Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
–Պարոն Բաղունց, Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներն օրերս հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Այս հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Ավելի արդյունավետ չէր լինի՞, եթե հանձնախումբը ղեկավարեիք դուք, եւ Արցախի Ազգային ժողովը կատարեր այդ աշխատանքը։
-Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունած որոշումը՝ ստեղծել նման հանձնաժողով, ինչ-որ տեղ ստիպված քայլ էր, որովհետեւ նորմալ պայմաններում ցանկացած պետություն իր համապատասխան կառույցներով վարում է իր արտաքին քաղաքականությունը։ Խոսքն ինչպես Արտաքին գործերի նախարարության, այնպես էլ ԱԺ համպատասխան հանձնաժողովների մասին է։ Բայց 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումից հետո, հայտնվելով Հայաստանում, Արցախի պետական կառույցների գործունեության ոչ բարենպաստ պայմաններում մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Արտերկիր այցելելու, դիվանագիտական ու հասարակական կառույցների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներ կազմակերպելու անհնարինությունը հաշվի առնելով՝ մենք ստեղծեցինք այդ հանձնախումբը, որի կազմում են մի շարք հայտնի դիվնագետներ, քաղաքական գործիչներ։ Մենք փորձում ենք մեր արտաքին քաղաքականությունը վարել այդ հանձնախմբի միջնորդությամբ։ Հանձնախմբի անցած ամիսների գործունեությունը քննարկելիս համոզմունք ձեւավորվեց, որ մենք ճիշտ տարբերակ ընտրեցինք։ Այստեղ մեծ նշանակություն ունի հանձնախմբի անդամների ու նախագահի ճիշտ ընտրությունը։ Վարդան Օսկանյանը ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր գործունեությունը ծավալում էր բավական արդյունավետ, ՀՀ արտաքին քաղաքականության հայամետ ու պետականամետ վեկտոր ուներ։
-Այսինքն՝ ձեզ արգելո՞ւմ էին մեկնել արտեկիր, բարձրացնել Արցախի ու արցախցիների խնդիրները։
-Տարբեր տեսակի սահմանափակումներ կան, թե անմիջապես Արցախի բարձրագույն ղեկավարության, թե պատգամավորների նկատմամբ։ Եղել են դեպքեր, երբ մեր պատգամավորներն անձնական, ընտանեկան պահանջներից ելնելով՝ պետք է մեկնեին թեկուզ Ռուսաստանի Դաշնություն, բայց խոչընդոտներ են ստեղծվել։ Դեպք է եղել, որ մեր պատգամավորը հենց օդանավակայանում մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Երեւան։ Թե մեր, թե մեր նախագահի միջամտությամբ, տարբեր կառույցների հետ բանակցություններից հետո միայն պատգամավորին թույլ են տվել մեկնել Ռուսաստան։ Տարբեր հարցեր կան՝ նման խոչընդոտներից սկսած, վերջացրած ֆինանսական խնդիրներով։ Մինչեւ 2023 թվականի Արցախի Հանրապետության էթնիկ զտումը, մենք ունեինք համապատասխան բյուջետային հատկացումներ, եւ ֆինանսական խնդիր չկար այս կամ այն պետական գործչի, դիվանագետի այցն արտերկիր կազմակերպելու համար։ Բազմաթիվ պատվիրակությունների հետ արտերկրում պետական բարձր մակարդակով հանդիպումներ ենք ունեցել, հիմա այդ հնարավորությունը մենք չունենք։ Եվ անհրաժեշտություն էր այս հանձնախումբը ստեղծելը, այդ գործիչները բավական լուրջ օգնություն են ցուցաբերում Արցախի հիմնահարցն օրակարգում պահելու տեսանկյունից։
-Արցախիցիների հավաքական վերադարձն ի՞նչ մեխանիզմներով եք պատկերացնում։
-Մենք դեռ չենք ուզում բոլոր փակագծեր բացել, որովհետեւ հենց մենք կոնկրետ քայլերի մասին խոսում ենք, Ադրբեջանի ղեկավարության կողմից բանացկային խողովակները փակվում են, լուրջ խնդիրներ են առաջ քաշվում բանակցային գործընթացում ներգրավված կողմերի համար։ Մենք փորձում ենք օրակարգում պահել այդ հարցը, հստակ հղում ենք անում ՄԱԿ-ի, Մինսկի խմբի մոտեցումներին, միջազգային դատարանի որոշումներին, որտեղ հստակ ձեւակերպված է արցախահայության իրավունքը՝ վերադառնալ Արցախ։ Խոսքն անվտանգային պայմանների ապահովման, ինքնությունը պահպանելու մասին է, Ադրբեջանի համապատասխան ուժային կառույցներն առնվազն չեզոք պետք է մնան։ Մենք աչքի առաջ ենք պահում մեր գերիների, ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու փաստը։ Եվ եթե չհիմնավորված ու չապացուցված մեղադրանքների հիման վրա նրանք արդեն 11-րդ ամիսն է՝ ձերբակալված են ու գտնվում են Բաքվի բանտերում, բնական է՝ շարքային քաղաքացիների նկատմամբ անպատիժ քայլեր կձեռնարկվեն։ Եվ դա չի երաշխավորում արցախահայության ապահով վերադարձը։
-Միջազգային խաղաղապահների տեղակայման հարց քննարկվո՞ւմ է։
-Տարբեր մոտեցումներ կան՝ եւ միջազգային դիտորդների ներկայություն Արցախի Հանրապետությունում, եւ միջազգային կառույցների կողմից իրավիճակի վերահսկում։ Տարբերակներ շատ կան, մենք այսօր խոսում ենք միայն հավաքական վերադարձի հարցում մեր պատրաստակամության մասին։ Եվ մեր պատրաստակամությունը բոլոր հարթակներում պատրաստ ենք ներկայացնել՝ հանդիսանալով բանակցային կողմ՝ սկսած Արդբեջանի հետ անմիջական բանակցություններից, վերջացրած Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններով։
-Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը բացառո՞ւմ եք։
-Իհարկե, բացառում ենք, որովհետեւ Արցախի տարածքում Ադրբեջանի ուժային կառույցների անմիջական ներկայության պայմաններում մենք ոչ մի երաշխիք չունենք՝ ապահովելու մեր բնակչության խաղաղ վերադարձն ու կյանքը։ Ես 2023 թվականի հոկտեմբերի մեկին Արցախից եկա Հայաստան, մինչեւ վերջին բնակիչը չտեղափոխեցինք Հայաստան, ես դուրս չեկա Արցախից։ Եվ ես տեսա, թե վերջին օրերին ինչ վտանգ էր սպառնում մարդկանց, ադրբեջանցիներն արդեն մտել էին Ստեփանակերտ եւ սպառնում ու ծեծի էին ենթարկում այն քաղաքացիներին, որոնք դեռ չէին լքել Արցախը։ Առանց անվտանգության հստակ երաշխիքների արցախահայության վերադարձն իր պատմական հայրենիք իր մեջ մեծ վտանգներ է պարունակում։ Ես պատրաստակամ չեմ կազմակերպել արցախահայության վերադարձը, մինչեւ այդ երաշխիքները հստակ չստանանք։
-Արցախի հարցի լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում ստեղծված իրավիճակում։ Պարզ է, որ Արցախի հարցը լուծված չէ, ի՞նչ պետք է անել։
-Պատմական արդարության պահը մի կողմ դնենք։ Մենք տասնամյակներ շարունակ խոսել ենք մեր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի մասին, բայց դա ցավոք այսօր քաղաքական գործիչների, ուժային կենտրոնների կողմից չի դիտարկվում։ Այստեղ կա հարցի իրավական կողմը, մենք մի քանի օրինակ ունենք, կոնկրետ Կոսովոյի նախադեպը կա։ Կոսովոյի նախադեպը վկայում է այն մասին, որ եթե համապատասխան ուժային կենտրոնները որոշում ընդունեն հարցի այս կամ այն տարբերակով լուծման համար, այդ լուծումը կլինի։ Հնարավոր տարբերակների մասին շատ կարելի է խոսել, այստեղ մեզ համար կարեւորն այն է, որ մենք մտնենք բանակցությունների դաշտ՝ որպես անմիջապես արցախահայության ներկայացուցիչներ, սուբյեկտ։ Անմիջական բանակցություններն ավելի արդյունավետ են։ ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով՝ ես հարցի ընթացքավորումը տեսնում եմ միայն ու միայն արցախյան կողմի՝ ավելի ակտիվ բանակցային գործընթացի մեջ մտնելու ճանապարհով։
Միջազգային բոլոր հարթակներին կոչ եմ անում հարցի լուծումը դիտարկել միայն ու միայն այս տարբերակով, որ արցախահայության խնդիրը պետք է լուծել անմիջապես բանակցային կողմ ներկայացող Արցախի պետական կառույցների ներկայայցուցիչների մասնակցությամբ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ արցախյան կողմը՝ ի դեմս պետական կառույցների ներկայացուցիչների, միշտ էլ պատրաստ է մասնակցել բանակցություններին։ Այլ հարց է, թե ի՞նչ կարգավիճակով։ Ես հիշում եմ մեր նախկին հանդիպումներն Ադրբեջանի հետ, որտեղ ադրբեջանական կողմն անընհատ փորձում էր բանակցային կողմերին ներկայացնել որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպում։ Մենք միշտ էլ կտրականապես հրաժարվել ենք նման ձեւաչափով բանակցել։ Ի պատիվ հայկական բանակցող կողմի, մենք միշտ էլ ստիպում էինք բանակցությունները վարել ԼՂՀ լեգտիմ ընտրված կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դա ժամանակին միջազգային հանրության կողմից գրեթե միշտ էլ ընդունվում էր, իսկ 2018 թվականից հետո մեր դիրքերն այդ առումով անընդհատ թուլանում էին։ Եվ հասանք նրան, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախի անունից բանակցություններ վարող ՀՀ ղեկավարության կողմից հնչեց ճակատագրական ձեւակերպումը, որ իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Դա հայկական կողմի դիվանագիտության լուրջ բացթողումն էր, որը Ադրբեջանին թույլ տվեց իրականացնել արցախահայության էթնիկ զտումը։
-Ձեր անունից եւ ԱԺ խմբակցությունների անունից տարածած վերջին հայտարարություններում Արցախում տեղի ունեցածը որակել եք ցեղասպանական գործողություններ։ Այո, արցախահայության նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, ի՞նչ իրավական ու քաղաքական հետեւանքներ պետք է լինեն։ Արդյոք Արցախի խորհրդարանն ունի՞ մանդատ ու խողովակներ՝ դիմելու միջազգային որեւէ կառույցի, որպեսզի դա որպես ցեղասպանություն գնահատվի, եւ մեղավորները պատժվեն։
-Ազդեցության լծակներ մենք շատ քիչ ունենք, բայց հաղորդակցվելու, մեր մոտեցումները ներկայացնելու մեխանիզմներ, իհարկե, ունենք։ Աշխարհն այսօր այն տեխնիկական հնարավորությունն է տրամադրում, որ մենք կարող ենք անմիջապես դիմել միջազգային կառույցներին եւ ներկայացնել մեր պահանջները, հարցի լուծման տեսլականը։ Իհարկե, տարբեր հեղինակավոր կազմակերպություններին ու միջազգային դատարան դիմելու հարցում մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց այնուամենայնիվ այդ հնարավորությունը կա։ Եվ մենք փորձում ենք մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել այդ խողովակները։ Դրա վկայությունն են արտերկրի պետական գործիչների, պետական ու հասարակական կառույցների հայտարարությունները, միջազգային դատարանների որոշումները, որոնք մեր արդարացի պահանջներն ընդունելով՝ ադրբեջանական կողմից պահանջում են համապատասխան քայլեր ձեռնարկել արցախահայության վերադարձի համար։ Բնականաբար, ընդգծվում է նաեւ համապատասխան անվտանգային երաշխիքների ապահովման խնդիրը։ Մտահոգություն է ներկայացվում Ադրբեջանի դիրքորոշումների վերաբերյալ, որ այս ատելությունը, որը դրսեւորվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ, ոչ մի հույս չի ներշնչում, որ արցախահայության վերադարձի դեպքում ադրբեջանական կողմն անվտանգության երաշխքիներ կապահովի։ Եվ գնալով աշխարհն Ադրբեջանի նկատմամբ պահանջները հստակեցնում է, պետք է այդ հստակությունը լինի՝ դա կլինի թե սանկցիաների միջոցով, թե տարբեր հարթակներում ադրբեջանական կողմին հստակ պահանջներ ներկայացնելով։
Մենք փորձում ենք COP29-ի հարթակն օգտագործել, որպեսզի ցույց տանք Ադրբեջանի քաղաքականությունը։ Խոսքը եւ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ապօրինի պահելու մասին է, եւ ՀՀ նկատմամբ ոտնձությունների մասին, որը ոչ միայն քաղաքական բնույթ է կրում, այլ նաեւ ռազմական ու դիվերսիոն բնույթ։ Այսօր ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների որոշակի հատված գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որը փորձում են ներկայացնել ոչ թե տարածքային ոտնձգություններ, այլ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացի մաս։ Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային նորմերին հակասող մի շարք բաղադրիչներ է պարունակում, եւ ցանկալի է, որ ՀՀ իշխանությունների կողմից ավելի կոշտ դիրքորոշում լինի, ավելի ակտիվ քայլեր ձեռնարկվեն՝ միջազգային տարբեր հարթակներում այս հարցերի բարձրացման համար։ Ինձ համար զարմանալի է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե հայկական կողմը սաբոտաժ է անում եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները։ Այստեղ պետք է նշեմ, որ եթե խոսվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին, ապա դրանով իսկ խոսվում է այն մասին, որ եռակողմ հայտարարության բոլոր կետերը դեռ պետք է օրակարգում լինեն։ Եվ եթե խոսում ես 9-րդ կետի խախտման մասին, ապա ինչո՞ւ չի խոսվում 1-8-րդ կետերի պահանջների կատարման մասին, որտեղ խոսվում էր եւ արցախահայության՝ իր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու, եւ Լաչինի միջանցքի անխափան գործելու մասին։ Խաղաղապահ ուժերը գրեթե չեզոք դիրքորոշում են ցուցաբերել, երբ արցախահայության նկատմամբ ռազմական գործողություններ էին կատարվում։
– Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցություն կա՞, այս հարցերը քննարկվո՞ւմ են համատեղ։ Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի ձեւաչափը պահպանվո՞ւմ է։
-Առաջին ամիսներին որոշակի կապեր կային, բայց գնալով թուլացան այդ կապերը, եւ այսօր ՀՀ ԱԺ երեք խմբակցություններից մեկի հետ ընդհանրապես կապ չկա, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ ենք մենք աշխատանքային կապեր պահպանում։ Բավական ակտիվ համագործակցություն է ծավալվում, այն խնդիրները, որոնք հնարավորություն չունենք անմիջապես ներկայացնել ՀՀ իշխանություններին, մենք փորձում ենք ներկայացնել այդ խմբակցությունների պատգամավորների միջոցով։
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժովի ձեւաչափն այսօր չի գործում։ Դեռ նախկին գումարման Ազգային ժողովների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ տարեկան երկու նիստ պետք է անցկացնեինք՝ մեկը Երեւանում, մյուսը՝ Ստեփանակերտում։ Բայց վերջին տարիներին մենք այդ հնարավորությունը չունեցանք։ 2023 թվականի սեպտեմբերի սկզբին մենք փորձում էինք առցանց ռեժիմով կազմակերպել միջխորհրդանական հանձնաժողովի նիստը, բայց չհասցրեցինք։ Ուզում էինք նիստը կազմակերպել սեպտեմբերի 21-ի նախօրյակին, բայց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սանձազերծվեցին։ Արդեն իսկ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հստակ ցանկություն չկար՝ համատեղ նիստ կազմակերպելու։ Այսօր էլ Հայաստանի ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության հետ մենք որեւէ հարաբերություն չունենք։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: