Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է ակնարկում ՀՀ ԱԳՆ-ը. Ի՞նչ է թաքցնում Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից

  • 14:32 21.08.2024

Հերթական «տիեզերական աղմուկը» բարձրացրեցին թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժ է անում ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցությունների վերաբերյալ համաձայնագիրը», թե ՀՀ ԱԳՆ արձագանքը դրան։

Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կա հետևյալ արտահայտությունը. «Մենք կարծում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ, բացի հրապարակային փաստաթղթերից, Հայաստանը որևէ այլ համաձայնագրի կողմ չէ և, հետևաբար, չի կարող սաբոտաժ անել այն»։

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը. կա՞ն այլ պայմանավորվածություններ, որոնք տեղ չեն գտել նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակային տեքստում և այլ եռակողմ փաստաթղթերում։

Պուտինի, Փաշինյանի և ալիևի՝  նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո լուրեր հայտնվեցին, որ կան նաեւ այլ կետեր, որոնց մասին ոչ մի կողմ բարձրաձայն չի խոսում։ Մասնավորապես, արդեն 2020 թվականի ձմռանը հայկական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անընդհատ տեղեկատվություն էին տարածում այն ​​մասին, որ Լաչինի միջանցքը, որը ենթադրաբար պետք է վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից, «կաշխատի» միայն պայմանով, որ Հայաստանը համաձայնի միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Մեղրիով, որը կվերահսկի ՌԴ ԱԴԾ-ը։

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միջանցքի հետագա արգելափակումը ենթատեքստային առումով կապված էր այն փաստի հետ, որ Հայաստանը իբր համաձայն չէ իր տարածքով արտատարածքային միջանցք բացել և պնդում է, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։

Այն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ավելի շատ պետք է ռուսաստանին, քան ադրբեջանին, պարզ էր արդեն 2020թ.։ Ընդ որում, Ռուսաստանի համար այդ միջանցքը սկսվում է Հադրութից, այսինքն՝ Արցախի տարածքում Իրանի հետ սահմանից։

Ինչպե՞ս են անցել Շոյգուի այցերը Իրան, այնուհետև ադրբեջան, եւ ինչպես են դրանք կապվում Պուտինի Բաքու այցի հետ։

Ինչի՞ շուրջ Շոյգուին հաջողվեց կամ չկարողացավ պայմանավորվել Իրանում և Բաքվում, ինչը պատճառ դարձավ Պուտինի հապճեպ այցին Ալիևի մոտ, և ոչ ավել, ոչ պակաս, պետական ​​այցի, որը պետությունների ղեկավարները կատարում են հատուկ, հազվադեպ դեպքերում:

Ըստ ամենայնի, ռուսաստանին հաջողվել է համոզել Իրանին, որ ավելի լավ է, եթե Ռուսաստանը իր սահմանին լինի, քան ամերիկացիները։ Դրա մասին է վկայում իրանական կողմի բավականին կոշտ հայտարարությունը, թե «Իրանը դրական չի ընկալում ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում» (նկատի ունի Հայաստանին)։

Թերևս դա է պատճառը, որ ադրբեջանը որոշեց հանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից։ Նրանց ինչի՞ն են պետք «թույլիկների» հետ պայմանավորվելը, եթե կարող են բանակցել մեծ խաղացողների հետ։

Սակայն այս ամբողջ իրավիճակում մեզ ավելի շատ հետաքրքրում է հայկական կողմի դիրքորոշումը։

Ի՞նչ է թաքնված «բացառությամբ հրապարակային փաստաթղթերի, Հայաստանը որևէ այլ համաձայնագրի կողմ չէ» բառերի տակ։ Ինչո՞ւ հայկական կողմը հետ չի վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրից։

Իսկապես, Հայաստանը կատարեց Համաձայնագրի իրեն վերաբերող բոլոր կետերը եւ պարտավորությունները, և դեռ ավելին. Արցախը հանձնեց նախ Թուրքիային և Ռուսաստանին, իսկ այժմ ամբողջությամբ՝ ադրբեջանին։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն այդքան կատաղի կառչած մի թղթի կտորից, որը սպառնում է իր ոչնչացմանբ։ Ի վերջո, Հայաստանը, հանձնելով Արցախը, ինքն իր ձեռքով ոչնչացրեց իր անվտանգության համակարգը և թույլ տվեց թշնամու զորքերին մտնել իր տարածք Սև Լճում, Ջերմուկում, Սոթքում։

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է ակնարկում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը. ի՞նչ է թաքցնում Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից։

Եթե ​​Հայաստանի վարչապետը հետ չկանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ին հայտարարությունից, դա կնշանակի, որ Պուտինին և ալիևին ավելին է խոստացել, քան նշված է Հայտարարության մեջ։ Հակառակ դեպքում Լավրովը չէր խոսի սաբոտաժի մասին։

Մարգարիտա Քարամյան