Հազարավոր արցախցիներ բռնատեղահանումից հետո կանգնել են կացարանի հարցը լուծելու խնդրի առաջ։ Ըստ այդ պահանջի էլ ստեղծվեց «Տուն» հիմնադրամը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հարութ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ով նույնպես Արցախից բռնատեղահանված է, չմնաց օգնություն սպասողի դերում, այլ սկսեց քայլեր ձեռնարկել՝ լուծելու ոչ միայն իր, այլև հայրենակիցների ամենագլխավոր հարցերից մեկը՝ տան հարցը։
Մնալ Հայաստանում
Ինքս ինձ խոստացել էի, որ հասարակական գործունեության այլևս չեմ վերադառնալու։ Երկար տարիներ «Հայրենյաց պաշտպան» ՀԿ-ի նախագահն եմ եղել, ուսանողական տարիներին ուսխորհդի նախագահն էի, պետական պաշտոններում եմ եղել, և եկել եմ այն եզրահանգման, որ մեր հասարակությունում դա անշնորհակալ գործ է, որովհետև արվածը քիչ է երևում և գնահատվում, իսկ չարվածը միանգամից ջրի երես է հանվում, այնպիսի քննադատության ես ենթարկվում, որ այլևս ցանկություն չի լինում նորից այդ գործով զբաղվել։
Սակայն իրավիճակը փոխվեց, երբ խոսեցի իմ լավ ընկերներից մեկի՝ Միխայիլ Վեկլենկոյի հետ, ով մորական կողմով հայ է, 2023-ին մեծ աջակցություն է ցույց տվել մեր հայրենակիցներին՝ տներ գտնելով, վերանորոգելով, մարդկանց նախնական տեղավորվելու հարցը լուծելու համար։ Նա ասաց, որ պետք է այնպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Ուսումնասիրելով 2020 թվականի տեղահանումից հետո հավաստագրերի միջոցով պետության տրամադրած օգնության ծրագիրը, բարերարների տարբեր մոտեցումներ հաշվի առնելով, որոշեցինք ստեղծել «Տուն» հիմնադրամը։ Այն հիմնվել է Միխայիլ Վեկլենկոյի կողմից, և նա է ինձ առաջարկել զբաղեցնել տնօրենի պաշտոնը և միասին այդ ծրագիրն իրականացնել։ «Տունը» բարեգործական և զարգացման հիմնադրամ է։
Նպատակը ոչ միայն բարեգործությունն է, այլև օգնելը, որ հայ մարդը Հայաստանում կարողանա զարգանալ, տնտեսություն ստեղծել և բարեկեցիկ կյանք ունենալ։ Հայ մարդու, այս պարագայում հատկապես արցախցիների այդ խնդիրը լուծելու համար տուն է պետք։ Իհարկե, դա չի ընդգրկելու արցախցիների այն սեգմենտը, որն ավելի քան ապահովված է, նաև այն խումբը, որը պատրաստ չէ ինքն իր համար ինչ-որ բան ստեղծելու։ Մենք որոշել ենք կենտրոնանալ լավ իմաստով միջին խավի վրա, այն ընտանիքների վրա, որոնք սիրում են իրենց երկիրը, պատրաստ են ապրել իրենց երկրում, ստեղծել, արարել և իրենց տների կառուցման մեջ պատրաստ են որոշակի ներդրում ունենալ։
Ի՞նչ է մարդուն պետք տուն կառուցելու համար
Պետությունը նախատեսում է սերտիֆիկատների միջոցով բնակապահովման ծրագիր իրականացնել, որը, ցավոք, հեռու է բնակարան գնելու կամ կառուցելու վերջնական արդյունք ստանալուց։ Բնական է, որ մարդ լրացուցիչ օգնության կարիք ունի։ Ի՞նչ է մարդուն պետք տուն կառուցելու համար։ Առաջին հերթին հող է պետք, համապատասխան ենթակառուցվածքներ և մնացածը։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ մարդիկ դժվարանում են սկզբնական փուլում, այսինքն՝ որոշել, թե որտեղ պետք է տունը կառուցվի։ Ենթակառուցվածքները մեկ ընտանիքի մասշտաբով իրականացնելը բավականաչափ թանկ է լինում։ Հետագայում էլ տան կառուցման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարը հիփոթեքի միջոցով լրացնելու հնարավորությունը նույնպես արդեն դժվարանում է։ Ընտանիքի մոտ վախ է առաջանում, որ այդքանը հնարավոր չէ անել։ Ծրագրի առաջին փուլում Երևանից ոչ մեծ հեռավորության վրա՝ համապատասխան բնակավայրում, 10 ընտանիքի համար պետք է տուն կառուցվի։ Հիմնադրամի միջոցներով գնելու ենք հողատարածքը, հավասար մասերի ենք բաժանելու, մարդկանց տալու ենք հողատարածք, որն արդեն ապահովված կլինի ենթակառուցվածքներով։
Թիրախային բնակավայրերը
Այս պահին թիրախում մի քանի բնակավայրեր են, հաշվի ենք առնում հեռավորությունը Երևանից, որպեսզի մարդիկ մայրաքաղաքում աշխատանք ունենալու դեպքում հեշտ կարողանան գալ-գնալ, ենթակառուցվածքների առկայությունը՝ գազ, լույս, ջուր, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը, պատրաստակամությունը նրանց բնակավայրում լրացուցիչ թաղամաս ունենալու առումով, աջակցելը այդ հարցում, ճանապարհների բարվոք վիճակը և այլն։ Այդ ամենը հաշվի առնելով՝ մի քանի թիրախային բնակավայրեր ենք ընտրել։ Համագործակցում ենք նաև այլ հիմնադրամների հետ, որոնցից մեկի հետ արդեն նախնական պայմանավորվածություն ունենք այդ հողատարածքներում նաև ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար։ Մենք փորձելու ենք այդ երկու ծրագրերը միացնել, որպեսզի տրամադրված հողատարածքում՝ ապահովված ենթակառուցվածներով, պետության տրամադրած սերտիֆիկատով ընտանիքը կարողանա տուն կառուցել։ Նաև այդտեղ ունենալով ջերմոցային տնտեսություն՝ 800-1000 քառ․մ. մակերեսով, կկարողանա նաև զբաղվածության հարցը լուծել։ Ընկերներիցս մի քանիսը, ովքեր ունեն ճարտարապետական ընկերություններ, խոստացել են, որ թաղամասի ու տների նախագծերի առումով կաջակցեն։
Ծրագիրը բացառապես բարեգործական է
Հիմնադրամը գումարների և ֆինանսների առումով ստեղծվել է բարեգործական հիմքի վրա։ Այնպես չէ, որ մենք մեծ միջոցների ենք տիրապետում, ուստի նաև դրամահավաքի գործունեություն ենք իրականացնում։ Այս փուլում արդեն սպասում ենք կամավորների, ընկերությունների, բարեգործների, ովքեր պատրաստ են այս ծրագրում իրենց ավանդն ունենալ։ Ծրագիրը բացառապես բարեգործական է, այլ նպատակ չի հետապնդում։ Արդեն դիմել ենք և շարունակում ենք դիմել նաև միջազգային հիմնադրամների, ընկերությունների (հայկական և ոչ միայն) տեղահանված ընտանիքներին աջակցելու համար։ Այս պահին դեռևս հայտ չենք ընդունում՝ հաշվի առնելով, որ դրամահավաքի գործունեությունը նոր ենք սկսել։ Ունենք կայքէջ՝ մի քանի լեզվով, որտեղ ծրագրի մանրամասները լուսաբանվում են, սոցիալական հարթակներում կա էլփոստը, հեռախոսահամարը, որոնցով մարդիկ կկարողանան մեզ հետ կապվել, ծրագրի մասին տեղեկանալ։ Հայտերի ընդունման մասին լրացուցիչ հայտարարելու ենք, որովհետև ծրագրի առաջին փուլում դեռ դրամահավաքի մասը պետք է իրականացվի մեր հիմնական դոնորների հետ։
Երկրորդ փուլում հայտերը կընդունվեն, կընտրվի առաջին 10 ընտանիքը, այնուհետև պետք է շարունակվի դրամահավաքը այդ ընտանիքների հետ միասին, երբ արդեն բարերարները կիմանան, թե կոնկրետ ինչ ընտանիքների են օգնում։ Կայքէջում ընտանիքների մասին ինֆորմացիա կտեղադրվի, նրանց կյանքի ուղու մասին կպատմվի, և այդ փուլում բարերարները կկարողանան անձնապես ծանոթանալ այդ ընտանիքների հետ։ Չի բացառվում, որ բարերարները ցանկանան ուղղակիորեն օգնել այդ ընտանիքներին։
Մենք սպասում ենք նաև կամավորների, ովքեր կօգնեն նյութը տարածելու, թարգմանություն անելու և այլ հարցերում։ Ինչ վերաբերվում է բարեգործներին, պատրաստ ենք նաև մեծ բարեգործությունների դեպքում նրանց ընդգրկել մեր հոգաբարձուների խորհրդում, նրանց միջոցով մեր գործունեությունը տարածել։ Պատրաստ ենք ցանկացած տիպի օգնություն ընդունել, միայն թե կարողանանք այդ ընտանիքներին ծառայել։ Հուսանք, առաջին փուլը կստացվի, հետագայում էլ ամբողջական թաղամասեր կլինեն։ Անչափ կարևոր է մեզ համար, որ հայ մարդը՝ արցախցին, այս ամենով անցնելուց հետո կարողանա Հայաստանում ապրել, ապրել նաև կոմպակտ, իրար կողքի՝ պահպանելով բարբառը, այլ տեղային յուրահատկությունները։
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: