«Պուտինի համար անհրաժեշտություն էր դարձել այդ այցը կատարել Ադրբեջան, իմ կարծիքով՝ դա նախապես պլանավորած միջոցառում չէր, այլ պայմանավորված էր ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի հարձակմամբ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցին ու հայտարարություններին։
«Եվրամիության երկրները սնուցող գազատար համակարգը, որը Ռուսաստանից դուրս է գալիս եւ անցնում է Ուկրաինայի տարածքով, ըստ էության հիմա գտնվում է ուկրաինական կողմի հսկողության տակ։ Եվ հիմա Ռուսաստանի հույսը Ադրբեջանն է։ Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված Պուտինի այցը Ադրբեջան, հավանաբար Պուտինը եւ Ալիեւը փորձում էին գտնել ուղիներ՝ ինչպես կարելի է պատժամիջոցները շրջանցել եւ լուծել գազի խնդիրը»,- ասաց Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է այցի շրջանակներում Հայաստանի մասին արված հայտարարություններին, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Հիշատակվեց արցախյան հարցը, որովհետեւ խաղաղության պայմանագրի տակ դա է քողարկված։ Դա էլ պայմանավորված է Ադրբեջանի անհանգստություններով։ Հունիսին ութ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ ավարտեցին փաստահավաք առաքելությունը եւ եկան եզրակացության, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Այսինքն, ըստ այդ կազմակերպությունների եզրակացության՝ Իլհամ Ալիեւը ենթակա է քրեական հետապնդման Միջազգային քրեական կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ մարդկության դեմ հանցագործության հատկանիշներով։ Հայաստանում իշխանություններն ու ԶԼՄ-ներն առանձնապես չեն լուսաբանում այդ փաստը, բայց Իլհամ Ալիեւի համար դա խնդիր է, որովհետեւ այդ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները դիմեցին Եվրամիության ղեկավարությանը, ԱՄՆ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ քրեական վարույթ հարուցել Ալիեւի դեմ»։
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ խնդիրը հայկական հարցն է, փորձում են Ռուսաստանի միջոցով Հայաստանից ստանալ հերթական զիջում։ «Մեզ հայտնի են այդ պահանջները՝ միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, հայցերը միջազգային դատարաններից հետ կանչել։ Հավանաբար դրանով էլ պայմանավորված են ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, որ Հայաստանն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստանի տարածքով միջանցքի մասին հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց․ «Միջանցքի շուրջ սպեկուլյացիաները շատ են, օրեր առաջ մենք լսեցինք, որ ադրբեջանական կողմն առաջարկում է հանել այդ հարցը խաղաղության պայմանագրից։ Այսինքն՝ իմ կարծիքով՝ խնդիրն ավելի մեծ է, ուզում են հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի անվան տակ ինչ-որ փաստաթուղթ կազմել, որն Ալիեւին կազատի քրեական պատասխանատվությունից։ Ենթադրում եմ, որ դրան էր վերաբերում Ռուսաստանի այդ հայտարարությունը, որի էությունը Հայաստանին մեղադրելն է, որ Հայաստանը չի կնքում խաղաղության պայմանագիրը, որ մեղավոր կողմը Հայաստանն է»։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: