«Սպասում եմ պատերազմի առաջին օրից ու չեմ դադարի սպասել, որովհետեւ ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերոս բալեն կվերադառնա տուն»,- սրանք անհետ կորած զինծառայող Տիգրանի մոր՝ Լիանա Արզումանյանի խոսքերն են։ Անհետ կորած 14 զինծառայողների ու կամավորների հարազատները օգոստոսի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բացված «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդեսում ներկայացնում են իրենց պատմությունները։
Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը, եւ օրվան ընդառաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ Վանաձորում բացված ցուցահանդեսում արտացոլված էին 2020-2023 թվականների պատերազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած զգացմունքային պահերը, իրենց անհետ կորած հարազատի ճակատագրի առումով ցավալի անորոշությունը։
ԿԽՄԿ հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ սկսած 1990-ական թվականներից հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում մոտ 1000 հայ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից։ Նրանցից մոտ 300-ն անհետ կորած են համարվում 2020-2023 թվականներին։ 2020 թվականի պատերազմի հետեւանքով անհետ կորած մի քանի տասնյակ զինծառայողների ծնողներ չեն ընդունել ԴՆԹ պատասխանները եւ սպասում են իրենց որդիների վերադարձին։ ԴՆԹ արդյունքները չընդունելու պատճառները տարբեր են։ Կան դեպքեր, երբ ծնողները կասկածներ ունեն, որ իրենց որդիները պահվում են ադրբեջանական բանտերում, բայց Ադրբեջանի կողմից պաշտոնական հաստատում չկա։ Հայկական կողմը եւս այս ծնողներին որեւէ հստակ պատասխան չի տալիս։
«Շատ կարեւոր եւ ցավալի հարց է սա հատկապես այն ընտանիքների համար, որոնք սպասում են պատասխանի՝ հաշվի առնելով տվյալներն ու որոշակի փաստերը, որոնք նրանք ունեն իրենց ձեռքի տակ։ Բոլոր ընտանիքներին ճանաչում ենք, կապի մեջ ենք նրանց հետ, սակայն հավաստի կերպով ասել որեւէ բան՝ կապված այդ անձանց հետ, ոչ ոք չի կարող, քանի դեռ չկան պաշտոնական հաստատումներ։ Իսկ մենք տեսակցում ենք միայն այն անձնանց, որոնք գտնվում են անազատության մեջ եւ որոնց անունները հստակ փոխանցվել են մեզ ու հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց Զառա Ամատունին։
Ռոզա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: