Արցախցի սպաները Հայաստանում․ “Միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից”

  • 23:35 30.08.2024

Հայաստանի կառավարությունը չի սահմանափակում, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ներգրավվեն Հայաստանի զինված ուժերում, բայց առաջացնում է արհեստական խոչընդոտներ։ Այս մասին Արցախի ՊԲ եւ այլ ուժային կառույցների նախկին ծառայողներին Հայաստանի անվտանգային համակարգում ինտեգրելու թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը։

Նա նշեց, որ խոչընդոտներից մեկը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահաջն է։ Մարդկանց մի մասը սկզբունքից ելնելով՝ չեն ուզում փոխել իրենց անձնագրերը, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացու 070 կոդով անձնագիրը փոխեն եւ մեկ այլ՝ 099 կոդով անձնագիր ստանան։

Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի Զինված ուժերում առաջարկվող աշխատավարձերը ցածր են, իսկ արցախցիներն ունեն սոցիալական ու բնակարանային խնդիրներ։ Բացի դա, Արցախի կորստից հետո մարդիկ մոտիվացված չեն, բարոյահոգեբանական վատ վիճակում են եւ չեն ուզում ծառայել։ Այս խնդիրների համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը անհատական մոտեցում չի ցուցաբերում այս մարդկանց։ Այն ներուժը, որը եղել է Արցախի ՊԲ-ում, չի գնահատվում այսօր։ Շատ մասնագետներ են փաստում, որ Արցախի ՊԲ-ում ավելի պատրաստված զինվորականներ են եղել, քան Հայաստանում։

«Ես մեկ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի, որ մարդկանց անհատական մոտեցում չի ցուցաբերվում․ մեր փոխգնդապետներից մեկն արդեն 9-10 ամիս է՝ սպասում է, որ իրեն աշխատանքի ընդունեն։ Շատ լավ մասնագետ է, նման մասնագետներ դժվար է գտնել, ՊՆ-ում փաստաթղթերը ստուգել են, հարցազրույց են անցկացրել, աշխատավարձի չափն էլ են ասել, բայց մարդուն չեն կանչում ծառայության։ Եվ հարցն այն է, որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ իրեն չեն կանչում։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունները սա դիտավորյա՞լ են անում, միգուցե բյուրոկրատիայի հետեւանք է, միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից»,- ասաց Էդուարդ Առաքելյանը։

Բանախոսը նշեց, որ Հայաստանի ԱԱԾ-ում ավելի դժվար է ընթանում արցախցիներին աշխատանքի ընդունելու գործընթացը՝ չնայած Հայաստանի Ազգային ժողովն օրենք էր ընդունել այդ մասին։

Արցախի պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի խոսքով՝ արցախցի զինծառայողներին Հայաստանի զինված ուժերում ներգրավելու ուղղությամբ չկա մոտիվացիա։ Այդ աշխատանքը պետք է կատարեր իշխանությունը, բայց չի անում։ «Եթե ավագ սպային առաջարկում են բանվոր-ծառայողի հաստիք, այն էլ 120 հազար դրամ աշխատավարձով, դա աբսուրդ է, լուրջ չէ։ Չկա մոտիվացիա եւ արժեքի գնահատում»,- ասաց Սահակյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ տարիներ շարունակ զինվորական ծառայությանն ու երկրի պաշտպանությանը նվիրված մարդիկ խոցելի են, ավելի դժվարությամբ են ինտեգրվում քաղաքացիական կյանքին։

Ռոզա Հովհաննիսյան