Կիեւ․ Ուկրաինան վերածվել է Բաքվի պրոտեկտորատի՞

  • 18:30 29.08.2024

Նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Բաքվի ՍՈԿԱՐ նավթագազային ընկերության շուրջ Ուկրաինայում բռնկված սկանդալին․ ուկրաինացի բիզնեսմենները, զինվորականները, սոցցանցերի օգտատերերը տարակուսում են, որ Կիեւը չի դադարեցնում ՍՈԿԱՐ-ի հետ համագործակցությունը, որը ստվերային սխեմաներով վաճառում է ռուսական նավթն ու գազը, Մոսկվային օգնելով շրջանցել պատժամիջոցները։

Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ Պուտինն այցելեց Բաքու, իսկ ռուսական Գազպրոմը հայտարարեց ՍՈԿԱՐ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին։

Նավթի ու գազի ստվերային վաճառքը Մոսկվային հնարավորություն է տալիս շարունակել պատերազմը, սպանել տասնյակ ու հարյուր հազարավոր ուկրաինացիների, ոչնչացնել ուկրաինական քաղաքները։ Բաքուն հարմար գործիք է Մոսկվայի համար՝ կան պատրաստի ենթակառուցվածքներ։ Իր հերթին, Բաքուն չունի անհրաժեշտ ծավալի նավթ ու գազ, սակայն տնտեսական ու քաղաքական խոշոր բոնուսներ է ստանում ռուսների հետ ստվերային համագործակցությունից, նախեւառաջ հայկական ու իրանական ուղղություններով։

Ստվերային այս սխեմաների մասին մանրամասն խոսել է Կրեմլի նախկին քաղտեխնոլոգ Մուրզագուլովը (տես այստեղ https://www.youtube.com/watch?si=ERwoF-dKFBg1450k&v=7iuBLTkl2vA&feature=youtu.be

Ինչպես է այս իրավիճակը մեկնաբանում ուկրաինական մեդիա-քաղաքագիտությունը։ Ուկրաինական առաջատար լրատվամիջոցները եւ մեկնաբանները (Գորդոն, Կովալենկո, Արեստովիչ, Պորտնիկով եւ այլն) արդարացնում են այսպես կոչված ադրբեջանի քաղաքականությունը՝ ընդգծված հակահայ կեղտոտ ֆոնով։ Միաժամանակ, անհանգստություն հայտնում այն կապակցությամբ, որ «Բաքուն տանուլ է տալիս ուկրաինական հասարակական կարծիքը»։

Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցներում վխտում են ազերբայդժանսկի «քաղաքագետներ», այդ թվում՝ իբր Ալիեւին ընդդիմադիր, որոնք բացահայտ խրատական տոնով (նման տոնով սովորաբար խոսում են տխմարների հետ) բացատրում ու արդարացնում են Բաքվի քաղաքականությունը։

Առաջին հայացքից զավեշտալի է թվում․ Կիեւի միջոցներն արդարացնում են Բաքվին, որի միջոցով Մոսկվան վաճառում է իր նավթը եւ շարունակում ֆինանսավորել պատերազմը եւ ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Ուկրաինական միջոցները նույնքան «հանդուրժող» չեն ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինային խոշոր օգնություն հատկացնող այլ երկրների հանդեպ, երբ վերջիններս ինչ- որ բան այնպես չեն անում կամ ասում։ Օրինակ, չեն արդարացնում, որ նրանք էլ իրենց շահերն ունեն։ Ավելին, այսպես կոչված ադրբեջանն արդեն ներկայացվում է որպես ռեգիոնալ գերտերություն, Ալիեւը՝ խոշորագույն գեոստրատեգ, իսկ Պուտինն ահա նրա ոտքերն է ընկել։

Պուտինը Գրոզնի ու Բաքու էր մեկնել առաջիկա կարեւորագույն իրադարձությունների շեմին իր այս երկու հենարանների հետ խնդիրները քննարկելու համար։ Կադիրովի գվարդիան Պուտինի «անձնական հետեւակն» է ներքին հնարավոր ցնցումների պարագային, Բաքուն՝ պատժամիջոցների շրջանցման միջոցը։

Պուտինը Ալիեւին հորդորել է ուժային գործողություններ սկսել Հայաստանի դեմ, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։ Այդ միջանցքը Մոսկվայի համար նավթը ցամաքային ճանապարհով տեղափոխելու միջոց է։ Ուկրաինացի վերոհիշյալ քարոզիչները նույնպես Բաքվին հորդորում են արագ բացել այդ միջանցքը։ Այսինքն՝ որպեսզի ռուսներն ավելի շատ նավթ վաճառեն, գումարներ ստանան եւ շարունակեն պատերազմը։

Սա անմեղսունակությա՞ն, թե Բաքվի կողմից առատ վճարվելու արդյունք է։ Ո՞ւմ շահերն են քարոզում ուկրաինական միջոցները եւ ի՞նչ նպատակով։ Իսկ գուցե անմեղսունակությունն ու Բաքվի նավթադոլարները հաճելին օգտակարի հետ, որը մեկ այլ տեղում եւ թեմայով է, համատեղելու միջո՞ց են, ուկրաինական ժողովրդի ողբերգության եւ ուկրաինական քաղաքների ավերակների վրա։

Ուկրաինական միջոցների թեթեւ ձեռքով Բաքվին փաստացի շնորհվում է ռուս-ուկրաինական ջարդերի մենեջմենթի իրավունքը։

Արամ Եգանյան

f