Արցախի Ասկերան քաղաքի բնակիչ, բոլորիս քաջածանոթ Վազգեն Հայրապետյանը ավելի քան 35 տարի զբաղվում է նույն գործով ու երբեք չի հոգնում․ ավելին՝ օրեցօր ավելի է սիրում իր գործը և աշխատանքի մեջ է կտրվում ցավոտ մտքերից, որոնք այսօր պարուրել է ողջ արցախահայությանը։ Թվում է՝ կատարում է պարզ աշխատանք, սակայն այդ գործը մեծ վարպետություն է պահանջում և ունի իր գաղտնիքները։
“Դզող-փչող” Վազգենն Ասկերանում ուներ ավտոսպասարկման իր արհեստանոցը, որի դռները երբեք չէին փակվում․ վերանորոգման ենթակա մեքենաների հոսքն անդադար էր։ Աշխատանքները կատարում էր կարճ ժամկետում՝ արագ և որակով։ Ինչպես վարորդներն էին ասում՝ կատարած աշխատանքի դիմաց խղճով էր գումար վերցնում։
Արցախից տեղահանվելուց հետո վարպետ Վազգենը Երևանի Չարբախ կոչվող տեղամասում վարձակալած արհեստանոցում է աշխատում մի խումբ արցախցի երիտասարդ վարպետների հետ։ Տարիքով ավագը երիտասարդներին ուղեցույց է և լավ խորհրդատու։
-Երբ եկանք Երևան, հասկացա, որ պետք զբաղվեմ իմ գործով, այլապես կընկնեի ծանր հոգեբանական ապրումների մեջ։ Հիմնականում շփվում եմ արցախցիների հետ, և թվում է՝ մի փոքր մեղմանում է ցավը, սակայն չի անցնում։ Մենք կորցրինք մեր երկիրը, մեր բոլոր արժեքները, հարազատների շիրիմները։ Տղա՝ներին եմ ափսոսում, որ արյուն թափեցին, ամենաթանկը կորցրին, իսկ մենք Արցախը պահել չկարողացանք։ 4 պատերազմ տեսավ արցախցին, դիմադրեց ու պատրաստ էր ամեն մի անձնազոհության, միայն թե Արցախը լիներ, ու ինքն այնտեղ ապրեր։ Անգամ լիակատար շրջափակումը չկոտրեց մեր ժողովրդին։
Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ մեզ համար։ Կրկին զոհեր տվեցինք, իսկ սեպտեմբերի 25-ը բազմապատկեց նրանց թիվը։ Ինչպե՞ս հաշտվել իրականության հետ, ինչպե՞ս նայել զոհվածների հարազատների աչքերին,- կիսվում է Վազգենը, ով անցել է Արցախյան պատերազմներով, իսկ վերջին ժամանակաշրջանում անդամակցում էր ԱՀ աշխարհազորին։ Սեպտեմբերի 19-ին աշխարհազորայինների հետ նա դիրքերում էր։
Երևանում արցախցիների արհեստանոցը միշտ ակտիվ եռուզերի մեջ է։ Բանիմաց վարպետը՝ իրենից ոչ պակաս հմուտ տղաների հետ, թափք է վերանորոգում, ներկում, լաքապատում, փայլեցնում։ Նա ցանկանում է, որ արցախցի վարպետների աշխատանքներն անթերի լինեն։ Իրար հետ զրուցելով՝ գործ են անում, Արցախը հիշում։ Արհեստանոցը հավաքատեղի էր ասկերանցի տղաների համար, որոնք ճակատագրի բերումով են ողջ մնացել։ Պատերազմներով անցած, մահվանն առերեսված տղաները չեն կարողանում կտրվել անցյալից, հաշտվել իրականության հետ։ Մինչև վերջին օրը դիրքերում էին։
-90-ականներին կարողացանք հաղթել թշնամուն, Արցախի անկախություն հռչակել և դնել պետականության հիմքերը, որովհետև միասնական էինք, ունեինք մեկ գաղափար ու հաղթական ոգի։ Ցավոք, ամեն ինչ կորավ, սակայն տարբեր ժամանակահատվածներում իրադարձություններ են փոխվում, և կարծում եմ՝ մեր վերադարձն Արցախ անպայման լինելու է։ Այդ հարցում բոլորս ունենք մեր անելիքը։ Մենք չենք կարող ապրել առանց մեր հող ու ջրի։ Ես իմ մինուճար դստեր համար լավ կյանք էի երազում Արցախում։ Իմ ընտանիքը՝ արցախցի բոլոր ընտանիքների նման, երջանիկ էր այնտեղ,- տուն վերադառնալու հավատը չի կորցնում զրուցակիցս։
Միաժամանակ, նա մտահոգվում է, որ ասկերանցիներն ապաստանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, հնարավորություն չունեն իրար հետ հաճախակի շփվելու, ինչը կօգներ միասին դիմակայելու այս ծանր փորձությանը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: