-Չգիտեմ՝ ինչպես եմ 11 ամիս առանց զավակներիս ապրում․ զարմանում եմ, որ չեմ խելագարվում։ Մտածում եմ՝ ապրելուս իմաստը որն է, ինչպե՞ս կարող է մայրը երկու որդիներին միանգամից կորցնել ու շարունակել ապրել։ Հետո հասկանում եմ․ չէ՞ որ պետք եմ նրանց երեխաներին,- չի կարողանում զսպել լացը Նաթելլա Մուսայելյանը, որի տղաները զոհ են դարձել 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունին։
Նաթելլան Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից է։ Ամբողջ կյանքում համագյուղացիների առաջին բուժօգնություն ցուցաբերողն էր․ տասնամյակներ շարունակ Խնձրիստանի բուժկետի վարիչն էր և անձնվիրաբար էր իրականացնում իր առաքելությունը։ Գիշեր, թե ցերեկ նա յուրաքանչյուրի կողքին էր՝ պատրաստ առաջին օգնությունը ցուցաբերելու։ Նրան երբեք չէր խանգարում իր առողջական բարդ վիճակը․ տառապում է կոքսարթրոզ հիվանդությամբ։ Խնձրիստանցիները լավ գիտեին․ ինչ էլ լինի, Նատան միշտ կհասնի․․․ Բոլորին հասավ, բայց իր երեխաներին հասնել չկարողացավ․․․
-Կորցրի և՛ հայրենիքս, և՛ տղաներիս։ Սեպտեմբերի 25-ին գյուղում էինք։ Տղաներս՝ Վահանն ու Կարենը, գնացել էին վառելիք ձեռք բերելու։ Լսել էինք, որ Ստեփանակերտի մոտակայքում վառելիք են բաժանում։ Մարդիկ խուճապահար էին, յուրաքանչյուրն աշխատում էր ժամ առաջ դուրս գալ վտանգված Արցախից ու փրկվել։ Ինչքան էլ դաժան, բայց դա էր իրականությունը․ Արցախը հայաթափվում էր։
Հանկարծ գույժը հասավ գյուղ․ խոշոր պայթյուն է եղել, զոհերի թիվն անհամար է։ Այդ պահին հողը սկսեց փախչել ոտքերիս տակից, սիրտս կանգ էր առնում։ Չգիտեի՝ ինչ անել, տեղատարափ անձրևն ավելի էր մեծացնում խուճապը։ Մեր բարեկամներից մեկի մեքենայով հասանք Ստեփանակերտ՝ գյուղում թողնելով տղայիս մեքենան, որի մեջ նախօրոք տեղավորել էինք մեր անհրաժեշտ իրերը։ Ամեն ինչ թողեցինք և ընդամենը փաստաթղթերը վերցնելով՝ դուրս եկանք գյուղից։ Հարսներիս հետ 5 օր շարունակ փնտրում էինք տղաներիս, շրջում բոլոր հիվանդանոցներով։ Նրանց անունները չկային ո՛չ զոհվածների և ոչ էլ վիրավորների ցուցակներում։
Սեպտեմբերի 29-ին մեզ ասացին՝ Արցախում մնալը վտանգավոր է, տղաներին պետք է փնտրել Հայաստանում։ Հաջորդ օրը վերջին ավտոբուսով դուրս եկանք Արցախից։ Բառերով չեմ կարող նկարագրել այն իրավիճակը, որ տիրում էր ողջ ճանապարհին։ Բոլորի համար էր ծանր դժոխային այդ ճանապարհը։ Հայրենիքը մնում էր հետևում, սակայն, երբ դրան գումարվում է մարդկային կյանքերի կորուստը, ապա ցավը դառնում է անասելի ծանր։
Երբ հասանք Երևան, նորից սկսեցինք փնտրել տղաներիս։ Սրտի դողով նույնականացման համար ԴՆԹ հետազոտության թեստ հանձնեցի, հոգուս խորքում հույս ունենալով, որ այն բացասական կլինի, և տղաներս հրաշքով ողջ կլինեն։ Ախր մենակ ու մեծ դժվարությամբ էի երեխաներիս մեծացրել, մի՞թե Աստված չի խղճա ինձ․․․Սակայն հրաշք տեղի չունեցավ․ նոյեմբերի 10-ին մեզ տեղեկացրին, որ պարզվել է երեխաներիս ինքնությունը։
2 օր հետո կազմակերպեցինք որդիներիս հուղարկավորությունը։ Աշխարհում չկա ավելի մեծ ցավ, քան մոր ձեռքերով երեխաներին հողին հանձնելու դաժան ցավը։ Ոչ մեկին չեմ ցանկանում այդպիսի ճակատագիր։ Թող ոչ մի մայր այլևս արցունք չտեսնի,-ասում է տիկին Նաթելլան։
Որդեկորույս մայրը աշխատում է դիմանալ բոլոր ցավերին։ Զավակների ու Հայրենիքի կորստին ավելացել է նաև ֆիզիկական ցավը։ 4-րդ աստիճանի կոքսարթրոզ հիվանդությամբ տառապող Նաթելլան օրերս ծանր վիրահատություն է տարել։ Այլևս հնարավոր չէր սպասել, հիվանդությունը տանջում էր նրան։ Միաժամանակ, չէր ցանկանում հարսների համար ծանրություն դառնալ՝ մնալով հաշմանդամության սայլակին։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ կկարողանա՞ արդյոք լրիվությամբ վերականգնվել՝ գիտի միայն Աստված։
-Շատ ծանր վիրահատություն տարա, չգիտեմ՝ ինչ ընթացք կստանա, սակայն մի բան գիտեմ՝ ես պետք եմ թոռնիկներիս։ Վահանիս երկրորդ երեխան ծնվել է հոր մահից հետո՝ ապրիլին։ Այս բարդ ու դաժան աշխարհից անտեղյակ Էմիլի թոռնիկս ընդամենը 4 ամսական է։ Հանուն նրա ու մյուս թոռնիկներիս՝ Նատալիի և Արթուրի, պետք է ուժ հավաքեմ, որ կարողանամ հարսներիս կողքին լինել, որոնք ինձ համար ոչ թե հարսներ են, այլ հարազատ դուստրեր են դարձել։ Սիրտս մղկտում է, որ նրանք այրիացել են այդքան երիտասարդ տարիքում ու պետք է մենակ մեծացնեն երեխաներին։ Ո՛չ, ես չեմ կարող հուսախաբ անել իմ զավակներին։ Վահանս ու Կարենս երկնքից նայում են։ Նրանք գիտեն, որ իրենց մայրը դեռ առաքելություն ունի անելու,- արտասվում է որդեկորույս մայրը․․․
Նաթելլա Մուսայելյանը, որ տարիներ շարունակ հայրենի Խնձրիստանի բնակչության առաջին օգնությունն էր, այսօր ինքն է զգում օգնության կարիք։ Բարդ վիրահատությունից հետո ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել առանց տղամարդու ուժի մնացած նրա ընտանիքը։ Ո՞վ գիտի, գուցե կգնտնվեն մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: