Մելանյա Մադոյանը 44-օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է որդուն ու ամուսնուն։ Եթե ամուսնու դեպքում կասկածներ ունի, որ ադրբեջանցիները նրան սպանել են, որդու մասին որեւէ տեղեկություն չունի։ Նրա որդին ու ամուսինը համարվում են անհետ կորած։
Մելանյան ամեն օր նստում է Լոռու մարզի Դսեղ գյուղի իրենց տան հարակից տարածքում ու սպասում որդուն՝ Արարատ Սաքանյանին։ «Անընդհատ նստում եմ այնտեղ ու սպասում, որ պետք է վերադառնա։ Մանկության տարիներին որդիս ընկերների հետ խաղում էր այդ տարածքում, նստում եմ ու աչքիս առաջ իրենց խաղն է, անընդհատ սպասում եմ»,- step1.am-ի հետ զրույցում ասում է Մելանյա Մադոյանը։
Օգոստոսի 30-ին նշվում է Անհետ կորածների միջազգային օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ Վանաձորում օգոստոսի 29-ին բացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» լուսանկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ Մելանյա Մադոյանի ընտանիքի պատմությունը։
1992 թվականին այս ընտանիքը Մարտակերտից տեղափոխվել էր Լոռու մարզի Դսեղ գյուղ, իսկ 1999 թվականին դարձյալ տեղափոխվել էին Արցախ։ Նրանք ապրում էին Իշխանաձոր գյուղում, Արարատ Սաքանյանը ծառայում էր Արցախի Պաշտպանության բանակում։ Մայրն ասում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին վերջին զանգն է ստացել որդուց։ Դրանից հետո որեւէ տեղեկություն չունեն որդու մասին՝ նրա անունը ո՛չ զոհերի ցուցակում, ո՛չ գերեվարվածների մեջ չեն գտել։ «Մեկն ասել է՝ խփել են, մեկն ասել է՝ կա, մյուսն ասում է՝ չկա, բայց վեց հոգով են եղել, վեցից միայն ինքը չի եկել, կռվել են Ջաբրայիլի հատվածում»,- ասաց նա։
Մելանյա Մադոյանի ամուսինն անհետացել է Իշխանաձորի իրենց տանից։ Երբ գյուղից կանանց ու երեխաներին հանել են, տղամարդիկ մնացել են։ Հետագայում Մելանյան իմացել է, որ իր ամուսինը գյուղում մենակ է մնացել։ «Երեխեքին տարել ենք Գորիս, հետո գնացել ենք, որ իրեն բերենք, չենք գտել։ Հոկտեմբերի 19-ին արդեն Իշխանաձորը գրաված են եղել, բայց ամսի 20-ի գիշերը ամուսինս զանգել է, ասաց՝ մեր հայ տղերքն են, թուրք չկա ըստեղ։ Ես հարցրեցի՝ հաստատ թուրքեր չկա՞ն, ասաց՝ չէ։ Հետո տղերքը մտել են գյուղ, նայել են, իր դիակը չեն գտել։ Բայց ամուսնուս ականջները կտրել են, այդ մասին փաստեր ունենք»,- պատմեց նա։
Մելանյա Մադոյանին պատկան մարմինները ոչ մի տեղեկություն չեն տալիս որդու մասին։ Մայրն ունի լուսանկար ու տեսանյութ, որտեղ պատկերված անձանցից մեկին նմանեցնում է որդուն։ «Լուրերից ենք վերցրել այս տեսանյութը, մենք իրեն նմանեցնում ենք, բայց ադրբեջանցիները չեն հաստատել։ Ոչ մի կառույցից չենք կարողանում տեղեկություն ստանալ, ասում են՝ սպասեք»,- մեզ հետ զրույցում նշեց Մելանյան։
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ սկսած 1990-ական թվականներից հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում մոտ 1000 հայ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից։ Նրանցից մոտ 300-ն անհետ կորած են համարվում 2020-2023 թվականներին։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: