Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց վիզա չտրամադրելու եւ փաստաթղթերը չընթացքավորելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր․ «070 կոդով տրված փաստաթուղթը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման շրջանակում հանդիսանում է ճափորդական փաստաթուղթ։ Սակայն նշված փաստաթղթերը, համաձայն որոշման, ՀՀ-ից դուրս գալիս եւ ՀՀ մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում, եւ դրանք կրող անձինք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ եւ Եվրոպական միության անդամ պետությունների միջեւ առկա երկկողմ, բազմակողմ իրավապայմանագրային բազան առնչվում է ՀՀ քաղաքացիներին»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր հրավիրած ասուլիսում ԱԳՆ-ի այս պատասխանը վիրավորական որակեց։ Նա նշեց, որ կոնկրետ Լեհաստանի դեսպանության պարագայում վիզաների չտրամադրման խնդրին արցախցիներն առնչվում են 2020 թվականից։ Եվ այն ժամանակ հարցը շատ հաճախ կարգավորվում էր հենց ՀՀ ԱԳՆ միջամտությամբ։
«Ի՞նչ է նշանակում, որ իրավապայմանագրային դաշտը վերաբերում է միայն Հայաստանի քաղաքացիներին։ Սա ամենաաբսուրդ հայտարարությունը կարող է լինել։ Նախ ՀՀ-ն եւ ԵՄ երկրները հանդիսանում են Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի անդամ, եւ ըստ այդմ՝ նրանց միջեւ հարաբերությունները նաեւ վերաբերում են իրենց պետությունների տարածքում գտնվող փախստականներին։ Ինչպե՞ս կարելի է ասել, որ վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին։ Եվ երկրորդ, անձանց վերցրել ես պաշտպանության ներքո եւ հիմա ասում ես, որ իմ փոխհարաբերությունները վերաբերում են միայն իմ քաղաքացիների՞ն։ Այդ պարագայում չվերցնեիր պաշտպանության ներքո, թողնեիր, որ մարդիկ գնային ու դառնային այլ պետությունում փախստական, եթե այդպես ես վերաբերվելու։ Ինչ վերաբերում է այդ վկայական կոչվածին, ես ասեմ, որ այդ վկայականը միայն պահանջում է ՀՀ սահմանապահը ՀՀ տարածքից դուրս գալիս եւ ՀՀ տարածք մտնելիս։ Որեւէ այլ պետություն այդ վկայականին ուշադրություն չի դարձնում, խոսքն արցախցիներին տրամադրված փախստականի վկայականի մասին է»,- ասաց Գեղամ Ստեփանյան։
Ըստ Ստեփանյանի՝ ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ն շրջաբերական պետք է ուղարկեր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հայտներ, որ 070 կոդով անձնագրերը համարվում են տվյալ անձանց անձը հաստատող վավեր փաստաթղթեր եւ չեն կարող խտրական վերաբերմունքի արժանանալ։ Եվ դրանով խնդիրը կլուծվեր։
Ռոզա Հովհաննիսյան