Չրագործությունն Էլինա Աղաջանյանի համար սիրելի զբաղմունք էր․ ստեփանակերտյան ամառներն առանց մրգի կտրտման չէին անցնում, իսկ աշնանն ու ձմռանը վիտամիններով հարուստ չրերն ընտանիքի սիրելի աղանդերն էր դառնում։
2020թ. 44-օրյա պատերազմը բազում ընտանիքներ ավերեց, զոհվեց Էլինայի ամուսինը՝ Արթուր Աղաջանյանը։ Արթուրն անմահացավ Հադրութում՝ հոկտեմբերի 10-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից։
Չրեր պատրաստելու ցանկությունը մարեց պատերազմից հետո։ Ցավը, տառապանքը ստեղծագործելու ուժ չէին թողել։
«2022թ․ դեկտեմբերին Էլինան եկել էր Երեւան ու երբ արդեն պիտի հետ վերադառնար՝ ճանապարհը փակվեց։ Սկսվեց շրջափակումը»,- պատմում է Ալյոնան՝ Էլինայի հարազատ քույրը։
Մի քանի ամիս հնարավոր չէր Էլինայի Արցախ վերադառնալը․ ընտանիքը հետո վերամիավորվեց, սակայն ոչ թե Ստեփանակերտում, այլ Երեւանում։
«Էլինայենց ընտանիքին աջակցում էր սփյուռքահայ մի կին՝ Զաբել Բերբերյանը, ում իր երախտիքը հայտնելու համար Էլինան իր պատրաստած չրերից էր նվիրել։ Հենց տիկին Բերբերյանն էլ Էլինային առաջարկեց իր ձեռքի աշխատանքը դիտարկել որպես բիզնես գաղափար»,- հիշում է Ալյոնան։
Երբ հնարավոր չէր ճեղքել շրջափակումը, կամ իր մեծ ընտանիքին էլ հասցնել Երեւան, Էլինան անզորությունը փարատեց՝ անցնելով իր սիրելի զբաղմունքին՝ չրագործությանը։
Հայրենի եզերք վերադառնալու, հարազատներին տեսնելու, կարոտի ու սպասման ժամերը վերածվեցին կիլոգրամներով չրեր պատրաստելուն, դա ժամանակ էր, որ շեղում էր միտքը եւ կրճատում սպասումը։
Բայց ոչ թե բացվեցին ճանապարհները, այլ Արցախի դռները փակվեցին․․․
Էլինայի ծնողներն ու քույրը եկան Երեւան եւ դաժան ամիսների ընթացքում փորձում էին սփոփանք գտնել իրենց համար։
2023թ․ Էլինան արդեն սկսել էր համացանցային հարթակում չրերի վաճառք գրանցել, սակայն 2023թ. հոկտեմբերին ստացած պատվերը շատ բան փոխեց։
«Միանգամից 300 տուփ չրի պատվեր ստացանք։ Աշխատում էինք օր ու գիշեր, եւ միայն պատվերը ժամանակին հասցնելու մասին էինք մտածում»,- վերհիշում է Ալյոնան։
Քույրերը համախմբվեցին, եւ սիրողական գործը դարձավ սեփական աշխատանքի հիմք։ Այդպես ծնվեց «Sunny Artsakh»-ը։ Ասում է՝ ինչ խոսք, Արցախի մրգերը չեն, բայց հայկական հողի, արեւի համն է, որ համեմված է արցախյան սիրով ու նվիրումով։
Այդ նվիրումի ու սիրո միջոցով ստեղծված 300 մրգային տուփերը հասան 300 արցախցիների տուն՝ դառնությունը փոքր-ինչ փարատելու։
«Դեկտեմբերին տեղի ունեցած «Վըսկէ ծերքեր» փառատոնին մասնակցեցինք, որը մեզ ճանաչում բերեց, այդ ընթացքում մի քանի խոշոր պատվեր ստացանք 2 ընկերություններից՝ ամանորյա նվերներ պատրաստելու իրենց աշխատակիցների համար»,- պատմում է Ալյոնան, ով մեծ ոգեւորությամբ այդ ընթացքում ուսումնասիրել էր չրագործության նրբություններն ու քրոջն առաջարկում էր շուկայում նորույթ համարվող մրգային չիպսերի արտադրություն սկսելը։
«Sunny Artsakh»-ն արդեն հասել է մի շարք երկրներ՝ Դանիա, ԱՄՆ, Ռուասաստանի Դաշնություն, Իսպանիա, Հոլանդիա։ Իհարկե, ուրախանում են արտասահմանյան պատվերներից, բայց ամենաշատը ոգեւորում է այն, որ իրենց ձեռքի աշխատանքը տրամադրություն կարող է փոխել, որ անվտանգ ու ցածր ջերմաստիճանի տակ, առանց շաքարի կամ արհեստական հավելումների չորացրած մրգերը հասնում են գնորդի սեղանին եւ շատ հաճախ ջերմությունը նոր ալիքով հետ է վերադառնում։
Այս օրերին աղջիկների սոցիալական էջերում հաճախ կարելի է տեսնել բազմազան մրգեր եւ հետեւել դրանց մրգային չիպս կամ չիր դառնալու ողջ ընթացքին՝ մրգի քաղից մինչեւ պատրաստի արտադրանքի փաթեթավորում։
Ժողովրդական առածն ասում է՝ ամառվա փուշը ձմեռվա նուշն է։ Հիմա լիուլի պատրաստում են չրեր ու չիպսեր։ Ունեն 16 տեսակի մրգային չիպսեր, մրգային խառնուրդներ ու հավելումներով թեյեր։
Ալյոնան ասում է, որ ամենաարագը արքայանարնջի չիպսն է սպառվում․
«Մինչեւ արքայանարինջի հասնելը դեռ մի քանի ամիս կա, բայց մեր ունեցած պաշարը արդեն մի ամիս առաջ է սպառվել»,- ասում է նա։
Աղաջանյան քույրերի խնդիրն այսօր փոքր տարածքն է, տան պայմաններում են պատրաստում չրերը, հաճախ պատրաստի տարաները զբաղեցնում են պահարանների մեծ մասը։ Երազում են մի օր ունենալ իրենց աշխատանքային տարածքը, մեծացնել արտադրանքը և ունենալ արցախցի օգնականներ՝ ապահովվելով նրանց աշխատանքով։
Որպես մխիթարանք մեկնարկած ծրագիրն այսօր հավակնում է հաջողված բիզնես դառնալ, չեն բողոքում եւ ամեն ինչ անում են, որ սեփական արտադրանքը մեծ շուկայում հայտնվի, իրենք էլ չեն տրտնջում՝ սովորում են նորամուծություններ անել ու իրենց հոգու ջերմությունը չրերի տեսքով հասցնել չրի սիրահարներին՝ արեւի ու արցախյան հոգու համը փոխանցելով։
Բրենդի սոցիալական էջերի հղումները՝
https://www.facebook.com/sunnyartsakh.am
https://www.instagram.com/sunny_artsakh/
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: