Ղարաբաղից դեպի Հայաստան գաղթի ճանապարհին ավտոշարասյան մեքենաներից մեկում հազիվ տեղավորվել էին յոթ հոգի՝ վեց մեծահասակ և երկու տարեկան մի փոքր երեխա։ Մեծահասակների թվում են երկվորյակներով հղի Արմինեն և նրա 80-ամյա տատիկը։ Յոթ հոգու համար իրեր դնելու միայն մի տեղ կար, պարզապես ոչինչ: Ինչպես Արմինեն է ասում, երկվորյակների ակնկալիքով նրանք նախընտրել են իրենց հետ տանել այն, ինչ մեծ դժվարությամբ են գնել պաշարված քաղաքում՝ տակդիրները։ Այդպես էին անում բազմաթիվ ղարաբաղցիներ, ովքեր վերջին պահին իրենց հետ վերցրեցին պարենային ապրանքներ, որոնց համար շրջափակման ժամանակ մեծ գումարներ էին վճարել, թեև Երևանում իրականում դրա կարիքն արդեն չկար։
Դժվար է պատկերացնել, անհնար է նկարագրել, թե ինչպես երեք օրում նրանք անցան մի ճանապարհ, որը սովորաբար տևում է 1,5-2 ժամ… Գորիսի բաշխիչ կենտրոնում, ուր ընտանիքն առաջին հերթին գնացել էր, նրանց խորհուրդ տվեցին մեկնել Մասիս քաղաք, որտեղ նրանց կարող են տրամադրել ժամանակավոր ապաստան։ Բայց, հասնելով Մասիս, նրանք այնտեղ գտան մի սենյակ, որը լիովին պիտանի չէր բնակության համար։ Ինչպե՞ս կարող էին այստեղ տեղափոխվել փոքրիկ երեխայի հետ՝ երկու նորածինների էլ սպասելով:
«Երկար ճանապարհորդությունից և սթրեսից հետո վիճակս ամեն ժամ վատանում էր, ցավեր էի զգում, ոտքերս այտուցվում էին։ Ամուսինս՝ Վարդանը, մեքենան քշեց Մասիսի քաղաքապետարան և քաղաքապետին խնդրեց, որ գոնե մի սենյակ հատկացնի ինձ և որդուս, որպեսզի գիշերենք և հաջորդ առավոտ սկսենք բնակարան փնտրել»,- պատմում է Արմինեն։
Բացի քաղաքապետից, աշխատասենյակում անծանոթ մարդ էր նստած։ Դառնալով անելանելի իրավիճակի ակամա վկան՝ նա ղարաբաղցիներին հրավիրել է Երևանի կենտրոնում գտնվող իր երեք սենյականոց բնակարանում ապրելու, մինչև բնակարան գտնեն, երեք ամսով և անվճար։ Նրա անունը Հակոբ է, և միայն այսքանն է հայտնի նրա մասին։
Հակոբը նրանց բերեց իր բնակարան, սուպերմարկետից երեխայի համար այնքան սնունդ ու քաղցրավենիք գնեց, որ դեռ երկար հերիքեց, հետո հավաքեց իրերը և գնաց…
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը չեն ցանկանում վարձակալության տալ տները բազմազավակ ընտանիքներին, փոքր երեխաներ ունեցող կամ տարեցներ ունեցող ընտանիքներին, Հակոբի որոշումը՝ պարզապես իր տունը նվիրել մարդկանց, ում կյանքում չի հանդիպել, զարմացնում է նրանց, ովքեր լսում են դրա մասին:
Հոկտեմբերին երկվորյակ տղաներ ծնվեցին, և այդ ամսվա վերջին Արմինեի ընտանիքը որոշեց, որ ժամանակն է տեղափոխվել վարձով բնակարան։
«Շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հոգատար բժիշկներին՝ Էդիտա Էդուարդովնային, ովքեր կատարեցին իմ վիրահատությունը, Իննա Վյաչեսլավովնային, Կարինա Գառնիկովնյիան։ Տղաներս՝ Դանին և Դավիթը ծնվեցին 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ ամսվա վերջում մենք տեղափոխվեցինք վարձով բնակարան»,- պատմում է Արմինեն։
Նույն հիվանդանոցում նրան մեծապես աջակցել է բուժքույր Հեղինե Ադիխանյանը։ Երեխաները վերակենդանացման բաժանմունքում են եղել, բուժքույրը սովորեցրել է մորը երեխաներին խնամել, ջերմաստիճանը պահպանել, իսկ հերթափոխից դուրս գալուց թողել է իր անձնական հեռախոսահամարը, որ եթե ինչ-որ բան լինի, Արմինեն իրեն զանգի։ «Երբ գիշերը տեղս չէի գտնում, իսկ Դանին պառկած էր , ինձ մոտ եկավ հիանալի Հեղինեն և օգնեց ինձ չհուսահատվել։ Ես դեռ կապ եմ պահպանում նրա հետ և խորհրդակցում երեխաների համար բժիշկների հետ կապված: Ի դեպ, այս հիվանդանոցում մեզ թույլ չէին տվել նույնիսկ 1000 դրամ ծախսել»,- ասում է Արմինեն։
Հետո նրանց կյանքում հայտնվեց մեկ այլ բարի կին՝ Սոնա Հովհաննիսյանը, ով երեխաների համար մանկասայլակներ ու նվերներ էր «կազմակերպել»։
«Այսպիսով, Հակոբ անունով մի բարի մարդ նշանավորեց իմ կյանքի մի շարք հրաշալի մարդկանց շարան այստեղ՝ Հայաստանում»,- ամփոփում է Արմինեն։
Սվետլանա Դանիելյան
Նյութը պատրաստվել է Ստեփանակերտի Մեդիա Ակումբ նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: