Մեկ տարի առաջ Ստեփանակերտում․ Մասիսում մոծակները ուտում են

  • 19:17 29.08.2024

Մենք` երկու ղարաբաղցիներով նստած Մասիս քաղաքի փակուղիներից մեկում, քննարկում ենք դիմացի տները: Հետաքրքիր է, ինչո՞ւ են մի տունը մյուսին կպած կառուցել, չէ՞ր կարելի մի քիչ հեռու-հեռու կառուցել իրարից, որպեսզի ամեն մեկն իր բակն ու այգին ունենա, Մասիսի փեշերը գոնե դա թույլ են տալիս, ինչո՞ւ այսպես վարվել, սեղմվել իրար։

Արաքսի ձկների թեմայից անցնում ենք Մասիսի փոշոտ փողոցի տներին: Հիշում եմ, Աղդամի տներն ինչքան էին իրարից հեռու կառուցված, բարձր պարսպված, ջարդած շշերի բեկորներ կային պարիսպների վրա` գողերին խոչընդոտելու համար, ասում եմ ես:

Պարիսպները բարձր էին կառուցում ադրբեջանցիները, որպեսզի հարեւանը չտեսնի հարեւանի կենցաղը: Բեռնատար մեքենան կարող էր մտնել մեկի բակ, թափել բեռը, կողքի տանը չիմանան, թե ինչ է` ավազ, նուռ թե խաղող, պարզաբանում է զրուցակիցս:

Փակուղում, որտեղ նստած ենք, երկու երեխա սահում են տան դիմաց ավազե բլրից, երկու աղջնակ փոքր ու արագ քայլերով անցնում են մեր մոտով: Չգիտեմ նրանցից մեծն ինչ ասաց, բայց փոքրիկն ասաց, որ իր հոր արեւն է վկա… «Ըմ, պապուտ արեւն ա վկա»: Ամեմուր լսում եմ Ղարաբաղի բարբառն:

Մասիսը լի է ղարաբաղցիներով. Հադրութից, Մարտակերտից, ամեն տեղից, իսկ դիմացի տանը ստեփանակերտցի մի ընտանիք էր ապրում, քոչեցին Աբովյան: «Էս մոծակներից կպրծնենք վերջապես», ասում էր այդ ընտանիքի աղջիկը,  պատմում-ծանոթացնում է զրուցակիցս: Իսկ տանտերը, մի հրաշալի կին է, դու միայն տեսնես, թե ինչպես է հոգ տանում իր եղբոր երեխաներին, նոր ավտո է գնել, բայց շատ շոգ տեղ է: « Ի՞նչ գոլորշի է բարձրանում գետնից, երբ անձրեւ է գալիս, իսկեւիսկ Ստեփանակերտի մառախուղը»,- ավելացնում է նա:

Մինչ այստեղ գալը, Լենինանականից դուրս մի տեղ էի ապրում վարձով: Չգիտեմ ինչ ասացին ղարաբաղցիների հասցեին, նյարդերս տեղի տվեց, քացով ջարդեցի փոքրիկ սառնարանի դուռը: Հաջորդ օրը մի աղջիկ է զանգել եւ հետաքրքրվել, թե ինչի՞ կարիք ունեմ՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան… Ես սառնարանն ընտրեցի, չնայած սառնարանում էի ապրում, քանի որ այնտեղ շատ ցուրտ էր: Այդպես, փոխհատուցեցի տանտիրոջ սառնարանն ու եկա այստեղ:

Հայաստանցի մի աղջիկ էր զանգողը, պատմում է ղարաբաղյան առաջին պատերազմի վետերանը, ով շատ հանգիստ բնավորություն ունի. երբ խոսք ես բացում` մի պատմություն էլ նա է պատմում, երբ լռում ես, նա նույնպես լռում ու հայացքը սեւեռում գետնին:

Ահագին ժամանակ է, ինչ այստեղ ենք, խազյայինը կիսել է բաղնիք-զուգարանը, մի կերպ ապրում ենք: Հավի բուն էլի… Ո՛չ դուռ կա, ո՛չ բռնակ: Բարեկամս մաքուր սպիտակեղեն է տվել: Պատկերացնո՞ւմ ես, հասարակ ջուրն էլ ենք գնում: Գառնու ջուր է ինչ-որ, մեծ մեքենայով են բերում` մենք էլ տարաներով գնում ենք: Տուն չկա, բոլորը վարձով տված է: Ասում են հինգերրորդ հարկում մի տուն կա, բայց դատարկ, հարյուրհիսուն է ասում, ես էլ ութանասուն եմ տալիս մեկ սենյակի համար: Գետնի վրա կառուցած տուն է, պայմաններ չկան, բայց ուրիշ տարբերակ էլ չկա:

Հիսուն հազար օգնություն են տալիս, ութանասուն վարձ եմ տալիս: Սա կյանք չէ, հենց այնպես ապրում ենք, բթացած, անզգա, ոչ մի տեղ չեմ հարմարվում, ուր գնում` դիմացս պատ է, պատմում է մի ուրիշ ղարաբաղցի այս փողոցից: Տեսնես ե՞րբ կգնանք: Կգնա՞նք բայց, գուցե մեր թոռները… Բայց ի՞նչ են ասում: Չգիտեմ, նրանց (ադրբեջանցիների) հետ կստացվի՞ ապրել: Դժվար… Ես էլ չգիտեմ, ի՞մ, թե՞ իր հետ խոսում է նա:

Մասիս քաղաքի գլխավոր փողոցում բեռնատարների, ավտոմեքենաների երթը չի դադարում, ես մի կերպ փորձում եմ անցնել փողոցը, տապից պատսպարվելով էլեկտրասյան բարակ ստվերում: Անգամ մեջքով կանգնած ճանաչեցի Հադրութի Տումի գյուղից կնոջը, նա էլ միանգամից որսաց իմ հայացքը եւ շարժվեց դեպի ինձ:

Ստեղ հի՞նչ ըս ընես (այստեղ ի՞նչ ես անում), քրտինքում կորած հարցնում է նա, ով Տումի երկհարկ հսկա մի տուն ուներ: Ով եղել է այդ գյուղում` գիտի, թե ինչ հիասքանչ գյուղ է այն: Կանաչ, կաղնիներ, թթու ջուր ու աղբյուրներ…

Շոգ է, շատ շոգ է այստեղ, մոծակներն էլ ուտում են, քնել չի լինում, զգուշացնում է տումեցի կինն ու համարը փոխանցում ինձ: Մարդ ես, ասեղն ի՞նչ է, կարող է մի ասեղ-թել պետք գա, իրար օգնենք` տեսնենք գլուխներս ինչ է գալիս: Քեզանից մի քիչ ներքեւ ենք, որ զանգես` ես դիմավորելու եմ, ասում է նա:

Իմ արխիվային լուսանկարներում տեսնում եմ, որ անցած տարվա այս օրը Ստեփանակերտում հորդ անձրեւ էր (փորձենք հովանալ): 2023 ամռանն արդեն իրոք տագնապալի էր դրությունը: Հիշում եմ, Ռուբեն Վարդանյանը մեզ, լրագրողներիս հետ փակ հանդիպում էր կազմակերպել Ստեփանակերտում եւ ասել, որ պահեստներում ոչինչ չկա: Թղթերում տոննաներով վառելիք, ալյուր կա, բայց իրականում խոնավ ու դատարկ պահեստներ․․․

Ես միայն երեկ մի բարեկամի ֆեյսբուքյան գրառումից իմացա, որ բլիթները, որ հաջողվում էր գտնել բլոկադայի վերջին օրերին, խոզի կորմից մաղած փոշուց էր: Չնայած մաղած, բայց խոշոր աղի պես լեզվի վրա զգացվում էր «ալյուրը»:

Հացի գիշերային հերթերն ավելի էին խտացել, զգացվում էր, որ սա արդեն իսկապես վերջին պարկերն են, որ մի կերպ ձեռք է բերել փուռը: Շուկայում մի տղա ծխախոտ էր պատրաստում ճռճռան թղթից, սոսնձում կոշիկի սոսնձով ու վաճառում գլանակները երկու-երեք հարյուր դրամով: Հերթը միանգամից սպառում էր վնասակար պրոդուկտը, երիտասարդը Մարտակերտի ակցենտով ասում էր, որ չի հասցնում, որ պետք է հաջորդ առավոտ գալ: Շուկայի դիմաց իրարանցում էր, կին է ուշաթափվել բեռնատար մի մեքենայի մոտ: Մեքենայի տիրոջը թվաց, թե ինչ-որ գյուղից միս էր բերել վաճառելու, կինն էլ հենց այդ հերթում ուշագնաց էր եղել:

Սա այն օրերն էին, երբ ադրբեջանցիները «ցանկանում» էին քառասուն տոննա ալյուր ներկրել Արցախ, միեւնույն ժամանակ ծաղրում, ստում աշխարհին, թե այնտեղ ամեն ինչ կա, ոչ մի խնդիր: Ինչեւէ, Ղարաբաղի հայերը ֆրանսիական բեկոն էին ուզում` հույս ունենալով, որ Փարիզի քաղաքապետին կհաջողվի ճեղքել բլոկադան: Չնայած դա նույնպես չստացվեց, բայց այդ օրը տեղացիները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մերսի ասացին Ֆրանսիային:

Այստեղ, Հայաստանում ասում են՝ հասկանում ենք, դժվար է, բայց ապրել է պետք, ասում են՝ իրենք էլ միլիոնատերեր չեն, իրենց համար էլ դժվար է, ասում են, որ Ղարաբաղում մենք հազար անգամ լավ ենք ապրել իրենցից, ասում են՝ աշխատեք, ժամանակը ամեն ինչ բուժելու է…

Բայց ինչպե՞ս, ո՞վ կարող է հասկանալ մեզ, երբ մենք ինքներս չենք մեզ հասկանում: Սա հիվանդություն է: Հե՞շտ է նայել, թե ինչպես են ադրբեջանցիները քո տան տեղաշորը դուրս շպրտում հինգերորդ հարկից, ջարդում մանկական սայլակներն ու հեծանիվները: Մանուկն ի՞նչ մեղավոր է: Տեսե՞լ եք, Տատիկ-պապիկի մոտ սելֆիներ են անում:

Մի ժամանակ դեմ էին, ասում էին՝ հայկական սիմվոլ չպետք է Եվրոտեսիլում լինի` ի նկատի ունենալով հենց նույն Տատիկ-պապիկ հուշարձանը, հիմա ո՞նց այն ադրբեջանական դարձավ: «Ի՞նչ եկել, հինգ տուն եմ փոխել Հայաստանում, մի գյուղից մյուսը, մի քաղաքից մյուսը, թափառականների պես: Տունը սոսկ չորս պատ չէ, այն ամեն ինչ է… Դա միայն տուն կորցրած մարդը կարող է հասկանալ…»,- նեղված պատմում է տումեցի կնոջ բարեկամը:

Մարութ Վանյան

f