժողովրդի կամքից։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում։ Մեր Սիսիանը, ինչ էլ որ լինի, ածխարհի ամենալավ քաղաքն է, ու ես չեմ պատրաստվում լքել այն։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ են իմ նախնիների գերեզմանները»։

Խոսելով մասնագիտության մասին՝ վարպետը նշեց, որ դա անհետացող մասնագիտություն է, քանի որ վաճառքում հայտնվում են բազմաթիվ կոշիկներ, թեև անորակ, բայց վառ, որոնք գրավում են մարդկանց։ «Ես ոչ միայն վերանորոգման վարպետ եմ, այլև կարող եմ կարել պատվերով։ Դրա համար էլ մի քիչ եկամուտ ունեմ։ Բայց այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գնել մեկ սեզոնի կոշիկներ, քան պատվիրել լավ, ամուր կոշիկներ: Եվ կյանքին էլ նույն կերպ են մոտենում»։

Ալվարդ Գրիգորյան

f